Հնդկաստանի Հայդերաբադ գյուղի բնակիչները՝ սմարթֆոններով ու նոութբուքներով
Նշանավոր լեզվաբան Անդրաս Կոռնայի վերջերս անցկացրած հետազոտությունից պարզվել է, որ ինտերնետը նպաստում է, որպեսզի աշխարհի լեզուների 95 տոկոսը մահանա: Այս ապշեցուցիչ եզրակացությունը հրապարակվել է հոկտեմբերին՝ «PLOSOne»
Օֆֆլայն տիրույթում նվազագույնը 7776 լեզու է կիրառվում: Կոռնայը հատուկ հետազոտական մեթոդով մոտավոր հաշվել է, թե այդ լեզուներից քանիսն են կիրառվում նաև ինտերնետում: Հետազոտության արդյունքներից պարզ է դարձել, որ կենդանի լեզուները հինգ տոկոսից էլ քիչ են կիրառվում ինտերնետում: Ըստ Հանուն լեզվական բազմազանության դաշինքի՝ աշխարհի լեզուների 40 տոկոսից ավելին արդեն իսկ վտանգված է: Նույնիսկ այն լեզուներից շատերը, որոնք վտանգված չեն համարվում, օգտագործվում են միայն մի քանի հազար մարդու կողմից այնպիսի տարածքներում, ինչպիսիք են Հարավարևելյան Ասիան և Հարավային Ամերիկան, որտեղ ինտերնետը համեմատականորեն ավելի քիչ է ներթափանցել:
Բանն այն է, որ եթե լեզուն չի կիրառվում ինտերնետում, դա կարող է բացասաբար անդրադառնալ լեզվի հետագա զարգացման վրա: Լեզվաբանները իրենց տրամադրության տակ, այսպես կոչված, ճանապարհային քարտեզ ունեն, որտեղ նշված է, թե ինչպես է լեզուն մահանում: Կոռնայը իր աշխատության մեջ նկարագրում է այդ պրոցեսը: Նախ՝ լեզվակիրները դադարում են օգտագործել լեզուն այնպիսի պրակտիկ բնագավառներում, ինչպիսին է օրինակ առևտուրը, ապա երիտասարդներն են կորցնում հետաքրքրությունը այդ լեզվի նկատմամբ, իսկ նրանցից ավելի երիտասարդ սերունդն ամբողջովին մոռանում է տվյալ լեզուն: Լեզուն կենդանի է համարվում, եթե կա գոնե մի հոգի, ով խոսում է այդ լեզվով: Լեզուն սկսում է կորցնել իր կենսունակությունը աստիճանաբար, ուստի բավականին երկար տարիներ են անցնում մինչև լեզուն մահանում է: Այս ժամանակահատվածում երիտասարդները առօրյա կյանքում, օրինակ, ինտերնետից օգտվելիս, չեն կիրառում իրենց լեզուն:
Կոռնայը նշում է, որ այս երևույթի վառ օրինակ է Նորվեգիան, որտեղ պաշտոնապես ընդունված է նորվեգերենի երկու տեսակ՝ բոքմալ և նինորսկ: Թեպետ երկար ժամանակ է, ինչ բոքմալը նինորսկից ավելի տարածված է, մինչ օրս էլ բնակչության 15 տոկոսը՝ մոտ 500.000-750.000 մարդ, խոսում է նինորսկ: Ահա թե ինչու Հանուն լեզվական բազմազանության դաշինքը վտանգված լեզուների շարքին չի դասում նինորսկը: Սակայն Կոռնայի վերլուծությունից պարզ է դառնում, որ նինորսկ խոսողների շատ չնչին մասն է կիրառում այն ինտերնետում: Կոռնայը նշում է. «Թեպետ պաշտոնական լեզվաքաղաքականությունը ամեն կերպ նպաստում է, որպեսզի նինորսկը չկորցնի իր կենսունակությունը, Նորվեգիայի բնակչությունը իր հետ թվային դարաշրջան է փոխադրել միայն բոքմալը. բլոգներում և Թվիթերում նորվեգացիների գրառումնները հենց բոքմալով են»:
Այստեղից մի հարց է ծագում. արդյո՞ք նինորսկի և նման այլ լեզուների մահը հնարավոր է կանխարգելել: Մի շարք կազմակերպություններ, այդ թվում՝ Վիքիպեդիան և Հանուն լեզվական բազմազանության դաշինքը, այս խնդրի լուծման համար հսկայական ռեսուրսներ են ներդնում: Հանուն լեզվական բազմազանության դաշինքը վտանգված լեզուների ընդարձակ հանրագիտարան ունի: Դրանում կան տեքստերի նմուշներ, որոնք գրված են այնպիսի վտանգված լեզուներով, ինչպիսին է նգանասաներենը (500 խոսող, Ռուսաստան) և մաշակալին (802 խոսող, Բրազիլիա): Վիքիպեդիան նախաձեռնել է մի նախագիծ, որով խրախուսում է հոդվածների հրապարակումը նոր (կամ շատ հին լեզուներով): Կոռնայը կարծում է, որ Վիքիպեդիայի այս նախագիծը հեռանկարային է: Նա պնդում է, որ վտանգված լեզուները փրկելու համար անհրաժեշտ է ՏՏ ոլորտի պատասխանատուների, օրինակ, Վիքիպեդիայի մոդերատորների աջակցությունը: Սակայն դա բավական չէ, որպեսզի վտանգված լեզուն երկար ժամանակ պահպանի իր կենսունակությունը, մանավանդ եթե կա մեկ այլ դոմինանտ (գերիշխող) լեզու, որն ավելի հեշտ է կիրառել օնլայն: Այնուամենայնիվ, դժվար է ինտերնետի մասին կանխատեսումներ անել: Լեզվաբանները կիրառում են հարյուր տարվա կանոնը՝ պարզելու համար, թե արդյոք տվյալ լեզուն կարելի է մահացող համարել: 100 տարի անց երեխաները դեռ կխոսե՞ն այդ լեզվով: Այնուհանդերձ, դժվար է հասկանալ, թե ինչպիսին կլինի ինտերնետը մի դար հետո: Էլ ավելի դժվար է կռահել, թե ինչպիսի լեզուներ մարդիկ կկիրառեն ինտերնետում: Միայն մի բան կարելի է վստահորեն պնդել. մի դար անց ինտերնետում շատ ավելի քիչ լեզուներ կկիրառվեն, քան այսօր:



