(Տպավորություն վարչապետի ասուլիսից)
Մեր ընթացքն ահա արդեն քսան տարուց ավելի է, ինչ կանգ է առել: Ավելին, մեր լինելության անխտիր բոլոր ոլորտներում` սկսած կարևորագույն՝ հոգևոր-բարոյական, մշակութայինից և վերջացրած նյութական-տնտեսականով, հայ ժողովրդի պատմության մեջ իր նախադեպը չունեցող հետաճ է արձանագրվում: Հուսահատեցնողն այն է, որ դեգրադացվածության այս մթնոլորտը շատերիս համար արդեն սովորական, իսկ որոշների համար անգամ հարազատ է դարձել, և մենք ազգովի, կարծես նպաստում ենք նրա ամրապնդմանը… Մեր այս վիճակի սկզբնավորման և հաստատման մեջ բազմաթիվ մեղավորների կարելի է մատնացույց անել, բազում արտաքին պատճառներ կարելի է նշել, սակայն ամենակարևոր և գլխավոր պատճառը Ազգային Գերագույն Նպատակի բացակայությունն է… Իր պատմության ընթացքում Հայ ազգի ենթագիտակցության մեջ այդ նպատակը միշտ տպված է եղել: Տարբեր ժամանակներում՝ կախված Ազգի առջև ծառացած խնդիրներից, նրա հոգևոր դասը, նրա ճշմարիտ առաջնորդները գիտակցականի հարթություններում երևակել են այդ գերագույն նպատակը և ցույց են տվել առ այն ընթանալու ուղենիշները… Մեր երկրի ժամանակակից կառավարիչներից, ավելին՝ մեզ առաջնորդել հավակնողներից չկա մեկը, ով գիտակցած կլինի այդ նպատակի գոյության անհրաժեշտությունը… Մեր վարչապետի ելույթ-ասուլիսն էլ սրա վառ ապացույցն էր…
Այսօր, արդեն անհարմար է խորիմաստ «մտքեր» արտահայտել այն մասին, թե աղքատության հաղթահարման համար անհրաժեշտ է բարձր աշխատավարձով աշխատատեղեր ստեղծել (է, ստեղծեիք, ո՞վ է ձեռքներդ բռնել), կամ որպես հայտնություն և առնվազն եռամյա մտասևեռումների և խորագույն տնտեսագիտական խմբային վերլուծությունների արդյունք ներկայացնել, թե Մաքսային միությանը անդամակցելը տնտեսապես առավել շահեկան է դուրս գալու Հայաստանի համար, այն դեպքում, երբ «ֆայլաբազարում» կանգնածներից ցանկացածը 5 րոպեում ձեզ կբացատրի, որ եթե արտահանած էներգետիկ ռեսուրսների դիմաց 700 մլրդ դոլար ստացվածքից 500 մլրդ դոլարը Ռուսաստանը ծախսում է պարեն և լայն սպառման ապրանքներ ներկրելու վրա, ապա ժանգոտ մեխ անգամ եթե ունես, այնտեղ կարող ես վաճառել, և որ Եվրամիությունում գերարտադրություն է և «շուկաների պատերազմ» է գնում, ինչի արդյունքում օրեցօր աճում է գործազրկությունն ու վատթարանում է մարդկանց սոցիալական վիճակը, և անգամ երկրներ են սնանկանում, կամ նազկտալ 300.000 աղքատ ընտանիքների մասին այն պարագայում, երբ հանրապետությունում և ազատագրված տարածքներում ահա արդեն քսան տարի է, որ ավելի քան 300.000 հեկտար վարելահող պարապուրդի է մատնված և դեգրադացվում է, իսկ բնակչության 33 տոկոսից ավելին, քաղցած ու ցանկացած աշխատանքի պատրաստ լինելով, ճիշտ կառավարման պարագայում, ի վիճակի է այդ հողերը մշակել, կերակրվել և, ինչու ոչ, նաև երկիր կերակրել, և այլն և այլն…
Այսօր, մեր երկրի հասարակական-քաղաքական, ֆինանսա-տնտեսական, մարդկանց հոգևոր-բարոյական, սոցիալական վիճակները պահանջում են ազատվել ահա արդեն քսան տարի շարունակ օգտագործվող և որևէ լուրջ արդյունքի չհանգեցրած, սովորական, բոլորին հոգնեցրած, հին, իրենց վաղուց սպառած և արդեն շատերի քմծիծաղն առաջացնող գաղափարներից ու մոտեցումներից:
Եթե անկեղծ ցանկանում ենք, որ երկրում բան փոխվի, ապա պահանջվում է էքստրաօրդինար, արտակարգ, արտասովոր, անսպասելի, խելքից-մտքից դուրս, առաջանցիկ գաղափարների մակածում և նրանցից բխող որոշումների իրականացում: Այսօր հրատապ է ֆունդամենտալ նոր պարադիգմաների մշակման համար ունակ, մտքի թռիչք ունեցող երիտասարդ մարդկանց ներգրավումը գործի մեջ, մարդիկ, ովքեր տեսնում են, որ ժամանակին առաջադեմ համարվող բոլոր տրադիցիոն գաղափարները վաղուց արդեն հնացած են և ոչ միայն չեն աշխատում, այլև խոչընդոտում են առաջընթացը, մարդիկ, ովքեր զգում են, որ կիրառվող կառավարման մեխանիզմները այլևս պիտանի չեն և սկսում են նոր տիպի կառավարման օրենքներ մշակել ու ներդնել…
Այսօր բոլոր խոսակցությունները այս կամ այն ոլորտում աճի 5,10, 20, անգամ 30 տոկոսների մասին որևէ արժեք չունեն և որևէ խնդիր չեն լուծում, վիճակ չեն փոխում: Այսօր քննարկման նյութ կարող են հանդիսանալ խոսակցությունները անգամներ աճ ապահովելու մասին… Երկու-երեք տարում աղքատությունը վերացնելու, ապրանքային արդյունաբերությունը զարգացնելու, հնարավորինս ինքնաբավ տնտեսություն ստեղծելու, գործազրկությունը 5-10 տոկոսի հասցնելու, երկրում բարոյահոգեբանական մթնոլորտը կարճ ժամանակում փոխելու, այն առողջացնելու մասին… Ահա այսպիսի բաների վերաբերյալ պիտի խոսեր վարչապետը…
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/artashes.papazyan/posts/445529512239157?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել