Ապուշացել էի, թե էկրաններից երևացող լավ ու դրական, բարի ու կարեկցող, միշտ լավ սանրվածքով ու կոստյումներով Արչին իրականում ինչ հրեշ կարող է լինել: Նայում էի ու քարանում՝ իրական և էկրանների հակառակ կողմից երևացող այդ երկու տարբեր մարդկանց հակասություններից:
Եկեք սկսեմ սկզբից: Տոներից առաջ բախտ ունեցա մասնակցելու «Կիսաբաց լուսամուտներ» հեռուստաշոուին: Որպես հանդիսատես, իհարկե: Վատ չէր. գնում-նստում ես էնտեղ մի քանի ժամ ու քեզ դրա համար վճարում են: Հրաչին շատ էի ուզում մոտիկից տեսնել: Նա աստղ է, չէ՞: Նկարվել հետը չստացվեց. շատ զբաղված տեսք ուներ ու քաշվեցի մոտենալ: Մտածեցի հաղորդումից հետո կմոտենամ, էն էլ նա հեռացավ տաղավարից ու փակվեց իր գրիմյորկայում: Բայց սրա մասին չեմ ուզում պատմել, այլ նրա, թե Արչին ինչպես էր վարվում մարդկանց հետ կադրից դուրս: Նա նույնչափ ագրեսիվ էր թե՛ հյուրերի, թե՛ հաղորդումը սպասարկող անձնակազմի նկատմամբ: Գոռգոռում էր տաղավար եկած պատմության խեղճ հերոսների վրա, որոնք առանց այդ էլ ճնշված էին: Ընդհատում էր, արհամարհում, չնչին բաների համար զայրանում նրանց վրա: Խեղճ մարդիկ իրենց չգիտեմ՝ ինչ էին զգում: Տեսնեիք, միայն թե ոնց էին խեղճանում սրա գոռգոռոցներից: Իսկ ինչո՞ւմ էին նրանք մեղադրվում: Մի կին ցածր ձայն ուներ ու ցածր էր խոսում: Հրաչը խեղճի վրա էնպես գոռաց, որը նա պապանձվեց: Ամուսինը չգիտեր՝ ինչ աներ: Երևում էր՝ պատվի մարդ է, բայց ի՞նչ աներ: Եկել են գյուղից, անմիջապես առաջատար հեռուստաշոուի են մասնակցում, ու քաղքենի հաղորդավարը նրանց հետ վարվում է՝ ինչպես կամենա: Իսկ հենց միանում էին տեսախցիկները, Արչին սիրուն գնում-նստում էր հերոսների կողքին ու դեմքի լալահառաչ ու կարեկցող արտահայտությամբ սկսում էր լսել նրանց ու տանել նրանց ցավը:
Զզվելի շոու էր Հրաչի բեմադրածը: Այդ կարեկցող ու մարդկանց օգնող կերպարը կեղծիք է: Իրականում նա վատ դերասան չի ու հրաշալի ձևով կոծկում է իր վատ մարդ լինելը: Բա տեսնեիք, թե ինչպես էր ողջ կոկորդով գոռում ու վիրավորում այն աշխատակիցներին, ովքեր ինչ-որ սխալ էին համարձակվում անել: Էդպիսի արհամարհանք ոչ մի տեղ չէի տեսել ու, որ կտեսնեմ Հրաչից, ում ողջ ընտանիքով համակրում ենք, չէի սպասում: Հրաչին խնդրում եմ ասեք, որ իր հաղորդումներին եկողները նույնպես մարդիկ են, ու պետք չէ նրանց ստորացնել, արհամարհել ու նեղը գցել: