Արդեն հասցրել էի անդրադառնալ Շանթի նախագծերից այս մեկին՝ հույս հայտնելով, որ հետագա ծրագրերն ավելի լավը կլինեն, բայց... Ըստ իս, այս նախագիծը ուղղված է հիմնականում սերիալային կուռքերով տարված, odnoklassniki.ru-ում մառազմատիկ նկարներ ու կարգավիճակներ տեղադրող անչափահաս սերնդին: Առավելապես դպրոցահասակ մասնակիցները զուրկ են հումորի տարրական զգացումից, չկա ստեղծարար մտածողություն, կարդում են հիմնականում դարն անցած անեկդոտներ՝ երբեմն անցնելով թույլատրելիի սահմանը, դե ինտելեկտի մասին խոսելն ավելորդ եմ համարում: Իսկ ավագ սերնդի մասնակիցներից ոմանց տանիքը տեղում չի, կներեք, իհարկե, անկեղծությանս համար...
Ըստ իս այս՝ դեռևս չստացված նախագծի ձախողման պատճառները մի քանիսն են:
Նախ և առաջ, երբ համեմատում ենք ռուսական և ուկրաինական նույնանման նախագծերի հետ, ապա շահումային ֆոնդը ծիծաղելիորեն քիչ է: Ուկրաինական "Рассмеши комика" նախագծում, օրինակ, առաջին փուլում կարելի է շահել 1000 UAH, որը մոտավորապես հավասար է 100 EURO, մեզ մոտ ընդամենը 5000 դրամ՝ 10 եվրո, տասն անգամ քիչ, հետևաբար՝ նույնքան քիչ հումոր ու պրոֆեսիոնալիզմ: Կարծում եմ՝ հենց այս է պատճառը, որ բազմաթիվ տաղանդավոր ու ՈՐԱԿՈՎ մարդիկ, ովքեր իրականում կարող են ներկայացնել սեփական "արտադրության" բարձրակարգ հումոր, չեն ցանկանում նման գումարների դիմաց իրենց "ծանր տեղը թեթևացնել", ուղղակիորեն անտեսում են այս շոուն՝ դաշտը թողնելով ինտերնետից քաշած հումոր անող երեխաներին, ովքեր աշխատում են կյանքում առաջին գումարը, թեկուզ 5000 դրամ, թեկուզ բազմահազար հեռուստադիտողի նյարդերի հաշվին:
Դե, բնականաբար, կազմակերպիչներն էլ, այլընտրանքի բացակայության պայմաններում, արտադրանք տալու համար ստիպված են գոհանալ այս հումքով:
Հիմա կասեք՝ ինչի՞ եմ նայում: Նայում եմ՝ հուսալով, որ մի օր մի նորմալ "իսան" կտեսնեմ, մի իրական տաղանդավոր հումորիստի, ով կստիպի ծիծաղել ոչ միայն ժյուրիին, այլև՝ ինձ ու մյուսներին: Եվ մի բան էլ, հեռուստատեսությունը համարվում է հասարակական սպառման արտադրող, հետևաբար թո՛ղ պատասխան տան իրենց արտադրանքի "բռակների" համար իմ՝ սպառողիս առջև:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/yasha.solomonyan/posts/381867978535984
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել