...Ինչպե՞ս կարելի է Պարույր Սեվակի գերեզմանի առաջ չհավատալ հոգու անմահությանը…
…Պարույր Սեվակի ծնունդը` մեր կյանքի, մեր մշակույթի, մեր ներկայի ու մեր ապագայի համար եղավ ճշմարտապես մի «Եղիցի լույս»...
...Պարույր Սեվակն այնպիսիններից եղավ , որ պիտի ապրի այնքան ժամանակ, ինչքան ժամանակ պիտի ապրի հայ ժողովուրդը, իսկ հայ ժողովուրդը անմահներից մեկն է աշխարհում...
ՎԱԶԳԵՆ ԱՌԱՋԻՆ
Ժողովուրդը քեզ ծնեց մաքառման գնով, ծնեց ժամանակին, որպեսզի քո միջոցով երգեր իր ցավն ու ուրախությունը: Այդպիսի անհատներ ժողովուրդը հեշտությամբ չի ծնում և չի կարող հեշտությամբ բաժանվել նրանից: ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ
Նա կյանքից մի բան էր պահանջում: Պահանջում էր, որ ամեն ինչ լինի միանգամից: Եվ միանգամից եղավ: Բանաստեղծ դարձավ միանգամից, ճանաչվեց միանգամից, բոլոր կոչումներն ու դափնիներն ստացավ միանգամից: Այնքան դանդաղ, դժվարությամբ շինած իր տունն էլ քանդեց միանգամից: Մեր նորագույն բանաստեղծության մայր գերանն էլ կոտրվեց միանգամից, ու մայր սյունն էլ ծալվեց միանգամից...
Մեր սերնդի բանաստեղծների մեջ ամենից կրտսերն էր նա, բայց ավագագույնն էր վաստակի ու հանճարի առումով:
Աշխարհում լավ բանաստեղծները քիչ չեն, բայց քիչ է թիվն այն բանաստեղծների, ովքեր նոր ակոս են բացում գրականության մեջ և դառնում ժամանակի գեղագիտական մտքի օրենսդիներ: Պարույր Սեվակը ընդլայնեց մեր ժողովրդի հոգևոր սահմանները, դուրս բերեց 30 հազար քառ. կմ. տարածությունից և այն դիտեց դարի ու ժամանակի բարձունքներից: Եվ մենք, որ Սեվակի ժամանակիցներն ու հետնորդներն ենք միաժամանակ, այլևս իրավունք չունենք «ատոմային էներգիայի դարում կրակ ստանալ… շփումով»:
Պարույրի թողածը անգնահատելի է ու շատ, բայց տարավ իր հետ անհամեմատ ավելին: Նա ուներ ասելիք, լի էր ամենով: Պարույրը ժողովրդի ծնունդն էր, նրա հոգու պահանջը, նրա հույզերի երգիչը: Պարույրը քաղաքացի էր, ինտերնացիոնալիստ, մեծ հայ: Հավատում եմ, որ ամեն հայ և օտարազգի նրա պոեզիայի մեջ իր սրտիշ իր հույզերի լարը կգտնի:
...Ի՞նչ պատահեց քեզ և ինչո՞ւ հանկարծ «Կենսագրական խենթ» խաղ խաղացիր, վեր կացար, թողիր մեզ ու գնացիր: Գնացիր, տարար, թողածդ քիչ չէր, բայց ո՞վ գիտե տարածդ ի՛նչ էր...



