1984 թվականի աշնանը խորհրդային թերթերը հրապարակեցին պաշտոնական հաղորդագրություն այն մասին, որ ԽՍՀՄ Ներքին գործերի մինիստր Նիկոլայ Շելկովը վտարվել է իր պաշտոնից, զրկվել է գեներալական ուսադիրներից և բոլոր կառավարական պարգևներից: Սա ապշեցուցիչ տեղեկատվություն էր: Շելկովը, ով շուրջ 16 տարի ղեկավարել էր երկրի ուժային կառույցներից մեկը, համարվել էր հանցավորության և կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկը, հանկարծ անփառունակ անկում էր ապրում իր հզորության բարձունքից: Նրա բնակարանում, աշխատավայրում խուզարկություններ կատարվեցին և լույս աշխարհ հանվեցին բազմաթիվ արժեքավոր իրեր, որոնք գնահատվեցին որպես անօրինական ճանապարհով ձեռք բերված հարստություն կամ կաշառք: Դրանց թվում էր նաև Մարտիրոս Սարյանի «Դաշտային ծաղիկներ» կտավը:
Ինչպե՞ս էր Սարյանի աշխատանքը հայտնվել մինիստրի մոտ և ինչո՞ւ այն համարվեց հանցավորության իրեղեն ապացույց: Այս մութ ու խճճված պատմությունը մի քանի վարկածներ ունի, բայց դրանք բոլորն էլ պտտվում են մեկ ընդհանուր առանցքի շուրջ: Համաձայն դրանց, դեպքերն այսպիսի ընթացք են ունեցել:
Հայտնի փաստ էր, որ Շելկովը լրջորեն հրապուրված էր գեղանկարչությամբ և երիտասարդ հասակում նույնիսկ նկարիչ դառնալու երազանք էր փայփայել: Այս հրապույրն էր նաև պատճառը, որ երբ 1971 թվականին նա աշխատանքային այցով եկավ Հայաստան, տեղի պաշտոնյաները մինիստրին ուղեկցեցին Մարտիրոս Սարյանի արվեստանոց: Շելկովն այստեղ զրուցեց նկարչի հետ, դիտեց նրա հին ու նոր կտավները, բայց հատկապես երկար կանգ առավ մի նկարի առաջ, որը կոչվում էր «Դաշտային ծաղիկներ»: Նախարարարական այս «դադարը» ասես ազդանշան լիներ Հայաստանի ՆԳ բարձրագույն սպայակազմի համար: Մինիստրի մեկնումից հետո հայ իրավապահ չինովնիկները 10 հազար ռուբլով գնեցին կտավն ու նվիրեցին իրենց շեֆին: Շելկովը հիացած էր: Նա վերցրեց հեռախոսը, զանգահարեց Սարյանին, շնորհակալություն հայտնեց նվերի համար, իսկ հետո նկարը կախ տվեց իր ամառանոցում: Սակայն նույն օրերին «Սովետական միլիցիա» ամսագիրը գրեց, թե իբր Սարյանն անձամբ է այդ կտավը նվիրել ՆԳ մինիստրությանը, ինչից հետո թանկագին նվերն անմիջապես տրամադրվել է ՆԳՆ Կենտոնական թանգարանին:
Երբ սկսվեց գործի քննությունը, ոմանք պնդում էին, թե հայերը մոլորեցրել են Շելկովին և վերջինս նույնիսկ պատկերացում չի ունեցել` ինչ ճանապարհով է ձեռք բերվել կտավը: Ասվում էր, որ 10 հազար ռուբլու (այն օրերի համար բավականին պատկառելի գումարի) ձևակերպման համար զանազան կարգի մեքենայություններ էին կիրառվել: Մյուսներն էլ կարծում էին, թե Երևանում ընդամենը կատարել են մինիստրի հրահանգը, և դա առաջին դեպքը չէր:
Ամեն դեպքում, պատժվեցին շատերը, վարկաբեկված մինիստրն իր կնոջ հետ ինքնասպան եղավ, բայց նկարն այդպես էլ Հայաստան չվերադարձավ: Իսկ որոշ ժամանակ անց նրա հետքերն ընդհանրապես խճճվեցին: Որտե՞ղ է այս պահին գտնվում Սարյանի կտավը: Այս հարցին այնքան էլ հեշտ չէ պատասխանել: Մենք դիմեցինք սարյանագետների և նրանք մատնացույց արեցին 1987 թվականին Մոսկվայում հրատարակված «Սարյանի ծաղիկները» ալբոմը: Այնտեղ ասվում էր, որ «Դաշտային ծաղիկներ» կտավը հանգրվանել է Սարատովի Ռադիշչևի անվան պետական գեղարվեստական թանգարանում: