ՀԱՂԹԱՆԱԿԻ ՎԵՐԱԾՎՈՂ
ՆԱՀԱՆՋԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Տիգրան Մեծը չեզոքություն էր պահպանում իր աներոջ՝ Պոնտոսի թագավոր Միհրդատ Զ Եվպատորի (Ք.ա. 111-63թթ.) ու Հռոմի միջև Միհրդատյան պատերազմներում(Ք.ա. 89-63թթ.), սակայն դա bավարար չի լինում Արևելքում նվաճումներ ձեռնարկած Հռոմի հետ առճակատումից խուսափելու համար:
Տեղեկանք. Միհրդատյան պատերազմների թատերաbեմը Փոքր Ասիան էր, որտեղ Հռոմը ձգտել է տարածքներ գրավել, իսկ Պոնտոսն իր ազդեցությունը պահպանելու համար խոչընդոտել է դրան:
Առաջին պատերազմը (Ք.ա. 89-84թթ.) սկսել է Միհրդատ Զ-ն: Պոնտոսի bանակը նվաճել է Սև ծովի առափնյա տարածքները և Հունաստանը, սակայն հռոմեական զորքերը հաջողությամb կասեցրել են նրանց առաջխաղացումը:
Երկրորդ պատերազմը Ք.ա. 83-81թթ. էր:
Երրորդ պատերազմը (Ք.ա. 74-63թթ.) դարձյալ սկսել է Միհրդատը, սակայն հռոմեական զորքերը` զորավար Լուկուլլոսի գլխավորությամբ, դուրս են մղել նրան իր սեփական երկրից: Ծանր պարտություն կրած Միհրդատն ապաստանել է Հայաստանում Ք.ա. 71թ.: Միհրդատ Զ-ին Հռոմին չհանձնելու պատրվակով Ք.ա. 69թ. գարնանը Լուկուլլոսն առանց Հռոմի Սենատի հավանության` զորքը մտցրել է Հայաստան: Դրանով Միհրդատյան պատերազմները վերածվել են Հայ-հռոմեական պատերազմի:
Պատմական տեղեկանք.
Միհրդատին, ՙոր վախեցած էր ու փախստական, Տիգրանը՝ հայոց թագավորը, ընդունեց, հավատը նրա գործերին ամրապնդեց, բեկվածին բարձրացրեց, հուսալքվածին քաջալերեց՚:
Կիկերոն ՙԳնեոս Պոմպեոսի գերագույն
հրամանատարության մասին՚ ճառից
Ներխուժումը
Պատերազմի սկիզբը խոստումնալից էր հռոմեացիների համար: Հայաստան երխուժելու պահը հարմար էր, քանի որ հայոց բանակը գտնվում էր տերության հարավային սահմանամերձ շրջաններում (Փյունիկիայում), որտեղ պաշարել էր Պտղոմայիսը` իր որդիների անունից Սելևկյան գահին հավակնող Սելենե թագուհու նստավայրը: Հռոմեական բանակի Հայաստան ներխուժելու լուրը Տիգրան Բ-ն ստանում է Պտղոմայիսը գրավելուց անմիջապես հետո:
Հայոց այրուձիի ՙանակնկալը՚
Հռոմեական բանակի առաջխաղացմանը խոչընդոտելու համար 2-3 հազարանոց հեծյալ զորամասով նրանց վրա է գրոհում Ծոփքի բդեշխ Մեհրուժանը: Կարծելով, թե բդեշխի հեծելագունդը հայոց բանակի առաջապահ ուժերն են, Լուկուլլոսն ամբողջ բանակը շարում է մարտակարգով: Փաստորեն գրոհի անդրադարձմանը մասնակցում է ամբողջ հռոմեական բանակը: Իրենց պարտքը կատարելով` մարտում զոհվում են բազմաթիվ քաջ հայորդիներ, այդ թվում նաև Մեհրուժան իշխանը, բայց փոքր զորամասը զգալի վնաս է հասցնում հակառակորդին:
Տիգրան Մեծը արքայական 6000 հոգանոց թիկնապահ (դրանիկ)հեծելազորով, ավելի քան հազար կիլոմետրանոց ռազմերթ կատարելով, շտապ վերադառնում է Հայաստան: Դրանիկ գունդը Հայաստան է հասնում մայրաքաղաք Տիգրանակերտի պաշարման ժամանակ և թագավորական գանձերն ու կանանոցը դուրս բերելու համար հանդուգն գրոհով ճեղքում է հռոմեական զորքերի պաշարման օղակը, մտնում Տիգրանակերտ ու նույն կարգով դուրս գալով՝ փայլուն կատարում առաջադրանքը: Տեղեկանալով, որ հայկական հեծյալ զորամասն իր հետ տարել է քաղաքում պահվող ամենաարժեքավոր գանձերը, հռոմեական զինվորները նախկին ոգևորությամբ չեն շարունակում պաշարումը: Դա Մանկայոս (Մամիկ)զորավարի գլխավորությամբ մայրաքաղաքում մնացած փոքրաթիվ զորամասին հնարավորություն է տալիս վեց ամիս շարունակ հետ մղել հռոմեացիների գրոհները:
Հայոց այրուձիի նորանոր ՙանակնկալներից՚ խուսափելու համար հռոմեացիները բուն քաղաքը շրջապատում են ավելի քան չորս մետր բարձրությամբ պատնեշով: Պատնեշի շուրջը փորվում է ավելի քան չորս մետր խորությամբ ու նույնքան էլ լայնությամբ խրամ, որով պաշարվածները զրկվում են դրսի հետ հաղորդակցվելու հնարավորությունից, սակայն այս միջոցառումներն էական արդյունք չեն տալիս: Հռոմեական հսկայական բանակը, չկարողանալով գրավել անառիկ (25 մետրանոց պարսպով պաշտպանված) Տիգրանակերտը, ամիսներ շարունակ փաստացի անգործության է մատնվում: Դրանով հայկական կողմը ժամանակ է ստանում՝ հակառակորդի հանկարծակի ներխուժումով պայմանավորված անբարենպաստ իրավիճակը շտկելու համար:
Ռազմավարական ծրագրի մշակումը
Թեև Տիգրան Բ-ն ուներ պատերազմի վարման հայոց ավանդական ծրագիրը, որն արդարացրել էր նախկին բազմաթիվ պատերազմներում, սակայն պատերազմի ռազմավարական ծրագրի մշակման ժամանակ ավելորդ չի համարում տեսակցել շուրջ մեկուկես տարի Հայաստանում ապրող Միհրդատ Զ-ի հետ: Մերձամարտում լեգեոնների առավելությունները նկատի ունենալով՝ Միհրդատը խորհուրդ է տալիս խուսափել վճռական ճակատամարտից և հեծելազորի հանկարծակի հարձակումներով խոչընդոտել նրանց առաջխաղացմանը: Առաջարկվող ռազմավարության կիրառման դեպքում Տիգրանակերտի անկումն անխուսափելի էր լինելու, քանի որ նորակառույց մայրաքաղաքում զենքի և սննդի անհրաժեշտ պաշարներ չկային: Պարզ էր, որ հերոսության օրինակներ ցույց տվող քաղաքը չէր կարողանա երկար դիմադրել: Տիգրանն, անշուշտ, գիտակցում էր, որ երկարատև հյուծիչ ռազմերթից հետո Փյունիկիայից Հայաստան վերադարձող զորամասերն ուժերի վերականգնման համար դադարի կարիք են զգում, սակայն պետք էր օր առաջ օգնել պաշարվածներին:
Հռոմեացիների թիկունքում ռազմական գործողություններ ծավալելու համար Միհրդատի տրամադրության տակ հետևակային զորամասեր են դրվում, իսկ Տիգրան Բ-ն Ատրպատականի և Ադիաբենեի թագավորների, Աղվանքի ու Վիրքի, ինչպես նաև իրեն հպատակ քոչվոր արաբների զորքերով Ք.ա. 69թ. հոկտեմբերին Տիգրանակերտի մոտ ճակատամարտ է տալիս հռոմեացիներին:
Դարանի լեգեոնների (12000-15000 մարդ) հարձակումով՝ հռոմեացիները հանկարծակիի են բերում հայոց բանակի գումակը պաշտպանող ուժերին: Մարտակարգի խախտում թույլ չտալու համար հայոց արքան նահանջի հրաման է արձակում և ջախջախումից փրկում գլխավոր ուժերը:
Հայոց բանակի արագ և կազմակերպված նահանջն անակնկալ էր հռոմեացիների համար, և, իրավիճակը ճիշտ գնահատել չկարողանալով, Լուկուլլոսը չի համարձակվում երկար հետապնդել նահանջող հայկական բանակին: Ինչպես և պետք էր սպասել, ճակատամարտից քիչ անց հռոմեական բանակը գրավում, սարսափելի թալանի է ենթարկում Տիգրանակերտն ու քաշվում Կորդուք՝ ձմեռելու:
Հաղթանակ բերող նահանջ
Ք.ա. 69/68թ. ձմեռը հռոմեական բանակն օգտագործում է հանգստի համար, իսկ հայկական բանակը նոր ուժեր է կուտակում։ Անցկացված զորահավաքով իր ուժերը համալրելով՝ Տիգրանը հիմնականում վերականգնում է պատերազմի նախորդ շրջանի կորուստները: Կարճ ժամանակում մեծաթիվ ու մարտունակ բանակ է ստեղծվում (2/3-ը` հետևակ և 1/3-ը` հեծյալ): Պատերազմի դասերը հաշվի առնելով՝ զորքը վարժեցվում է լեգեոնների դեմ մարտի վարման նոր համակարգով: Մարզումների արդյունավետությունը բարձրացնելու համար այս աշխատանքներին ներգրավվում են հռոմեական բանակի հետ պատերազմելու մեծ փորձ ունեցող պոնտական զորահրամանատարները: Որոշվում է խուսափել վճռական ճակատամարտից և անսպասելի հարվածներով հյուծել հակառակորդի ուժերը: Շատ շուտով այս համարձակ մարտավարությունը տալիս է սպասված արդյունքը:
Արմատական բեկումը
Ք.ա. 68թ. գարնանը հռոմեական բանակը շարժվում է դեպի Արտաշատ, որի գրավումը ռազմավարական հաջողություն կլիներ: Հռոմեական բանակն առաջ էր շարժվում՝ ավերելով շրջակա բնակավայրերը: Լուկուլլոսը հույս ուներ, որ երկիրը հետագա ավերածություններից զերծ պահելու և Արտաշատը պաշտպանելու համար հայոց բանակը վճռական ճակատամարտի դուրս կգա:
Այդ պահին Տիգրան Բ-ն հերթական համարձակ քայլի է դիմում, որը նորարարություն էր ռազմարվեստում. նահանջող ուժերը միավորելու և մեկ բռունցք դարձնելու փոխարեն բանակը բաժանվում է երկու մասի:
Հայոց արքան գլխավորում է այրուձին, իսկ Միհրդատը՝ հետևազորը: Հեծելազորը համարձակ հարձակումներ է գործում հռոմեական զորքի վրա, սակայն խուսափում մերձամարտի (վճռական ճակատամարտի) ներքաշվելուց: Հայտնվելով ամենաանսպասելի կողմերից՝ այն գրեթե անընդհատ հարվածների տակ էր պահում Հայկական Տավրոսի լեռներն անցնող հռոմեական բանակի երթային դասավորության թևերը: Սրընթաց գրոհները ոչ միայն էապես խոչընդոտում էին հռոմեացիների առաջխաղացմանը, այլև հուսալքում հռոմեացի զինվորներին: Օրական 20-25 կմ-ի փոխարեն հռոմեացիները առաջ էին շարժվում 3-4 կմ միջին արագությամբ (տե՜ս քարտեզը): Այդ ընթացքում Միհրդատը հետևազորի ուժերով կարողանում է խափանել հռոմեական բանակի մատակարարումը:
Այս ամենի շնորհիվ Արևելքի տիրակալը ոչ միայն վերջնականապես չեզոքացնում է հռոմեացիների հանկարծակի հարձակման հետևանքները, այլև նրանցից խլում նախաձեռնությունը: Ռազմական գործողություններն ընթանում էին լեռնային կտրտված տեղանքում, որտեղ անհրաժեշտ հետախուզական տվյալները ստանալու համար Լուկուլլոսը հաճախ դադարեցնում էր առաջխաղացումը: Այսպիսի դադարներից մեկն էլ ճակատագրական է լինում հռոմեացիների համար:
Հաղթանակը
Արածանի գետին հասնելով` Լուկուլլոսը չորս օր չի համարձակվում գետանցման հրաման արձակել, և դրա իրական պատճառը ոչ թե գետն անցնելու դժվարությունն էր, այլ անընդհատ զորաշարժերով հակառակորդին ապակողմնորոշած հայոց բանակի մասին հետախուզական տվյալների բացակայությունը: Լուկուլլոսի մտավախությունն անհիմն չէր, քանի որ տեղանքի գրեթե բոլոր արգելքները հաղթահարելիս հռոմեացիները դժվարությունների էին հանդիպում: Հենց Արածանիի գետանցման ժամանակ էլ հայոց այրուձին գրոհում է նրանց վրա, մարտ պարտադրում՝ մնալով նետաձգության հեռավորության վրա:
Մարտի սկզբում գրոհը սկսած մարդերի (նետաձիգ) և իբերների (նիզակակիր) հեծելագնդերը նահանջում են տարբեր ուղղություններով և խաբուսիկ զորաշարժով բեկում հռոմեացիների՝ առանց այն էլ հապճեպորեն շարված մարտակարգը: Նահանջելով՝ նրանք մարտադաշտը բացում են Մեծ Հայքի ու Ատրպատականի ծանրազեն (սուսերակիր) հեծելազորի գործողությունների համար, որոնք նոր գրոհ են ձեռնարկում մարտակարգը խախտած հռոմեացիների վրա: Գործողությունների արդյունավետությունը բարձրացնելու, ինչպես նաև հռոմեացի զինվորների վրա հոգեբանական ճնշում գործադրելու համար հայոց թեթևազեն հեծելազորն օգտագործում է թունավոր ու ճանկավոր (հավանաբար` նաև եռաթև) նետեր: Ոչ երկարատև մարտի վերջում հայոց հեծելազորը նույն հաջողությամμէլ նահանջում է: Համարձակ գրոհից ապշահար եղած հռոմեական բանակի հրամանատարը չի համարձակվում հետապնդել ՙնահանջող՚ հայոց հեծելազորին:
Կրկին մարտադաշտը մնում է հռոմեացիներին, բայց այս մարտն էապես տարբերվում է Տիգրանակերտի ճակատամարտից: Հռոմեական բանակն այնքան ծանր դրության մեջ է ընկնում, որ Արածանին անցնելուց մի քանի օր անց զինվորները խռովություն են բարձրացնում: Արտաշատում հսկայական գանձեր ու փառք խոստացող Լուկուլլոսի հրամաններին չենթարկվելով՝ նրանք հրաժարվում են շարունակել ճանապարհը: Դա Տիգրան Մեծի կիրառած ռազմավարության հաղթանակն էր: Վճռական ճակատամարտում պարտություն չկրած հռոմեական բանակը, նպատակին չհասնելով, սկսում է նահանջել, այսինքն` պարտություն է կրում պատերազմում:
Հռոմեական բանակն այնքան արագ էր նահանջում, որ Տիգրանը չի հասցնում հեծելազորը միավորել հետևազորին և միասնական բանակով հասնել ու վերջնականապես ջախջախել հակառակորդի բարոյալքված բանակը:
Պատմական տեղեկանք. ՙՄենք ինքներս վերջերս վարել ենք Հայոց թագավոր Տիգրանի դեմ երկարատև և ծանր պատերազմ (grave bellum), քանզի նա անօրենություններ գործելով մեր դաշնակիցների հանդեպ, կարելի է ասել, պատերազմ է սանձազերծել մեր դեմ: Եվ նա անձամբ ինքնին շատ զորեղ (կորովալից) էր և մեր տերության ոխերիմ թշնամուն՝ Պոնտոսից վտարված Միհրդատին իր զորքերով և իր թագավորության մեջ պաշտպանեց: Ետ մղվելով Լուկիոս Լիկինիոս Լուկուլլոսի՝ քաջարի այրի և իմպերատորի կողմից, նա իր զորքերի մնացորդներով պահպանեց թե՜ իր թշնամական ոգին մեր հանդեպ, թե՜ իր նախկին մտադրությունները... Այսպիսով նա (Տիգրանը), որը ինքը Հռոմի ժողովրդի թշնամին էր,
որն ընդունել էր մեր չարագույն ոսոխին իր տերության մեջ, որը բախման մեջ էր մտել մեզ հետ, որը մարտի էր բռնվել, որը պայքարեց գրեթե տիրակալության համար, այժմ թագավորում է և օգտվում բարեկամի և դաշնակցի կոչումից, որոնց նա ինքը իր զենքով բռնացել էր՚:
Կիկերոն, Հատված ՙԻ պաշտպանություն Պուμլիոս Սեստիոսի՚ ճառից
Եզրակացություն
Երկրորդ Պունիկյան պատերազմում կարթագենցի տաղանդավոր զորավար Հաննիբալի անհաջողությունից հետո տարբեր երկրներում ուղիներ էին որոնում անպարտելի համարվող հռոմեական լեգեոնների դեմ պայքարի արդյունավետ եղանակներ գտնելու համար:
Համաշխարհային ռազմարվեստում Ք.ա. 70-68թթ. Հայ-հռոմեական պատերազմի նշանակությունն այն է, որ գործնականում ապացուցվեց.որոշակի պայմաններում հռոմեական բանակի բոլոր մարտավարական առավելությունները կարող են չեզոքացվել ռազմավարական հմտությամբ:
Տեղեկանք. Ք.ա. 53թ. հռոմեացի զորավար Մարկոս Կրասոսի գլխավորած հռոմեական բանակը ներխուժում է Պարթևական տերության տարածքը և գրավում նրան պատկանող Միջագետքի անապատային շրջանները: Նահանջելով՝ պարթևները ոչ միայն հակառակորդին չեն թողնում հասնել էական արդյունքների, այլև ստեղծված բարենպաստ պայմաններում հնարավորություն են ստանում հզոր հարձակումով ջախջախել նրանց: Պարթևական զորավար Սուրենը, ճակատամարտում զոհված հռոմեական զորավարի գլուխը կտրելով, այն ուղարկում է Արտաշատ, որտեղ Արևելքի արքայից արքա Արտավազդ Բ-ի (Ք.ա. 55-34թթ.) մոտ հյուրընկալվել էր Պարթևստանի Օրոդես թագավորը:
Կրասոսի անփառունակ արշավանքից ընդամենը մեկ տարի անց (Ք.ա. 52թ.) հռոմեական մեկ այլ զորավար Հուլիոս Կեսարի դեմ համանման ռազմավարություն են կիրառում Վերցինգետորիկի գլխավորությամբ պայքարի ելած գալլերը, որոնք այս հնարքները լայնորեն համատեղում էին գիշերային մարտերի հետ:
Կրասոսի անփառունակ արշավանքից ընդամենը մեկ տարի անց (Ք.ա. 52թ.) հռոմեական մեկ այլ զորավար Հուլիոս Կեսարի դեմ համանման ռազմավարություն են կիրառում Վերցինգետորիկի գլխավորությամբ պայքարի ելած գալլերը, որոնք այս հնարքները լայնորեն համատեղում էին գիշերային մարտերի հետ:
Այսպիսով, աշխարհակալ Հռոմի դեմ Ք.ա. 70-68թթ. Հայ-հռոմեական պատերազմում հաջողությամբ կիրառված տիգրանյան ռազմավարությունն այն աստիճան համապիտանի էր, որ ընդամենը երկու տասնամյակում առնվազն երկու անգամ ընդօրինակվեց, իսկ հետագայում Հռոմի դեմ պատերազմող գրեթե բոլոր ժողովուրդների պայքարի պարտադիր հայեցակարգի վերածվեց
“Մեր Հաղթանակները” ժողովածուի Ա հատոր. Արտակ Մովսիսյան, Սուրեն Մարտիկյան:
Նյութի աղբյուր՝ http://hay-geni-haxtanak.blogspot.com/2014/01/70-68_2.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել