Նախքան լուսանկարչական կարիերայով զբաղվելը Ռոզելին Ռայմոնդն աշխատել է իբրև վեբդիզայներ: Նա մշտապես տարված է եղել բնությամբ և արվեստով: Արվեստի ու բնության հանդեպ տածած իր սերը ներկայումս նա փորձում է արտահայտել լուսանկարչության միջոցով: Նա զբաղվում է նաև գեղանկարչությամբ և բնության մասին գրում է իր բլոգում: Ստորև ներկայացնում ենք Ռոզելինի հետ անցկացված հարցազրույցներից մեկը, ինչպես նաև նրա լուսանկարների շարքը:
Որո՞նք են Ձեր աշխատանքի առանձնահատկությունները:
Բնապատկերներ լուսանկարելը շատ դժվար է, քանի որ բնությունն անկախատեսելի է: Օրինակ, կենդանիների վարքում կարող են պահի տակ անսպասելի փոփոխություններ տեղի ունենալ: Դրա համար էլ իմ գործում մեծ համբերատարություն ու ճկունություն է պահանջվում: Ես սովորել եմ հարմարվել իրավիճակին, գնալ այնտեղ, ուր հոսանքը կտանի ինձ: Պահի տակ ստեղծվում են անսպասելի, բայցև գեղեցիկ իրավիճակներ: Մեր առօրյա կյանքում նույնպես շատ կարևոր է ապրել ներկա պահով և չանհանգստանալ վաղվա մասին:
Երբվանի՞ց սկսեցիք հետաքրքրվել բնապատկերներ լուսանկարելով:
Մի քանի տարի առաջ ես շատ ծանրաբեռնված կյանքով էի ապրում: Աշխատանքներս ավարտին հասցնելու համար սեղմ վերջնաժամկետներ էին նշանակում, և ես աշխատանքային սթրեսից ազատվելու կարիք էի զգում: Թռչունների ճռվողյունը և թարմ խոտերի բույրը ինձ վրա հանգստացնող ազդեցություն էին գործում: Լուսանկարչությունն ինձ համար լավ պատրվակ էր խոտերում թավալ գալու ու գոնե ժամանակավորապես խստապահանջ հաճախորդների ու վերջնաժամկետների մասին մոռանալու համար:
Գիտեմ, որ բնությունը ձեր տարերքն է: Պատմեք մի փոքր ձեր այդ տարերքի մասին:
Բնությունը անակնկալների ու գաղտնիքների անսպառ աղբյուր է: Առեղծվածային բնաշխարհը շարունակ դրդում է ինձ ուսումնասիրել, բացահայտել և սովորել ավելին:
Կա մի վայր, որ բոլոր լուսանկարիչները ցանկանում են այցելել՝ այնտեղի բնապատկերները լուսանկարելու համար:
Եթե ես կարողանում եմ բնություն գտնել իմ քաղաքում, ես այն կարող եմ գտնել ամենուրեք: Ուստի ինձ համար չկա մի հատուկ տեղ, ուր կուզեմ այցելել լուսանկարչությամբ զբաղվելու համար: Մի անգամ ես այցելեցի Ինդոնեզիա և հիացած էի այդ սքանչելի երկրով: Ես շատ կուզեի մի օր վերադառնալ այնտեղ և լուսանկարել Ինդոնեզիայի բնությունը: Ես կուզեի այցելել նաև Կոստա-Ռիկա և Մադագասկար:
Ինչո՞վ են լուսանկարչությունն ու կյանքը նման իրար:
Լուսանկարչությունն ու կյանքն այնքան էլ չեն տարբերվում իրարից: Դու փորձում ես, երբեմն ձախողվում և դասեր քաղում դրանից: Եթե կարողանաս մի կողմ դնել ռացիոնալ սահմանափակումներդ և հետևել քո սրտի ձայնին, ստեղծարարությունդ անդադար կհոսի, ինչի արդյունքում, ամենայն հավանականությամբ, ավելի հետաքրքիր լուսանկարներ կծնվեն:
Մինչ այժմ ո՞ր հաճոյախոսությունն է ավելի տպավորիչ եղել ձեզ համար:
«Քո լուսանկարներն ինձ ստիպեցին արտասվել»:
Ովքե՞ր են Ձեր ամենասիրելի լուսանկարիչները:
Այն լուսանկարիչները, ովքեր սրտանց են աշխատում:
Ի՞նչ խորհուրդ կարող եք տալ մեր ընթերցողներին:
Սովորեք և ոգեշնչվեք այլոց նվաճումներով, սակայն, ի վերջո, ընտրեք ձեր սեփական ուղին:





























