Արդեն բժշկական ինստիտուտում ուսանելիս իմացա այդ սիմպտոմի գոյության մասին : Մարդը չի կարողանում թևը աստիճանաբար ծալել կամ տարածել, այլ դա անում է կտրուկ-իմպուլսիվ շարժումով - ծալովի դանակի պես . շըրըխկ - շըրըխկ: Այդպես էլ կոչվում է - ծալովի դանակի սիմպտոմ: Եվ այդ վիճակը ինչքան որ անհարմարություն է ստեղծում առօրյա կյանքում, նույնքան էլ հարմար ու ազդեցիկ է դառնում անկարգ աշակերտներին ապտակելիս . զույգ ապտակ - վերից վար և վարից վեր - շըրըխկ - շըրըխկ: Այդպես էլ վարվում էր մեր դպրոցի ուսմասվար ընկեր Հասունյանը , որը Հայրենական պատերազմի հաշմանդամ էր, հայոց լեզվի մասնագետ, բյուրեղյա հոգու տեր անձնավորություն: Դասից ուշացած աշակերտ տեսնելիս, նախ դանդաղ, մեթոդիկ քայլերով մոտենում էր ( խեղճի մի ոտքն էլ արհեստական էր ) և անսպասելի որոտում.,, Զանգը երբ է տրված ...,, ու մեկ էլ - շըրըխկ: Բայց հո ձեռքը օդի մեջ չէր մնալու ,,Ֆանտոմասի,, կոմիսար Ժյուվի կոնսպիրատիվ ձեռքի պես: ՈՒստի հետևում էր երկրորդ շռնալից ապտակը - շըրըխկ: Եվ ամեն ինչ կարգին էր: Երբ տեսնում էր մազերը երկար թողած, անփույթ ջինսով որևէ աշխույժ տղայի, նախ հանդիմանում էր կանոնիկ մանկավարժին վայել կերպով.,, Բիթիզ ես, հիպի ես պարում ?,, ասելով: Բիթիզը երևի միջանկյալ բան էր թիթիզի և Բիթըլզի միջև , և ապա - շըրըխկ - շըրըխկ: Ապտակն էլ սովորական ապտակ չէր , այլ պատշարի կացնի հարված, որ ուղղակի տաշում-տանում էր երեսիդ մի մասը ... Մի անգամ այնպես պատահեց, որ ես հայտնվեցի անկարգություն արած տղաների յոթնյակի մեջ, որոնց ընկեր Հասունյանը կանգնեցրել էր գրատախտակի դիմաց , դասարանի առջև պատժելու նպատակով: Հանցակազմը ծանր էր . աղջիկներից մեկը ծխախոտի հոտ էր առել տղաների հանդերձարանից և խաբարը հասցրել ուր որ հարկն է: Մեր փախուստի փորձերն անօգուտ էին եղել, որովհետև ընկեր Հասունյանը մեզ հատ-հատ գտել ու բերել էր դասարան, ինչպես համառ ռոբոտը ,,Դե սպասիր,, մուլտֆիլմում, ,, Զայեց-Վոլկ, Զայեց-Վոլկ ,, ասելով: Ես ինձ հնարամիտ համարելով, գնացի ու կանգնեցի յոթնյակի վերջում, մտածելով, որ մինչև ինձ հասնի կամ թևը կհոգնի, կամ էլ բարկությունը կմեղմանա: Երեխի խելք: ,,Դու չգիտես, որ ծխելը ուղեղին վնաս է,, ,- սկսեց ընկեր Հասունյանը առաջին տղայից ...շըրըխկ: Ապա ձեռքը վերևում մնացած դիրքով սահուն անցավ երկրորդին.,, Դու ինչու ես ծխում ?,, ...շըրըխկ... Այսպես տաշելով - տաշտշելով հասավ ինձ .,, Դու էլ լավ սովորողն ես ? ... օրինակելի վարքի տեր ես ? ,, ... Շըրըխկ : Ինձ թվաց, թե գլուխս դարձավ փուչիկ , Սունդուկյանի թատրոնի դիմաց դրված արձանի նման... ,, Խոստացիր, որ այլևս ծխախոտ չես վերցնի,,. հետևեց երկրորդ ապտակը : Լսողությունս կորավ. միայն տեսնում էի ուսմասվարի զայրացկոտ երեսը, որ անձայն շրթունքներն էր շարժում ու մեկ էլ ձեռքը, որ արդեն ներքևում էր: Բոլորը մեկական ապտակ ստացան, ես երկուսը ... Հաշվի չէի առել ծալովի դանակի սիմպտոմը ...)))

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել