Բոլոր Ուսխորհուրդների բոլոր անդամներին մի աման լցնելը ոչ թե միայն սխալ, այլև գերծայրահեղական մոտեցում է, դա նման է այն բանին, որ որևէ մեկը կանգնի ու հայտարարի՝ բոլոր դասախոսները կաշառակեր են կամ բոլոր բոլոր հոգևորականներն անբարոյական են: Բնականաբար, որևէ մեկը չի հերքի, որ սխալված կլինեն նրանք, ովքեր նման արտահայտություններ կանեն:
Միևնույն երևույթի շուրջ հավաքված մարդիկ տարբեր են՝ իրենց աշխարհայացքով, իրերի հանդեպ ունեցած վերաբերմունքով, քաղաքական, քաղաքացիական հայացքներով: Ի վերջո, պարտադիր էլ չէ, որ բոլոր նորմալ մարդիկ ունենան միևնույն հայացքները, ինչ ունենք մենք: Մարդու հայացքները կարող են բոլորովին հակառակ լինել մերինից, ընդ որում, բավականին հիմնավորված, մենք պարտավոր ենք հարգել յուրաքանչյուրի կարծիքն ու հասկանալ, որ մյուսներն էլ ունեն սեփական մոտեցումն ունենալու իրավունք:
Հաճախ եմ լսում ընդհանրացնող արտահայտություններ՝ միևնույն երևույթի շուրջ խմբված մարդկանց մասին: Օրինակ, ասում են՝ բոլոր ակտիվիստների բողոքներն ինքնանպատակ են, դրանք մարդիկ են, ովքեր ունեն ինքնահաստատման և իրենց ցույց տալու խնդիր, նրանք կբողոքեն նույնիսկ այն դեպքում, երբ ամեն ինչ իդեալական լինի կամ նույնիսկ՝ նրանք դրա դիմաց ունեն սեփական՝ անձական և ոչ ամենևին ազգային շահ:
Ինչ խոսք, ասվածը չեմ կարող միանշանակ հերքել, այդ հազարավոր ցուցարաների մեջ կգտնվեն և՛ վարձատրության դիմաց բողոքողներ, և՛ ինքնահաստատման խնդիր ունեցողներ, և՛... և՛... և... Բայց ամեն անգամ նման արտահայտություններ լսելիս պատրաստ եմ մինչև վերջ «կռիվ տալ»՝ ապացուցելու, որ գոնե նրանք, ում ես ճանաչում եմ, չունեն նման խնդիրներ, որ նրանց գերխնդիրը ազգային և պետական շահն է: Նրանց մեջ մտերիմներ ու հարազատներ, որոնց ազնվությունը երաշխավորելու համար ձեռքս կրակը կտանեմ՝ առանց մի վայրկյան վարանելու:
Նույն կերպ և Ուսանողական խորհուրդների դեպքում է: Անձամբ ես հպարտությամբ կարող եմ նշել, որ պատիվ ունեմ ներգրավված լինելլ ԵՊՀ ուսանողական խորհրդի աշխատանքների մեջ: Ի սկզբանե նշեմ, որ սա ոչ թե քաղաքական, այլ մշակութային և հասարակական կառույց է նախ և առաջ և գլխավորապես, իսկ քաղաքականապես, նույնիսկ կանոնադրությամբ ամրագրված, անկախ: Ուսանողական խորհրդի նախագահը որևէ քաղաքական կուսակցության անդամ լինել չի կարող, ինչն այդպես էլ կա, իսկ խորհրդի անդամների թվում կան մարդիկ և՛ տարբեր կուսակցություններից (ԲՀԿ, Ժառանգություն, ՀԱԿ, դաշնակցություն և այլն), և՛ բացարձակապես անկախ քաղաքական հայացքների տեր:
Ինչպես քաղաքացիական ակտիվիստների, նույնպես և ուսանողական խորհրդի մեջ ունեմ ինձ հարազատ և ինձ համար չափազանց կարևոր մարդիկ, որոնց կարևորությունը իմ կյանքում ինձ համար չի զիջում վերը նշվածների նշանակությանը և որոնց ազնվության համար պատրաստ եմ նույն կերպ երաշխավորել: Եվ որոնք, հավատացնում եմ, ոչ պակաս (եթե չասեմ, որ նույնիսկ ավելի) հետաքրքրված են ազգիս ճակատագրով, քան նույն ցուցարարներն ու քաղակտիվիստները:
Ի վերջո, կոչ անելով բոլոր իրենց հարգող ուսանողներին հեռանալ ուսխորհրդներից, վարվում ենք այնպես, ինչպես օրինակ, կոչ կանեիք բոլոր իրենց հարգող պատգամավորներին հեռանալ ԱԺ-ից, կամ բոլոր իրենց հարգող քաղաքացիներին հեռանալ երկրից:
Ասածս ինչ է. պետք չէ բոլորին մի արշինով չափել՝ այն միակով, որն այդ պահին կա ձեր ձեռքի տակ:
Հ. Գ. Հպարտ եմ, որ առնչություն ունեմ այնպիսի կառույցի հետ, ինչպիսին է ԵՊՀ ՈւԽ-ն: Եթե կարծում եք, որ իմ՝ ձեր ընկերներում գտնվելը անպատվաբեր է ձեզ համար, ապա կարող եք ինքնամաքրման կոչ անելու փոխարեն ինքներդ ինձ հեռացնել ինձ ձեր ընկերների ցուցակից: )))



