Երբեք չէի պատկերացնի, որ հայկական մանրանկարչության մասին կարող եմ խոսել` նկատի ունենալով ոչ թե տասներեք-տասնչորսերորդ դարերը, այլ հենց մեր օրերը, եթե Ապրիլ գրատանը չտեսնեի այն գունագեղ ու խոսուն էջանշանները, որոնց վրա Սիրուն Երեցյան մակագրությամբ հայոց այբուբենն էր մանրանկարված: Մարդագիր, թռչնագիր, հյուսվածագիր, կենդանագիր, մարդագիր….մի խոսքով հայկական հնագույն մանրանկարչությունը` նորովի: Տիկին Սիրունի, կամ Սիրամարգե տիկնոջ (ինչպես նա ավելի շատ հայտնի է արվեստի ասպարեզում իր պատկերած բազմահազար սիրամարգերի պատճառով) աշխատանքներին ծանոթացա իր տնօրինած Ռոսլին արվեստի սրահում, որն էլ, ինչպես արդեն հասկացաք, մանրանկարչության մեծ վարպետի պատվին է անվանված. «Երբ ուսումնասիրեցի Թորոս Ռոսլինի արվեստը, խենթացա. ոչ մի համեմատություն հնարավոր չի գտնել ամբողջ աշխարհում»,- խոստովանում է տիկին Սիրունն ու պատմում, թե ինչպես տասնվեց տարի առաջ  իր աշխատանքների տրցակը ձեռքին շրջում էր ամերիկյան արվեստասրահները և մերժվում` առանց իսկ այդ աշխատքները ցուցադրելու հնարավորության. Խանգարում էր մի պարզ հանգամանք` հայկական անուն-ազգանունը: Մի սրահում անգամ,  չսպասելով իր հեռանալուն, տնօրենը աղբը նետեց նրա ստեղծագործությունները: Այդպես էլ Սիրուն Երեցյանը որոշեց բացել սեփական սրահը և ներկայացնել  բոլոր հայ նկարիչներին, որոնք տասնվեց տարիների ընթացքում վաճառվել են և ճանաչում ձեռք բերել նաև այս փոքրիկ սրահի միջոցով: Այստեղ են նաև ստեղծվում Սիրամարգե տիկնոջ աշխատանքները: Նրա Հայոց Այբուբենն իր տարբեր նկարազարդումներով դարձել է կենսաձև, ինչպես ինքն է ասում, ծխախոտի կախվածության պես մի բան. «Անգամ ինքս ինձ վնաս եմ հասցրել, թևիս, պարանոցիս և ուսիս վնասվածքներ եմ ստացել: Եթե չզբաղվեմ այս գործով, կխենթանամ:Երբ ուսումնասիրեցի մեր մանրանկարչությունը, տեսա, որ բոլոր իզմերը` իմպրեսիոնիզմ, ռեալիզմ, կուբիզմ և այլ, բոլորը մեջն են: Եթե մեկն ուզի սովորել նկարել, հարկավոր չէ անգամ դպրոց գնալ, բականան է միայն մեր մանրանկարներն ուսումնասիրի»:

Տիկինը Սիրունը պատմությունն արդիականացնելու  իր տարբերակն ունի. եթե տասներեք, տասնչորսերորդ դարերում եղունգի չափ մանրանկաչությունն էր միակ գոյություն ունեցողը, ապա նա այն խոշորացնում է և  այսօրվա պահանջներին համապատասխան ներկայացնում աշխարհին` ցույց տալով մեր այբուբենի հզորությունը, աշխարհի այլ այբուբենների ստեղծման վրա ունեցած ազդեցություններն ու հավերժությունը:  Հայը միակ ազգն է, որ տառը հենց որպես պատկեր է ներկայացնում, ասենք սիրամարգե Բ, կամ օձաձև Ս, իսկ,  օրինակ, անգլիացիները տառը գրում էին և միայն շուրջը կամ մեջը նկարում:

Եթե առաջ մանրանկարչության միջոցով ներկայացվել է  թագավորների կյանքը (ինչպես օրինակ Թորոս Ռոսլինը պատկերել է Հեթում թագավորին, ինչպես նաև իշխող էր քրիստոնեական թեմատիկան), ապա մեր ժամանակաշրջանի համար, տիկին Սիրունն առաջարկում է այն օգտագործել տարբեր ընկերություների, բանկերի, կազմակերպությունների տարբերանշանների (լոգոների) ստեղծման համար` որպես այս արվեստի գոյատևման ևս մի տարբերակ: Արդեն իսկ ունի շատ պատվիրատուներ:

Տարիներ առաջ Ժան Պոլ Գեթթի թանգարանում Իսպահանի մանրանկաչության օրերի շրջանակում Սիրուն Երեցյանը  նույնպես ներկայացրել է հայկական մանրանկաչության իր տարբերակը: «Երեք արվեստագետ կար` պարսիկ, հրեա և ես: Լոս Անջելես Թայմզ թերթը կարծիք էր հայտնել, թե ինչու է այս ցուցադրությունը կոչվում Իսպահանի մանրանկարչության ցուցադրություն, այն պետք է կոչվի հայկական: Բայց չէ որ հենց մենք էինք Իսպահանում այդ արվեստը զարգացնում: Մենք ընդհանրապես շատ լավ արվեստ ունենք, բայց ոչ մեկը չի գնում, չի վաճառում, չեն ներկայացնում աշխարհին:  Ինչու է աշխարհը մեզ անտեսել» Ս.Ե.:

Տիկին Սիրուն տարիներ առաջ դասավանդում էր դպրոցներում`համոզված, որ մանրանկարչության արվեստը պետք է չմեռնի. «Եթե մեկը սիրամարգ կարողանա գծել և գույները պատկերել, ախր աշխարհի բոլոր գույները կան այդ թռչունի մեջ, ապա ամեն ինչ կկարողանա նկարել: Ես շատ սիրամարգ եմ նկարել: Բոլոր խորանների վրա, բոլոր մանրանկարիչները սիրամարգ են պատկերել, որովհետև այն ունի քրիստոնեկան սիմվոլիզմ: Դարվինն էլ այն բնութագրում է որպես բնության բոլոր գույները կրող էակ»:  Սիրուն Երեցյանը  նաև հայկական մանրանկարչության միջոցով կարողացել է օգնել ազատազրկման ժամկետը լրացրած մարդկանց` դուրս գալ սխալ ուղուց, որոնց դասեր է տվել կաթոլիկ եկեղեցու իրականացրած ծրագրերի միջոցով: Նա բազմիցս դիմել է Հայ Առաքելական եկեղեցու տեղական թեմին նույն ծրագիրը հայերի համար իրականացնելու նպատակով, սակայն դեռևս ոչ մի պատասխան չի ստացել:

Սիրամարգե տկինը պատրաստվում է հրատարակել է իր տարիների աշխատանքների հավաքածուն: «Մանրանկարչությունը ցերեկվա արվեստն է, իսկ գիշերները բոլորովին այլ դեմք ունեմ»,- ժպտում է արվեստագետը` թերթելով «Անցյալից` ներկայի համար դեպի ապագա» վերնագրով  գրքի էջերը` լինելով իմ կյանքում հանդիպած բոլոր արվեստագետների մեջ առաջիններից մեկը, որ ներկայացնում, մեկնաբանում և բացատրում է իր յուրաքանչյուր կտավը:

«….Աշխարհում կին նկարիչներն անտեսված են: Կարո՞ղ ես հիշել երկու կին նկարչի…»

Ու ես սկսում եմ ճնշել ուղեղս հիշելու համար իմ սեռի այդ տաղանդավոր նմուշներին, ու միայն Ֆրիդա Կալոն է հաղթական մեկ քայլով առաջանում: Իսկ տիկին Սիրունն ունի իր ֆավորիտներին.

«Ասլամազյան կա, որ ինձ համար Սարյանի մակարդակի արտիստ է, բայց ոչ մեկը չի ճանաչում: Պիկասոյից լավ կին նկարիչներ կան, բայց հայտնի չեն: Ես բոլոր այդ կանանց, ինձ էլ նրանց  շարքում,  պատուհանի մեջ ներկայացրել եմ իմ այս կտավում»:

Ռոսլին ցուցասրահը, եթե նրա համար չծառայի որպես արվեստանոց և սեփական արվեստի վաճառատեղի, նման տնտեսական պայմաններում անիմաստ կլինի պահել: Տիկին Սիրունը նախընտրում է արվեստագետների աշխատանքները վաճառել նրանց կենդանության օրոք, որպեսզի իրենց նրանք կարողանան գումար վաստակել: Արվեստագետի մահից հետո նրա աշխատանքների գինը բարձրանում է, մեծանում է նաև կեղծելու վտանգը:  Մահից հետո սիրելի դառնալու օրինակով սրահի տիրուհին ինձ ցույց տվեց պատի աջ անկյունում կախված Ալեքսանդր Գրիգորյանի Թումանյանի Անուշին պատկերող  նկարը. «Ամուսնուս ընկերն էր: Իր կենդանության օրոք  ընդամենը հարյուր հիսուն դոլար էր, ոչ ոք չէր գնում, խնդրում էի, քանի որ մարդը դրամի կարիք ուներ: Հիմա երեք-չորս հազար է, և գնում են: Մարդիկ հազարներ կտան կոշիկ ու պայուսակ կգնեն, բայց արվեստին չեն տա, կասեն` թանկ է: Կուզեմ, որ ամեն հայ` որպես ներդրում, մի կտավ գնի: Ախր ամեն մի արվեստ մի պատուհան է, ամեն մի նկարը մի աշխարհ է տանում: Եթե երեխան արվեստի մեջ մեծանա, տարբեր մարդ կդառնա, ես իմ տղայի օրինակով գիտեմ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել