Զգուշացիր խաբեբաներից, բողոքող տաքսիստից. քցելու է...
Ժողովրդական իմաստություն
Քաղաքի կենտրոնում փորձում եմ տրանսպորտից չօգտվել, քայլել։ Այս անգամ էլ պիտի ընդամենը մանկավարժական ինստիտուտից մինչև Պլանի գլուխ գնայի, բայց ուշանում էի. տաքսի կանգնեցրի։
Վարորդը հաշվիչը չմիացրեց։ Փոխարենն առանց բարև-բարլուսի, առանց որևէ նախաբանի՝ նույնիսկ առանց ինձ դիմելու, ասաց.
-Ասին, որ վսեսեզոննի պագրիշկա ա, բայց տեղը եսիմ ինչ են գցել, չի պահում, սղում ա։
Ես լուռ մնացի, ի՞նչ իմանամ՝ ում հետ է խոսում։ Շարունակեց.
-Գյ*թ են։ Ախր էսի բանկի տաքսի ա, ջոգո՞ւմ ես,-վերջապես որոշեց անցնել երկխոսության տաքսիստը. -ախր ո՞նց կարելի ա։
-Բանկի տաքսի՞։
-Մեր տաքսի սերվիզի տերը բանկի էն մարդն ա, ով վարկ ա տալիս, ջոգո՞ւմ ես։ Իրա ստորագրությունը չըլնի, ոչ մեկին վարկ չեն տա։ Ու ըտենց մարդուն ըսենց ստից պագրիշկա են տալիս։
Չպատասխանեցի։ «Վարկի մարդու» դարդերով տապակվելն այդ օրվա աշխատանքային պլանումս ներառված չէր։
-Դրանց ախր զանգել էին, զգուշացրել։ Իրանց դիրեկտրն էր զանգել, որ լավ պագրիշկա տան։ Սրանք էլ բռնին, էս 20-հազարնոցը դրին։ Չէ, դու ջոգո՞ւմ ես։
Լռեցի։ Շարունակեց.
-Չէ, որ նայես, վատը չի։ Լավ փափուկ ա։ Ամառն ըլներ, լավ էլ կքշվեր։ Բայց հիմա չի պահում։ Էն օրը տոռմուզ տվի, չպահեց, սղաց դքի վրա, ոռը քերվավ, ջոգո՞ւմ ես։
Վերջապես ջ ո գ ե ց ի, թե մուղամն ուր էր տանում. ավտոն խփել էր, հիմա էլ ինքն իրեն ու աշխարհին՝ ի դեմս ինձ, փորձում էր համոզել, որ մեղավորը պագրիշկա ծախողն է, «վարկի մարդու» պատիվը գետնով տված «գյ*թը»։ Մանկապարտեզ մի խոսքով։
-Հիմա փոխե՞լ ես, -հարցրեցի։
-Չէ, բայց փոխելու եմ։
Հասանք տեղ։ Հազարանոց տվեցի։ Հիշեցնեմ՝ հաշվիչը չէր միացրել։ Այսինքն տաքսու տիրոջը՝ մեծն Վարկի Մարդուն պատրաստվում էր քցել։ Եւ ոչ միայն իրեն... 200 դրամանոց է տալիս.
-Լա՞վ ա, ախպերս։
-Չէ, լավ չի, -հանգիստ պատասխանեցի։
Միանգամից սկսվեց «մոտս վապշե մանր չկա» ներկայացումը. գրպաններն էր քչփորում, ավտոյի ինչ-որ դարակներ բացում-փակում... 500-դրամանոց հանեց.
-Կարո՞ղ ա հարյուր դրամ ունենաս։
Ես էլ գրպաններս քրքրեցի, 70 դրամ դուրս եկավ.
-Էս ա։
Դեմքը փոխվեց ու ծանր լռություն հաստատվեց։ Սպասում ենք, իրար նայում։ Նյարդերը չդիմացան, ձեռքը տարավ՝ մեկ այլ դարակ բացեց... մեջը՝ հինգ-վեց հատ 200-դրամանոց։
Ու տենց...