Այն, որ բարոյականությունը առաջին հերթին ներքին հոգևոր հատկանիշ է, որն ամրապնդվում է ֆիզիկական բարոյականությամբ, դա իմ խորին համոզմունքն է: Այն, որ երկրում տիրող հոգևոր բարոյական չափանիշներից է սկսվում ցանկացած ազգի բարոյահոգեբանական դիմագիծ, դա նույնպես ինձ համար խորին համոզմունքն է...Եվ, բնականաբար, մտահոգ լինելով անչափահասների և մինչև որոշակի գիտակցական տարիքի հասած մարդկանց բարոյական դաստիարակությամբ, չեմ կարող անտարբեր լինել մի երևույթի նկատմամբ, որ վերջերս մեծ արագությամբ տեղ է գտել Facebook.com սոցիալական ցանցում: Հարգելի հասարակական, քաղաքական գործիչներ, սիրելի երիտասարդներ, եթե դուք իսկապես մտահոգ եք, որ ՌԴ-ից կամ Եվրոպայից մեր երկիր չթափանցեն այդպիսի հակաբարոյական երևույթներ, ապա այնքան գիտակցություն և հասկացողություն պետք է ունենաք, որ հասկանաք, որ նմանատիպ երևույթներ ֆեյսբուքում տեղադրելով և քննադատության ենթարկելով, դուք ոչ թե կանխում եք այդ անբարոյականը, այլ, ընդհակառակը, ևս մեկ անգամ տարածում այն: Այսօր այս սոցիալական ցանցը դարձել է մեր հայ երիտասարդության և հայ հասարակության մի լայն զանգվածի ամենօրյա ինֆորմացիայի աղբյուրը և անգամ հեռուստատեսությունը իր տեղը զիջել է այս սոցցանցին, ուստի նմանատիպ տեսանյութեր տարածելով, եթե անգամ դրա տակ քննադատական խոսքեր եք տեղադրում, դուք կանգնում եք ՀՀ քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածի պատասխանատվության առջև՝ այն է պոռնկագրական նյութեր և առարկաներ տարածելը: Համաձայն այդ հոդվածի՝ պոռնկագրական նյութեր կամ առարկաներ, այդ թվում, տպագիր հրատարակություններ, կինոյի և տեսաֆիլմերի նյութեր, պատկերներ կամ պոռնկագրական բնույթի այլ առարկաներ տարածելը, գովազդելը, իրացնելը պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև չորսհարյուրապատիկի չափով կամ կալանքով առավելագույնը 2 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ առավելագույնը 2 տարի ժամկետով: Ասեմ ավելին, եթե ես կրկին որևէ մեկի կողմից տեսա նմանատիպ կադրերի տեղադրում այս սոցցանցում, կվիրավորեմ ամենավերջին բառերով: Ցանկացած ոք, ով չի հասկանում, թե ինչ ինֆորմացիոն գործիք է դարձել այսօր ֆեյսբուքը, ուրեմն ապուշ է: Եթե իսկապես ուզում եք երկրում բարոյական չափանիշներ սերմանել, ուրեմն տարածեք այնպիսի նյութեր, որոնք արժեհամակարգեր են ձևավորում, խոսեք սիրո մասին, խոսեք մարդկային ազնիվ հարաբերությունների մասին, խոսեք հայրենիքի նկատմամբ յուրաքանչյուրիս ունեցած պարտքի մասին և ոչ թե ՄՄ կամ ԵՄ-ն քննադատեք՝ նման տեսանյութեր տարածելով:
Այս ամենը ինձ ստիպում է, որ այս տարի ամենայն լրջությամբ զբաղվեմ այն օրինագծի մշակմամբ և ԱԺ ներկայացմամբ, համաձայն որի Facebook.com սոցիալական ցանցում զետեղված նյութերի վրա նույնպես կտարածվեն ՀՀ բոլոր օրենքները և հատկապես ՀՀ քրեական օրենքները:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ani.zakharyan.9/posts/218305811686363?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել