Հարգելի լրագրողներ, լրատվական գործակալությունների ղեկավարներ:
Զբոսաշրջության ոլորտի հարգելի գործընկերներ:
Սիրելի քաղաքացիներ:
Տարբեր առիթներով մամուլում, էլեկտրոնային լրատվամիջոցներով, ճանապարհների վիճակին վերաբերող պաշտոնական հաղորդագրություններում, զբոսաշրջային գրքույկներում և տեղեկատվական նյութերում հաճախակի գործածվում է «Սելիմ» անվանումը, երբ խոսքը վերաբերում է ճանապարհային լեռնանցքին, քարավանատանը և այլն: Պատմաբանների հետ խորհրդակցելուց հետո պարզ է դարձել, որ Սելիմը ոչ թե տեղանուն է, այլ անձնանուն: Այդ օտար բարբարոսը մեր տարածաշրջանում հայտնի է եղել միայն իր չարագործություններով ու ավերածություններով: Նա արժանի չէ, որ մեր գեղատեսիլ վայրերն ու պատմական հուշարձանները կապենք իր անվան հետ: Ուզում եմ բոլորի տեղեկացնել, որ պաշտոնապես աշխարհագրական տեղաններում կատարվել են համապատասխան փոփոխություններ, և «Սելիմի լեռնանցքն» այսուհետ կոչվում է «Վարդենյաց լեռնանցք», իսկ «Սելիմի քարավանատունը»` «Օրբելյանների քարավանատուն»: Խնդրում եմ այսուհետ գործածել պաշտոնական և հայեցի հասկացությունները` աշխարհագրական և պատմական այդ վայրերը հիշատակելիս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել