IMG_4981Kinoashkharh.am-ը գրում է.

Մեկ ժամ 13 րոպե Համշենի մասին` վավերագրության լեզվով ու գիտական հենքով: Պատմել – ներկայացնելու այս ձևի ընտրությունը թուրքագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Լուսինե Սահակյանինն է, պատմությունը` «Համշենը անցյալի ու ներկայի խաչմերուկներում» երկու մասանոց հեղինակային ֆիլմը: 2010-2012 թթ. համշենցիների բնակավայրերում փոքրակազմ գիտահետազոտական խմբի դաշտայինհետազոտությունների ընթացքում է ծագել ֆիլմի ստեղծման գաղափարը, ու նշված աշխատանքներին զուգահեռ նկարահանումներ են կատարվել Ռիզեի նահանգի Արդաշեն, Չամլըհեմշին, Հեմշին (Համշեն), Չայելի գավառներում և Արդվինի նահանգի Խոփա գավառում, ինչպես նաև Էրզրումի նահանգում: Կարճ ձևակերպելու պարագայում կարելի է ասել` ֆիլմը գիտահանրամատչելի նյութ է` XVIII դարում Օսմանյան կայսրությունումբռնի իսլամացված, «թուրքացված» Համշենի հայության սերունդների ներկա վիճակի և իսլամացմամբ նրանց հանդեպ գործադրված ցեղասպանության ավերիչ հետևանքների մասին: «Համշենը անցյալի և ներկայի խաչմերուկներում» ֆիլմի կարևորությունը գուցե և չբացատրվի մարտի 22-ին «Մոսկվա» կինոթատրոնի լեցուն կինոդահլիճում անցած պրեմիերայով, բայց վստահաբար ապացույցն է ֆիլմի նյութով հանրությանհետաքրքրվածության: Պրեմիերայից հետո «Կինոաշխարհը» հանդիպեց ֆիլմի հեղինակին: - Խնդրեմ նախ անդրադարձեք «Համշենը անցյալի և ներկայի խաչմերուկներում» պատմության նկարահանման աշխատանքներին:

SAM_0171- Սկսեմ նրանից, որ համշենցիների միջավայրում իրականացրած դաշտային աշխատանքների ընթացքում հավաքած նյութերի մի մասն արդեն հրապարակել եմ գիտական հոդվածներում և «Համշենի մանրատեղանունները» գրքում: Հենց այս ուսումնասիրություններն էլ ֆիլմի հընթացս գրվող սցենարի հիմքն են կազմում: Ի դեպ` սցենարի հեղինակն ու ռեժիսորն ինքս եմ, իսկ սցենարի խմբագիրը` «Ձայն համշենական» թերթի գլխավոր խմբագիր, իմ լավ բարեկամ Սերգեյ Վարդանյանը, որն իր ողջ կյանքը նվիրել է Համշենի ուսումնասիրությանը: Ֆիլմում տեղ գտած բարբառային տեքստերի թարգմանությունը նույնպես Սերգեյ Վարդանյանինն է: Ասեմ, որ նա նույնպես մասնակցել է դաշտային աշխատանքներին: Դրանցից մեկին մասնակցած իմ բարեկամ օպերատոր Ռադիկ Շառոյանի նկարահանումներն էլ տեղ են գտել ֆիլմում, իսկ մոնտաժն Արմեն Ինգիլիզյանինն է: Ի դեպ, ի սկզբանե ֆիլմ նկարահանելու մտադրություն չկար, սակայն տեսնելով, թե ինչպիսի բացառիկ կադրեր են հանդիպում մեզ համշենցիների կենցաղից, մշակույթից, երգ ու պարից, որոշեցի Համշենն ու համշենցիներին հանրությանը վավերագրությամբ  ներկայացնել:

Եվ ի՞նչ ֆինանսավորմամբ կարողացաք նկարահանումները հաջողել:

- Ֆիլմի համար կոնկրետ ֆինանսավորում չի եղել: Դաշտային հետազոտությունների իրականացման համար ինձ աջակցել է ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտը, անցյալ տարի նաև` ՀՀ Գիտության կոմիտեն, իսկ մնացածը եղել է մեր էնտուզիազմը, նվիրումը գործին: Հետագայում մոնտաժային աշխատանքների և անգլերեն ենթագրերի թարգմանության համար անհրաժեշտ գումարը ձեռք բերվեց անձնական կապերով. գործի կարևորությունը գիտակցելով`  մոսկվաբնակ և լոսանջելեսաբնակ բարեկամներս` Սամվել Կարախանյանն ու Հայկազ և Ալիս Հովհաննիսյանները ֆինանսապես աջակցեցին: Կարող եմ ասել, որ արդյունքը սրտով արված աշխատանք է, որը ոչ մի կապ չունի որևէ գրանտային ֆինանսավորման հետ և, ի վերջո, չի վերածվելու բիզնես ծրագրի:

Ձեր ձևակերպմամբ ֆիլմը ինչի՞ մասին է:

- «Համշենը անցյալի և ներկայի խաչմերուկներում» ֆիլմի նյութը գլխավորապես XVIII դարում Օսմանյան կայսրությունում բռնի իսլամացված, «թուրքացված» Համշենի հայության սերունդների  ներկա վիճակն է: Այսօր նրանք հիմնականում ապրում են ներկայիս Թուրքիայի Ռիզեի և Արդվինի, Էրզրումի, Սաքարիայի նահանգներում, ինչպես նաև Ստամբուլում և այլ քաղաքներում: Ֆիլմում ներկայացված են Համշենի հայկական երբեմնի հզոր իշխանությունը և նույնքան հզոր մշակույթը անցյալում ամբողջապես մարմնավորած, այսօր դրանց երբեմնի լինելությունը փաստող կառույցների ավերակներ ու որոշ սովորույթներում պահպանված հայկականության փշրանքներ: Նաև մեկնաբանվում է իսլամացման օսմանյան քաղաքականությունը, որը ոչ այլ ինչ էր, եթե ոչ ցեղասպանության մի  տարատեսակ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել