Սիրելի բարեկամներ
Դուք գիտեք, որ մոտ քսան օր առաջ դիմել էի քաղաքապետարան՝ խնդրելով քաղաքապետարանի կողմից տեղադրված տոնածառներից մեկը տրամադրել քաղաքացիներին՝ նրանց կողմից ազատ ցանկությունների ու մաղթանքների միջոցով «բովանդակեցնելու» նպատակով: Պայմանականորեն այն անվանել էի «քաղաքացիական տոնածառ»: Համբերությամբ սպասեցի մինչև այսօր: Որևէ պատասխան չեմ ստացել: Համարում եմ, որ քաղաքապետարանը մերժել է այս փոքրիկ առաջարկը: Միաժամանակ ուզում եմ հիշեցնել, որ Նոր Տարին, ինչպես առհասարակ որևէ սահմանային ժամանակ, ծիսական կյանքում կրում է ինչպես անձնական-անհատական, ընտանեկան, այնպես էլ՝ հանրային մտահոգությունների դրսևորման «տարածք-ժամանակի» բնույթ: Քանի որ հայ ժողովրդական տոների հանրային բնույթի ծիսական գործողությունները գլխավորապես «գյուղական» տարածքի համար են, իսկ քաղաքային կյանքի ծեսերը ԽՍՀՄ շրջանում մեծ չափով «ճնշվել են» ԽՍՀՄ գաղափարախությանը սպասարկող ծեսերի կողմից, մեր տոնական մշակույթում հանրային կյանքի արտահայտման ծիսական քաղաքային մշակույթ համարյա չունենք: Իսկ դրա կարիքը շատ կա: Տոնը, տոնական մշակույթը մեկ անգամ ընդմիշտ տրված երևույթ չէ, այն դինամիկ զարգացող մշակույթ է, և սովորաբար «լցվում է» կամ իշխանությունների առաջարկով, կամ ժողովրդական մտահղացումներով: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ շրջանցել Երևանի քաղաքապետարանի մերժող լռությունը, և, այնուամենայնիվ, իրականացնել «քաղաքացիական տոնածառի» երևույթը: Սկզբում մտածում էի, որ «հանրային ցանկությունների ու մաղթանքների» վայր Երևանում կարելի է ընտրել քաղաքապետարանն ինքնին՝ նրա պատերին կպցնելով մի կողմից անցնող տարվա հետ հանրային կյանքի մերժելի երևույթների ցանկությունների տեքստեր կամ խորհրդանշաններ, մյուս կողմից՝ մաղթանքներ, ցանկություններ՝ սպասվող տարուց: Բայց հետո ինչ-որ տեղ կարդացի, որ քաղաքապետարանի շենքը կարծեք թե մասնավոր տարածք է, և քաղաքապետարանը այդ շենքում միայն ֆունկցիոնալ է՝ վարձակալած տարածքում: Բացի այդ, Երևան քաղաքի ամանորյա հանրային ծիսական կյանքը կենտրոնացված է Հանրապետության հրապարակում: Ուստի առաջարկում եմ որպես հանրային կյանքի հետ կապված մերժելի և ցանկալի մաղթանքների արտահայտման վայր ընտրել Հանրապետության հրապարակում գտնվող պատմության թանգարանի շենքը: Առաջարկում եմ այսօրվանից՝ դեկտեմբերի 30-ից սկսած մինչև հունվարի 6-ը Պատմության թանգարանի՝ Հանրապետության հրապարակին նայող ճակատային պատերին փակցնել ձախ կողմում (դեմքով թանգարանին նայելով) մերժելի երևույթների մեկական ցանկություն կամ խորհրդանիշ, աջ կողմում՝ ցանկալի երևույթների մաղթանք: Բոլորը՝ հանրային կյանքին վերաբերող: Հուսով եմ, որ ցանկություն-մաղթանքները պատերին փակցնելիս կառաջնորդվենք հանրությանը, այսինքն՝ մեր հասարակությանը պատկանող շենքը խնայելու և չփչացնելու քաղաքակիրթ վարքով: Միայն սոսնձել: Կլինի դա թուղթ, թելերով, լարերով, փայտով, կտորի վրա, որևէ այլ նյութով իղձը արտահայտող ստեղծագործություն՝ խորհրդանկար, քանդակ, լուսանկար, չափածո, արձակ...Հուսով եմ, որ քաղաքային իշխանությունները չեն խանգարի քաղաքացիների այս անմեղ նախաձեռնությունը: Ավելին, հուսով եմ՝ կօգնեն: Չխանգարելով: Վերջ ի վերջո, տոնը, տոնահանդեսի մշակույթը ստեղծագործական գործընթաց է: Հունվարի յոթին կհավաքենք և կուսումնասիրենք 2013-2014թթ. սահմանային ժամանակային տարածքում, երբ տեղի է ունենում հնից նորին ծիսական փոխանցում, Երևան քաղաքում Նոր Տարուն քաղաքացիների կողմից արտահատված հանրային մտահոգությունները:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hranush.kharatyan/posts/275093785976238?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել