1in.am-ը գրում է.

Եզդիների համաշխարհային խորհրդի նախագահ Ազիզ Թամոյանն«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով անասունների անցյալ տարվա վաճառքին՝ նշեց, որ իրենց անասունները հիմնականում արտահանվել են Իրան, մնացածն իրացվել է տեղական շուկայում: 

Նրա հավաստմամբ՝ վերջին շրջանում նվազել է համայնքի ոչխարների գլխաքանակը, որովհետև անասնակերն անորակ է, արոտավայրերը՝ հեռու, իսկ կառավարությունը կոնկրետ քայլեր չի ձեռնարկում. «Ես չեմ ուզում քննադատել կառավարությանը, ուզում եմ օգնել, բազմաթիվ անգամ հարց եմ բարձրացրել, որ պետք է բարձրացնել անասունների կաթնատվությունը, բարելավել ցեղատեսակը»:

Նա տեղեկացրեց, որ գյուղնախարար Սերգո Կարապետյանի հետ հանդիպմանն առաջարկել է, որ Երևան քաղաքի շրջակայքում բացվի անասնաշուկա, որպեսզի մարդիկ կարողանան մոտիկ տեղերից անասուն գնել, դրա համար չհասնել գյուղեր: 

Նրա առաջարկների ցանկում է անասունների ապահովագրությունը, ինչի արդյունքում հնարավոր կլինի փոխհատուցել հիվանդ կամ սատկած անասունի համար: Նրա խոսքով՝ պետք է բարելավել նաև արոտավայրեր տանող ճանապարհները. «Որոշումները մնում են թղթի վրա, իսկ ճանապարհները՝ սարսափելի վիճակում: Այս ճանապարհներին ոչխարները քչանում են, հնարավոր չէ ամեն օր այդ ճանապարհն անցնել»:

Մեր այն հարցին, թե Մաքսային միությանն անդամակցելու դեպքում համայնքում անասնապահությունը կբարելավվի՞, պրն Թամոյանը պատասխանեց. «Կազմակերպող է պետք, միայն թղթի վրա գրելով հարցը չի լուծվի: Դրանք քաղաքական խնդիրներ են, մենք ազգային փոքրամասնություն ենք, մենք կշահենք, ի՞նչ պիտի վնասվենք»: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել