Սբ. ծննդյան տոնախմբումն այնքա՜ն գեղեցիկ ու բարեկրոն սովորույթ է... Ամանորյա եղևնին, հաճելի նվերները, երեխաների հուզմունքը միշտ հիասքանչ և գերող են: Հոգևոր տրամադրությունները լցնում են տոնի մթնոլորտը, ինչն առավել սիրելի և հուզիչ է դարձնում այս օրը:
Բայց արդյոք միայն այսքա՞նը կարող ենք ասել Ծննդյան խորհրդի մասին: Գուցե տոնախմբության արտաքին գեղեցկությունները, մտերմիկ ու խաղաղ ապրումները սոսկ թույլ արձագանքն են այն շքեղ տոնի, որը տեղի է ունենում մեր հոգու խորին անկյուններում: Անգամ եթե մենք չենք ցանկանում ընդունել այս իրողությունը որպես ճշմարտություն և մանկական ռոմանտիզմից ու ընտանեկան ջերմությունից ավելին չենք տեսնում այս օրվա խորհրդում, այնուամենայնիվ, Սբ. Ծնունդը բոլոր իմաստներով շարունակում է մնալ իրողություն և ճշմարտություն:
Սբ. Ծնունդն իրականում ավելին է, քան մանկական զվարթ տրամադրությունը: Այս սուրբ գիշերվա կենտրոնական կերպարը մանուկն է, Աստծո Որդին, ով ծնվելով աշխարհ եկավ: Ծննդյան տոնի խորհուրդը բխում է միմիայն այս փաստից, այլապես այն կվերածվեր սին պատրանքի: Սբ. Ծնունդը նշանակում է, որ Նա եկավ, լուսավորեց մեր խավարային գիշերը, երբ մենք անօգնական էինք: Այս իրադարձությունը տեղի ունեցավ մեկ անգամ, բայց պետք է ամուր հաստատվի մեր սրտում, որպեսզի մեկընդմիշտ փոխի մեր աշխարհայացքը: Եվ եթե մենք հավատով և խիզախությամբ ասենք. «Այսօր Սբ. Ծնունդ է», դրանով կընդունենք, որ այս իրողությունը ներխուժել է աշխարհ և մեր կյանքերի մեջ՝ նորոգելով ամեն բան: Կխոստովանենք, որ բոլոր արարածների և մեր կյանքերի Տերը կենդանի է: Նա այլևս իր անսահմանության բարձունքից մեր աննշան կյանքերին վերից չի նայում. հավիտենականը մտավ ժամանակի մեջ, Աստծո Որդին մարդացավ, ողջ տիեզերքը իր մեջ պարունակողը՝ մարմնացավ: Աստված եկավ աշխարհ, մարմնացած Խոսքի միջոցով ասելով մեզ ամենացանկալի խոսքերը. «Ես սիրո՛ւմ եմ ձեզ՝ աշխարհ և մարդիկ»: Այս խոսքը հավիտենական ներգործություն ունի և տարածվում է ամենքիս վրա, և ուրեմն, Սբ. Ծնունդը միշտ ներկայում է:
Երբ կտոնեք Սբ. Ծնունդը, աշխարհ եկած Փրկչին ձեր ողջ էությամբ ասացե՛ք այս խոսքերը. «Դու այստեղ ես, դու եկար, թափանցեցիր ամենուր, անգամ իմ հոգու մեջ, չնայած իմ անօրենությանն ու համառությանը, որոնք թույլ չէին տալիս ներում ստանալ քեզանից», և կլսեք ի պատասխան. «Կարող ես ոչինչ այլևս չասել, Ես այստեղ եմ, Ես եկա և Իմ սերն անհաղթելի է... Ես այստեղ եմ, վառե՛ք մոմերը, որպեսզի դրանք լուսավորեն խավարի մեջ: Սա Սբ. Ծնունդն է, Ծնունդ, որ տևում է հավերժ...»
Նյութի աղբյուր՝ http://philotheus.blogspot.com/2013/01/blog-post.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել