1in.am-ը գրում է.

Տարբեր երկրներում տարբեր են Ամանորին առնչվող խորհրդանիշները: Օրինակ՝ Իտալիայում այնքան էլ անվտանգ չէ պատուհանների տակով քայլելը, քանի որ իտալացիները Նոր տարվա շեմին իրենց հին կահույքը դուրս նետելու սովորություն ունեն։ Իսկ իտալացի փոքրիկներն անկողնում են թողնում իրենց կոշիկը ու հավատում, որ Բեֆանա անունով փերին կգա և նվերներ կդնի կոշիկի մեջ:

Կուբայում նույնպես պատուհանների տակով քայլելն անվտանգ չէ, բայց ի տարբերություն իտալացիների՝ կուբացիները ոչ թե հին կահույք, այլ բաժակներով ու տարբեր տարաներով ջուր են թափում պատուհանից: Սա խորհրդանշում է անցնող տարվա հաջող լինելն ու հույսը, որ գալիք տարին էլ այդպիսին կլինի։

Անգլիայում ընդունված է կեքսերի ու պուդինգների մեջ վեցպենսանոց դնելը, և նա, ում թխվածքի մեջ կլինի դրամը, հաջողություններ կունենա գալիք տարում: Իսկ Շոտլանդիայում կարծում են, որ բուխարու կրակն այրում է անցնող տարվա վատ հիշողություններն ու անհաջողությունները, այդ պատճառով էլ ընդունված է լուռ նստել բուխարու մոտ և հիանալ կրակով: 

Հունգարիայում տարբեր մանկական խաղալիք շեփորներով և այլ սուր ու տհաճ ձայն արձակող փողային գործիքներով քշում են չար ոգիներին: 

Մոլդովայում երջանկություն են «ցանում»: Միմյանց տներ այցելելիս գետնին շաղ են տալիս ցորենի, եգիպտացորենի հատիկներ, որ գալիք տարին առատ լինի:

Ճապոնիայում ամենաընդունված տոնելու ձևը եկեղեցիների զանգերի «կռիվն» է: Ըստ բուդդայական հավատալիքների՝ մարդուն բնորոշ է 6 չարիք՝ ագահությունը, որկրամոլությունը, անվճռականությունը, չարությունը, թեթևամտությունն ու հիմարությունը: Սրանցից յուրաքանչյուրն ունի 18 տարատեսակ, այդ է պատճառը, որ Ամանորի ուղիղ կեսգիշերին 108 զանգ է հնչում, որ մարդիկ ազատվեն այդ չարիքներից: 

Չինաստանում Ամանորը դիմավորում են բացառապես վառ կարմիր հագուստներով: Ըստ ավանդույթի՝ գոյություն է ունեցել հրեշ, որ Ամանորի նախօրեին դուրս է եկել իր թաքստոցից ու մարդկանց սպանել: Մի ընտանիք փրկել է բոլորին՝ սպանելով այդ հրեշին, իսկ ընտանիքի անդամների հագին վառ կարմիր հագուստներ են եղել, որովհետև նրաք այդ պահին մասնակցելիս են եղել իրենց բարեկամների նշանադրության արարողությանը: Չինացիները միմյանց տուն հյուր գնալիս 2 մանդարին են իրենց հետ տանում՝ որպես նվեր, իսկ հետ գնալիս տանտիրոջից նույնպես վերցնում են 2 մանդարին: Այս ավանդույթը կապված է չինարենում «մի զույգ մանդարին» և «ոսկի» բառերի համանուն լինելու հետ:

Վիետնամում Ամանորը նշում են տանից դուրս՝ ընտանիքներով: Մթնշաղից հետո հավաքվում են խարույկի շուրջը և միմյանց բրնձից քաղցրավենիքներ են հյուրասիրում, որպեսզի մոռացվեն անցնող տարվա վիրավորանքներն ու տհաճ խոսակցությունները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել