Kinoashkharh.am-ը գրում է.
Երբեք ինքնանպատակ չհայտնվել բեմում և էկրանին. իր արտիստական գլխավոր սկզբունքը խիստ լակոնիկ բանաձևի է վերածել ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանը: Արդեն տասնամյակներ շարունակ թե´ թատրոնում և թե´ կինոյում աշխատում է այս սկզբունքով: Մոտ 3 տասնյակ կերպարներ հայկական, ռուսական և ուկրաինական կինոյում ու անհամեմատ ավելի շատ թատերական դերակատարումներ. գունեղ, հիշվող ու տպավորիչ դիմանկարների մի ամբողջ պատկերասրահ, որը դերասանը պատրաստվում է համալրել իր երազանքի դերով: Թե որն է Քոթանջյանի անկատար երազանքն ու կյանքի դերը, դեռ չի գաղտնազերծում, բայց որ խաղալու է, չի կասկածում:
- Քանի որ տարին Ձեզ համար հոբելյանական է, ուզում եմ նախ ճշտել` ինչպես եք վերաբերվում հոբելյաններին:
- Ինձ համար դա առիթ է ևս մեկ անգամ հիշելու մարդկանց, որոնց հետ ես մի ամբողջ կյանք եմ անցկացրել: Հոբելյանը հենց դրանով է լավ, որ առիթ ունես հիշելու ոչ միայն կոնկրետ մեկ մարդու, այլև բոլոր նրանց, ովքեր շփվել են քեզ հետ և, բնականաբար, հետք են թողել մեր արվեստում: Մենք չպետք է մոռանանք նրանց, ովքեր արժանիքներ ունեն մեր մշակույթում ու նաև իրենց լուման`արվեստի զարգացման գործում:
- Ընդունված է համարել, որ հոբելյանը նաև ինքդ քեզ հաշվետու լինելու առիթ է: Արվածի ու չարվածի իմաստով ինչպե՞ս եք գնահատում Ձեր 70-ամյակը: Ի վերջո, ստեղծագործող ու հոգևոր արժեքներին հավատարիմ մարդը, որպես կանոն, չի բավարարվում նրանով, ինչ արել է:
- Նույնը կարող եմ նաև ես ասել, քանի որ շփվել եմ մեծ դերասանների հետ ու գիտեմ ` նրանք բոլորն ունեին իրենց մեծ երազանքը: Օրինակ` Փափազյանը ուզում էր խաղալ Տիմոն Աթենացի, Մհեր Մկրտչյանը` Սիրանո դը Բերժերակ, և մյուս մեծերն էլ ուենին իրենց երազանքը, որ չկարողացան խաղալ: Հիմա ես էլ բոլոր դերասանների նման սնոտիապաշտ եմ և անուններ չեմ կարող տալ, բայց, իհարկե, ունեմ իր երազանքները և հույս ունեմ, որ կիրականացնեմ:
- Երբ խոսում են Ձեր կինոդերերի մասին, մշտապես սիրո և գնահատանքի հետ միասին հնչում է ափսոսանքը, թե ինչու ազգային կինոն չկարողացավ լիարժեք օգտագործել Ձեր տաղանդը:
- Չեմ կարող բացատրել, ինձ համար դժվար է գտնել այդ հարցի պատասխանը: Երևի իմ ֆակտուրան մի քիչ ուրիշ էր, ու դա պահանջում էր փոքր-ինչ ուրիշ վերաբերմունք: Նրանք, ովքեր հասկացան դա, կարողացան փոքրիկ դրվագներում օգտագործել, բայց նրանք, ովքեր ուզում էին զուտ հայկական բնավորություն տեսնել… Թեև գիտեք, դժվար է ասել զուտ հայկական, քանի որ իմ բնավորությունն էլ հայկական է, պարզապես տեսակս է մի քիչ ուրիշ: Դա նաև թատրոնում արտահայտվեց, և բրավո Ղափլանյանին, որ կարողացավ նկատել դա և օգտագործել: Բայց այն, ինչ հաջողվեց թատրոնում, ցավոք, կինոն բաց թողեց: Իսկ ռուսական և ուկրաինական կինոյում կարողացան օգտագործել ինձ, և կարծում եմ` դեռ կօգտագործեն: Մեր կինոյում մի քիչ ուրիշ էր: Օրինակ` ”Տղամարդիկ” ֆիլմում Քեոսայանն օգտագործեց հենց այդ գույնը, և կարծում եմ, որ հետաքրքիր ստացվեց: Ցավոք, երևի շատ հաճախ է լինում, որ դերասանը չի գտնում իր ռեժիսորին, և ռեժիսորն էլ չի հանդիպում իր դերասանին: Բայց ես հույսս չեմ կորցնում: Շատ հնարավոր է, որ երիտասարդների մեջ հայտնվեն այն ռեժիսորները, որոնք կուզենան աշխատել իմ տեսակի հետ:
- Ձեր կարծիքով հայ կինոյում կայի՞ն ռեժիսորներ, որոնց հետ հանդիպումը չստացվեց:
- Ես կարծում եմ, որ կային և հիմա էլ կան: Ես շատ եմ գնահատում Սուրեն Բաբայանի որակը: Ցավոք, վերջին տարիներին ինչ-որ չի ստացվում մեր համագործակցությունը: Միայն մի դեպքում մի քիչ ստացվեց` “Մի նայիր հայելուն” ֆիլմում, որում ես լիաթոք չարեցի այն, ինչ կուզենայի անել, և ինձ թվում է` նա էլ չարեց: Բայց ես հույսս չեմ կորցնում` թե Սուրեն Բաբայանի հետ կապված, թե´ մյուսների, որովհետև կարծում եմ, որ ես էլ ասելիք ունեմ, նրանք էլ: Գիտեք, նաև կինոյի մյուս առանձնահատկությունն էլ կա. լավ կինոյի համար անհարժեշտ է լավ ռեժիսոր, լավ դերասան, լավ սցենար և լուրջ ֆինանսներ, բայց էդ ամենը շատ հազվադեպ է մեկտեղվում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ