Aysor.am-ը գրում է.
Տոնական օրերը Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում համեմատաբար խաղաղ են անցել: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասացին Չինարի, Այգեպար և Բերքաբեր գյուղերի գյուղապետերը.
«Զարմանալի էր, որ այս անգամ թշնամին սուս մնաց, թողեց տոնական օրերը խաղաղ անցնեն»,- ասաց Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը, ավելացնելով, որ դեկտեմբերի 31-ին գյուղում անգամ փոքրիկ հրավառություն են արել.
«Տոնական օրերը լավ անցան: Դեկտեմբերի 31-ին հավաքվեցին գյուղի կենտրոնում, այցելեցինք մեր ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշաքարին: Երեխաները հրավառություն արեցեին: Լավ էր»,- ասաց Սամվել Սաղոյանը, հույս հայտնելով, որ ամբողջ տարին էլ խաղաղ կանցնի:
Այգեպարի գյուղապետի խոսքով՝ իրենց գյուղի ուղղությամբ էլ կրակոցներ չեն եղել.
«Եթե անգամ եղել է մեկ-երկու կրակոց, ասեմ, որ մենք դրանք չենք էլ նկատել, որովհետև մեր երեխաներն այնքան ուրախ ու ոգևորված խլապուշկա ու սալյուտ էին պայթացնում, որ կրակոցը՝ հեչ»,- ասաց Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանը:
Aysor.am-ը զրուցեց նաև Բերքաբերի գյուղապետ Արթուր Մադաթյանի հետ: Հիշեցնենք, որ այս գյուղը թշնամու դիրքերից բաժանված է միայն Ջողազի ջրամբարով:
«Եղել են կրակոցներ, բայց հիմնականում ջրամբարի կողմերում, անասունների վրա»,- ասաց Արթուր Մադաթյանն ու ավելացրեց.
«Կրակոցներից բացի մեր գյուղը մեկ այլ մեծ խնդիր ունի՝ խմելու ջուրը, որ չկա մինչ այսօր: Ամբողջ գյուղում մի ծորակից են ջուր լցնում: Քիչ առաջ էլի ջրի կռիվ էր: Ասեք՝ հիմա ես հողի կռիվ տամ, թե՞ ջրի»,- ասաց Բերքաբերի գյուղապետը՝ ընդգծելով.
«Այս տարի մի ամբողջ սահմանամերձ գյուղի երազանքը մեկն է՝ խմելու ջուր ունենալ»:



