Esem.am-ը գրում է.

Բոլորս էլ մեր կյանքում ունեցել ենք ուխտ կամ նպատակ, որին ձգտել ենք ամեն կերպ հասնել: Մեկիս համար կյանքի նպատակ են հարստությունն ու փառքը, մյուսի համար` լավ աշխատանքն ու ընտանիքը: Մեր մեծերը մեզանից տարբերվել են անգամ իրենց նպատակներուվ: Նրանք իրենց մեծության բարձունքից ուխտել են համամարդկային արժեքներ`շատ հաճախ մոռանալով սեփական անձն ու խնդիրները:

Տեսնենք, թե ինչի մասին էին երազում նրանք և ինչպես էին փորձում հասնել իրենց երազանքին:

 

 

Գաբրիել Սունդուկյան

Շատ յուրօրինակ ուխտ և նպատակ է ունեցել Գաբրիել Սունդուկյանը: Հետաքրքիր է, որ բոլորիս այդքան ծիծաղ և ժպիտ պարգևած գրողը մի շատ տխուր ուխտ է ունեցել: 1911թ. նա գրել է մի նամակ երկտող, որը խնդրել է տպագրել իր մահվանից անմիջապես հետո և թույլ է տվել մյուս թերթերին ևս ցանկության դեպքում այն տպագրել: Այդ նամակում նա գրել է իր կյանքի իղձն ու նպատակը. հուղարկավորվել Պեպոների ձեռքով և թաղվել պարզորեն մի քահանայի, նրա օգնականի` տիրացուի, հոգևոր արարողությամբ:

«Մահարձան չդրվի վրաս, այլ մի սև քար, իսկ եթե ցանկանաք հուշարձան դնել, ապա դրվի ոչ թե իմ, այլ Պեպոյի վրա: Այդպիսի հուշաարձանը պիտի ներկայացնե Պեպոյին`  կանգնած, գդակը` ծածկած, մի ձեռքին` Արութինի, Զիմզիմովի «բարութը»,- գրել է Սունդուկյանը` շարունակելով,- մնաք բարով, իմ սիրելի մարդիկ, ինչ ասկի, ցիղի ու հավատի էլ ըլիք, մնաք բարով…»:

 

 

Մուրացան

Ողջ կյանքում համեստությամբ և ամաչկոտությամբ աչքի ընկած Մուրացանը նույնքան համեստ չէր իր նպատակների և ցանկությունների մեջ: Պատմավեպերի վարպետը, չնայած, իր թաքչող բնավորությանը, տակավին երիտասարդ ուխտել էր անձնուրացությամբ ծառայել հասարակաց բարիքին և արել այն, ինչ կարող էր: Նա ուխտել էր խմել Գեղամա ծովակի ջրից. դա նրա աշակերտական ուխտն էր, որի մասին հայտնել էր Հայաստանի աշխարհագրության դասի ժամանակ:

«Սա մի անմեղ, գուցե տղայական ուխտ էր, բայց այս ուխտը հիշելով և մեր գործերը դիտելով ես ամաչում եմ. չէ՞ որ այս ուխտի հետ մեկտեղ մենք շատ այլ ուխտեր էլ ենք ունեցել. ուխտեր անձնվիրության, ուխտեր անձնազոհության… Բայց ուր մնացին դրանք, ուր ցրվեցին մեր ընկերները, ինչ աստվածների են ծառայում հիմա…»:

 

 

Լևոն Շանթ

Չնայած Շանթը Մուրացանի նման ամաչկոտ չէր և խույս չէր տալիս այն պահերին, երբ խոսում էին իր մասին, սակայն նրա կյանքի ուխտն ու ցանկությունն էլ էր նույնը` ծառայել հասարակության բարիքին: Երբ բոլշևիկների իշխանության հաստատումից հետո սկսվում են ճնշումները, Շանթը զրկվում է իր միակ սենյակից և տեղափոխվում է Նիկոլ Աղբալյանի բնակարան: Անգամ այդ ծանր վիճակը նրան ետ չի պահում իր նպատակից. Շանթն ուխտում է ակտիվորեն զբաղվել հայության մատաղ սերնդի դաստիարակությամբ և կրթությամբ: Երբ նրա հարազատները, հալածանքներից վախենալով, խնդրում են նրան թողնել այդ գործը և միայն զբաղվել իր գրվածքներով, Շանթը, գիտակցելով ցրված հայության գալիք ճգնաժամը, պատասխանում է. «Գրականությունը լյուքս է, լյուքս, որու համար պիտի գրեմ, եթե ասկե 25-50 տարի հետո գրվածքիս կարդացող չպիտի ունենամ: Հայությունը այժմ պետք ունի նոր և թարմ մտավորականներու, որոնք պետք է լցնեն այն անհուն պարապը, որ Ապրիլյան եղեռնով բացվեցավ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել