Տարոն աշխարհը առժամանակ խաղաղվում է։ Երեսուն տարի Տարոնի և Ապահունիքի վրա իշխելուց հետո մեռնում է Վահան Կամսարականը և թաղվում ս. Կարապետի վանքի բակում՝ իր պապերի կողքին։ Վահանի որդի Տիրանը, վրաց Վաշդեն իշխանի և իր հանգուցյալ հոր խորհրդով, գնում է պարսից Խոսրով թագավորի մոտ, դառնում նրա որդեգիրը և Հայոց աշխարհի վրա մարզպան կարգվում։ Խոսրով թագավորը Տիրանին մեծ զորքով ուղարկում է հունաց թագավորի դեմ պատերազմելու։ Իսկ Տիրանը նախապես պատգամավոր է ուղարկում հունաց կայսրի մոտ, ասում.
-Չվախենաս իմ գալուց, ինձ մի քաղաք տուր, որպեսզի այնտեղ հավաքեմ հայոց զորքերը և քեզ թիկունք ու օգնական դառնամ։
Հունաց կայսրը սիրով ընդունում է Տիրանի առաջարկը, հավատարմության ուխտի պայման կնքում և Տիրանին համարում ոչ միայն Հայոց ու Պարսից մարզպան, այլև նրան դարձնում դեմեսլեկոս1 Հունաց ամբողջ աշխարհի վրա։
Վաշդեն իշխանն այս իմանալով, սաստիկ զայրանում է, մարդ է ուղարկում Խոսրով թագավորի մոտ, ասում.
-Տիրանը քեզ դավաճանեց և անցավ հույների կողմը։ Այժմ ինձ ուղարկիր ութ հազար ձիավոր Վանանդ գավառի մոտ, ես կբռնեմ Տիրանին ե քո ձեռը կհանձնեմ։
Խոսրովը կանչում է վրաց իշխանորդի Ջոջիկին, որին մարզպան էր դարձրել, նրա ձեռով Սյունյաց իշխանին տալիս է խիստ ծեծել, իբրև նենգ ու խարդախ ազգի, իսկ ինքը հազարանոց զորք է ուղարկում վրաց Վաշդեն իշխանին։
Վաշդենը նամակ է գրում Տիրանին, ասում.
-Հոգնեցիր պանդխտության մեջ մնալուց, այժմ վերադարձիր, որպեսզի մի բան մտածենք պարսից արքայի վերաբերյալ։
Տիրանը Վաշդենի նամակը ստանալու օրը մեկ այլ նամակ էլ ստանում է Վաշդենի քրոջ որդի Համամից, որը հայտնում էր Վաշդենի կողմից նրա դեմ նյութվող դավադրության և պարսից զորքերի գալու մասին։
Տիրանը շտապ պատասխան է գրում Վաշդենին և նրան ամոթանք տալիս իր դեմ գաղտնի դավադրություն սարքելու համար։
Վաշդենը խիստ զայրանում է Համամի վրա, նրա ոտ ու ձեռը ծայրատում-կտրում, վերցնում պարսից զորքը, անցնում Ճորոխ գետը, գնում Համամի քաղաքը, որ կոչվում էր Տամբուր։ Սրով ու հրով մտնում է քաղաքը, կոտորում, ավերում, գերում։ Քաղաքի եպիսկոպոսն անիծում է անողոք իշխանին։ Վաշդենը, սրանից զայրացած, կոտորել է տալիս սուրբ Սիոն եկեղեցու բոլոր քահանաներին, եպիսկոպոսին մորթում սուրբ սեղանի վրա։
Նույն տարին հունաց Հերակլ կայսրը սպանում է պարսից Խոսրով թագավորին, հիշում իր և Տիրանի միջև եղած ուխտն ու երդումը և Տիրանին կարգում մարզպան համայն Հայոց աշխարհի վրա, ինքը գնում Կոստանդնուպոլիս։
Ութ տարի անց, արաբներն արշավում են Հայաստան։ Հայաստան է գալիս Մահմեդի քրոջ որդի Աբդռահիմը՝ տասնութ հազար հեծելազորով և Հայոց աշխարհից հարկ պահանջում։
Տիրանը հրաման է տալիս՝ ժողովել ամբողջ զորքը և ելնել արաբների դեմ պատերազմի։ Սակայն Վաշդենի որդի վրաց Զոջիկ իշխանը Հայոց աշխարհը ապստամբեցնում է Տիրանի դեմ, որպեսզի չենթարկվեն նրա հրամանին և չելնեն արաբների դեմ պատերազմի։ Տիրանը տեսնելով, որ ամեն ինչ վերջացած է, դիմում է իրենց կամքով իր մոտ հավաքված ութ հազար հայ զինվորներին.
-Ո՛վ քրիստոնյա ժողովուրդ, ավելի լավ է մեռնել, քան մեր երկիրն ու եկեղեցին հարկատու դարձնել տաճիկներին2։
Հաջորդ օրը առավոտյան Տիրանը Գրգուռ լեռան ստորոտում կռվի է ելնում արաբների դեմ, մինչև կեսօր կռվում և արաբներին նեղելով, փախուստի մատնում։ Սակայն այդ պահին Անձևացյաց Սահուռ իշխանն իր զորքով ապստամբում է Տիրանի դեմ, անցնում արաբների կողմը և սկսում կռվել հայոց զորքի դեմ։ Արաբները նորից զորանում են, և կռիվը բորբոքվում է նոր թափով։
Տիրանը զայրացած ճեղքում է երկու ճակատները, մխրճվում դավաճան Սահուռի զորքի մեջ, հասնում նրան, գոչում.
-Կա՛ց, ուրացող Սահուռ, աստված քեզ իմ ձեռը մատնեց։
Ապա սուրը բարձրացնելով՝ խփում, կտրում է Սահուռի գլուխը, բայց ինքն էլ նույն պահին երկու իշխանների հետ սպանվում է։ Արաբները շրջափակում են հայոց զորքը, շատերին կոտորում, ոմանց էլ հաջողվում է փախչել, անցնել Օձ քաղաքի մոտ գտնվող ճահիճների հակառակ կողմը։
Աբդռահիմը այդ հաղթանակից հետո անցնում է Հայոց աշխարհի մնացած գավառները, հասնում Ջավախք, Վրաստան, Վանանդ, բոլորից հարկ վերցնում, վերադառնում Տաճկաստան։
Նույն տարին արաբներն ավերում են Աշտիշատի եկեղեցին, ս. Կարապետի վանքը և Թիլում գտնվող Կաթողիկե եկեղեցին։ Իսկ Տիրանին թաղում են Պորպ քաղաքի մոտ գտնվող Տարոնի Ձյունակերտ եկեղեցու դռանը։
--------------------------
1 Դեմեսլեկոս՝ հունարեն դոմեստիկոս բառի հայերեն արտասանությունը, կայսերական թիկնապահ, բյուզանդական կայսրության ժամանակ արևելյան բանակի զորավարին տրվող տիտղոս։
2 Միջնադարում արաբներին հայերը տաճիկ էին անվանում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



