Եվս մի նորելուկ տարի կայցելի մեզ: Մանկան աչքերով, մանկան խինդ ու ժպիտով դիմավորել Ամանորը, սրտի թրթիռով սպասել Ձմեռ պապին, բացել նվերներն ու հրճվել ուրախությունից, փայլել ամանորյա աստղի նման …Կա արդյո՞ք ավելի իրական հրաշք:

Որոշ ծնողներ դեմ են

Ձմեռ պապի ամենասովորական և անսովոր հեքիաթ. շատ ծնողներ ոչ միայն վատ բան չեն տեսնում, այլ նաև իրենք են մեծ ուրախություն ապրում, որ իրենց երեխաները հավատում են այս հեքիաթի իրական լինելուն: Բայց քիչ չեն նաև այնպիսիները, ովքեր համառորեն դեմ են այդ ավանդույթին: «Անթույլատրելի և հնացած սովորություն է համոզել կամ թույլ տալ երեխային, որ նա հավատա գոյություն չունեցող երևույթների, փոքրիկը դրանից ավելի երջանիկ չի դառնա, այլ լոկ ավելի երկար ժամանակ մանկամիտ ու շփացած կմնա և, վաղ, թե ուշ, հասկանալով, որ իրեն խաբել են՝ դառնորեն կհիասթափվի ու կսկսի կասկածանքով վերաբերվել նաև ծնողների մյուս հավաստիացումներին»: Այս ամենը շատ համոզիչ է թվում, սակայն իրականում սխալ է: Այն ծնողները, որոնք Ձմեռ պապի գոյությունը ժխտելու գործում «այդքան իրատեսորեն են տրամադրված», սովորաբար ոչ մի ջանք չեն գործադրում (բարեբախտաբար), որպեսզի պայքարեն միանգամայն անհավանական այլ պատկերացումների դեմ, որոնցով լի է երեխայի ամենօրյա կյանքը: Չէ՞ որ խաղերում միշտ շատ են հնարովի բաները: Իրենք՝ ծնողներն էլ, հաճախ հաճույքով են մասնակցում մանկական խաղերին:

Երեխաները պետք է երևակայեն

Երեխաները սիրում են երևակայել, և ամենակարևորը՝ նրանք պե՛տք է երևակայեն, քանի որ դա սեփական անձի մասին ճիշտ պատկերացում կազմելու ամենահուսալի եղանակներից մեկն է: Կյանքի սկզբնական շրջանում իրականությունը չափից ավելի է ճնշում երեխաներին, և նրանք չեն կարողանում հասնել իրենց նպատակներին: Երեխան, երբ խաղում է, իհարկե, մեծի նման չի մտածում: Ըստ էության, նրա գիտակցության մեջ դեռևս ոչ մի տարբերություն չի դրվում իրականության և երևակայության միջև:
Երեխան Ձմեռ պապ երևույթին նայում է մանկան միամիտ հայացքով ու հավատում է այն ամենին, ինչ պատմում ենք նրա մասին: Մենք կարող ենք բացատրել, որ դա ոչ թե իսկական Ձմեռ պապ է, այլ պարզապես հնարովի բան. հագուստները փոխած քեռի, և նա մեզ կհավատա: Բայց արժե՞ արդյոք, ի՞նչ տեղի կունենա նրա հետ, երբ տեսնի, թե Ձմեռ պապով ինչպես են ուրախանում մյուս երեխաները, և նրա մասին լսելիս ինչպես են փայլում նրանց աչքերը: Մենք, իհարկե, կարող ենք համոզել նրան, որ ընդունի մեր տեսակետը, բայց միանգամայն հնարավոր է, որ Ձմեռ պապի գոյությունը ժխտելը վնասի նրա հեղինակությունը տարեկիցների շրջանում: 5 տարեկան երեխայի համար համընդհանուր ճանաչման արժանացած ավանդույթը խախտելը դժվար է և անիմաստ: 

Մի՛ բարդացրեք

Այդ խնդիրը զուր տեղը պետք չէ բարդացնել: Թու՛յլ տվեք, որ փոքրիկը հավատա Ձմեռ պապի գոյությանը: Հավատացե՛ք, դուք նրան իր տարեկիցներից համեմատ ավելի մանկամիտ չեք դարձնի: Ընդամենը կօգնեք, որ նա խանդավառությամբ մասնակցի համընդհանուր տոնին: Ի վերջո, էլ ե՞րբ պիտի մարդն այդքան անկեղծորեն հավատա հրաշքներին, եթե ոչ մանկության օրերին:
Այն պնդումը, թե իբր ամանորյա նվերները երես են տալիս երեխաներին, ճիշտ չէ: Պետք է հնարավորինս կատարել երեխայի ցանկությունները, թող որ դա լինի ամանորյա հրաշքի ձևով:
Ծնողներից ոմանք անհանգստանում են, որ երեխաները հենց որ իմանան, որ խաբել են իրենց, կարող են տառապել, թաքցնել վիրավորանքն ու այլևս չեն հավատա իրենց: Սակայն ոչ մի երեխա, իմանալով Ձմեռ պապի հորինված լինելը, հիվանդագին չի ընդունում այդ լուրը: Մեծահասակները չափազանցում են վտանգը: Ավելի հաճախ տեղի է ունենում պարզագույն մի բան. փոքրիկը ճշմարտությունն իմանում է ընկերներից: Սկզբում նա զայրանում է ու չի հավատում, բայց աստիճանաբար սկսում է գիտակցել, որ աշխարհին պետք է նայել մի քիչ հասուն մարդու աչքերով: Եվ ահա, նա Ամանորից շատ առաջ, սկսում է հետաքննություն կատարել, քիթը խոթում է այս ու այնտեղ և ի վերջո հայտնաբերում, որ իսկական բարերարները ծնողներն են: Երեխան միանգամից չի խոստովանում, որ հայտնաբերել է մեր գաղտնիքը, այլ մեկուսի հպարտանում է, որ ինքն այդքան խորաթափանց է: Լավագույնն այն է, որ նա այդ հայտնագործությունը կատարի 7-9 տարեկանից ոչ շուտ, սովորաբար այդպես էլ լինում է:

Ձմեռ պապը դատավոր չէ

Ծնողները հաճախ բարոյախոսական նպատակներով շահագործում են ձմեռ պապի գաղափարը: Եթե մենք սկսենք սպառնալ և նախազգուշացնել, որ Ձմեռ պապը միայն խելոք երեխաներին է նվերներ բերում, ապա կարող ենք խիստ հուզել երեխային և ակամա կստիպենք, որ նա երազի այնպիսի մեծ նվերների մասին, ինչպիսիք մենք նրան երբեք չենք կարողանա նվիրել: Եվ եթե Ամանորին նա չստանա դրանք, կսկսի մտածել, թե Ձմեռ պապն իրեն այդպիսի նվերի արժանի չի համարել:

Նրա աչքերում Ձմեռ պապը կդառնա դատավոր, որը գնահատում է իր վարքագիծը: Երեխան կսկսի վախենալ Ձմեռ պապից. ընդ որում, նույնիսկ կարող է մեղավորության բարդույթ առաջանալ:

Պետք է հակառակ ձևով վարվել. Ձմեռ պապին պետք է ներկայացնել որպես ուրախ ու բարի ծերունու, որը հավասարապես սիրում է բոլոր երեխաներին: Իսկ երբ մեր երեխան նվերներ ստանա, նրան կարող ենք ասել. «Երևում է, որ դու խելոք ես եղել», եթե նույնիսկ վերջին ժամանակներս նա լավ վարքով աչքի չի ընկել: Թող որ գոնե ամանորյա տոնական օրերին և ամբողջ արձակուրդի օրերին երեխան մտածի, որ իրեն ինչպես էլ պահի, միևնույնն է, ինքը շատ սիրված է. դա նրա համար հիասքանչ զգացում կլինի:

Խորհուրդներ

Երեխային մի՛ նվիրեք այնպիսի բան, որը չի համապատասխանում նրա տարիքին և չի կարող հետաքրքրել նրան:
Հիշե’ք, որ այն, ինչ նվիրում եք երեխային, արդեն նրան է պատկանում, և մի’ շտապեք բացել կամ փորձարկել երեխայի խաղալիքը: Դա կարելի է անել միայն այն դեպքում, եթե երեխան է խնդրում:

Եթե երեխան այլևս չի հավատում Ձմեռ պապի մասին հեքիաթին, սովորեցրե՛ք, որ ինքը նվերներ պատրաստի: Թող հասկանա, որ նվիրելը պակաս հաճելի չէ, քան նվեր ստանալը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել