ԶԼՄ-ների դերը ժամանակակից աշխարհում իրոք ահռելի է: Այսօր տարբեր երկրներում տեղի ունեցող իրադարձությունները հրահրվում են հենց լրատվամիջոցների ու սոցիալական կայքերի միջոցով: Ավելորդ է անգամ նշել, որ Մերձավոր Արևելքում հեղափոխությունների պլանավորման ու տրամաբանական ավարտին հասցնելու ծրագրի հիմնական «պատասխանատվությունը» կրում էին թերթերն ու սոց.կայքերը: Ընդ որում, սա շատ հետաքրքիր ու պարզ տեխնոլոգիա է. եթե երկրում պետք է զանգվածային անկարգություններ հրահրել, գործի են դրվում հեղինակավոր պարբերականները, իսկ նորությունները, տարածվում են նույնչափ հեղինակավոր սոցիալական կայքերի միջոցով: Երբ հեղափոխությունը տեղի է ունենում, սույն երկիրն անմիջապես անհետանում է լրատվական դաշտից, կարծես թչ մի իրադարձություն էլ տեղի չի ունեցել: Եթե հաշվի չառնենք կոնկրետ երկրի մասնագետներին, որոնք զբաղվում են տեղեկատվություն փնտրելով ու վերլուծելով, ապա ոլորտի հետ կապ չունեցող անձն ընդհանրապես տեղյակ չի, թե ինչ է կատարվում դեռևս երեկ հեղափոխության հորձանուտի մեջ գտնվող երկրում: Ո՞վ է տեղյակ, թե ինչ է տեղի ունենում Լիբիայում, Թունիսում և այլ երկրներում: Շատ քչերը, որովհետև գործն այդ երկրներում ավարտված է: Կարծես նման միտում է նկատվում նաև Ուկրաինայում: Եթե դեռ մի շաբաթ առաջ բոլոր թերթերը գրում էին, ուղիղ եթերով ցույց էին տալիս, թե ինչ է կատարվում այնտեղ, բոլորը ստատուսներ էին դնում այս կամ այն բովանդակության, ապա այսօր տեղեկատվական այդ ալիքը անկում է ապրում: Սակայն Ուկրաինայում գործը դեռ չի ավարտվել, և կարելի է սպասել տեղեկատվական նոր հոսքի հզոր հարվածի, այսինքն գրոհից առաջ հանգիստ են առնում և փոխում մարտավարությունը: Օրինակ, «ոստիկանը սպանել է խաղաղ ցուցարարին» տեղեկությունը (ընդ որում կապ չունի՝ այն համապատասխանում է իրականությանը, թե ոչ) ունակ է ծնելու զանգվածային բողոքի նոր ալիքներ: Հիրավի, ԶԼՄ-ներն այսօր հզոր են ինչպես երբեք!
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sargis.asatrian/posts/10201181254002711
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել