1in.am-ը գրում է.
Դեկտեմբերի 17-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արդարացրեց թուրք քաղաքական գործիչ, Բանվորական կուսակցության ղեկավար Դողու Փերինչեքին: Հիշեցնենք, որ Փերինչեքը «միջազգային սուտ» էր որակել Հայոց ցեղասպանությունը, և այն ժխտելու համար 2007-ին Շվեյցարիայի դատարանը նրան մեղավոր էր ճանաչել: Հայ դատի գրասենյակը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած վճիռը դատապարտում է և պատրաստվում քայլերի:
«Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը ՄԻԵԴ-ի կայացրած վճիռը՝ որ մարդն իրավունք ունի ազատորեն արտահայտվել և անգամ հարցականի տակ դնել այնպիսի իրողություններ, ինչպիսին ցեղասպանությունն է, ընդունելի տեսակետ է համարում: Սակայն խնդիրը, ըստ նրա, այն է, որ եթե Հայոց ցեղասպանությունը կարելի է ժխտել, ինչո՞ւ չի կարելի նույնն անել Հոլոքոսթի նկատմամբ, և եթե օրենքը խտրական վերաբերմունք չունենար պատմական նման իրադարձությունների հանդեպ, այլ հավասար լիներ, կարել էր հասկանալ, որ կա սկզբունք, որ մարդու արտահայտման իրավունքը վեր է դասվում, և միանգամայն հասկանալի կլիներ:
«Տվյալ դեպքում սա խտրական վերաբերմունք է, որը ոչնչով հիմնավորված չէ, քան քաղաքական դրդապատճառներով, որովհետև մեր պարագայում մենք ունենք ժխտող կողմ, սա առաջին բուն պատճառն է, իսկ երկրորդն այն է, որ երբ մենք ստորագրեցինք հայ-թուրքական արձանագրությունները, ուզում եմ հիշեցնել, որ այնտեղ կար ենթահանձնաժողովի ստեղծման պատրաստակամություն, որը պետք է զբաղվեր անաչառ փաստերի հիման վրա երկու ժողովուրդների միջև առկա խնդրահարույց հարցերով, որը ինքնին նշանակում էր այդ արձանագրությամբ հարցականի տակ դնել»,- ասաց Արա Պապյանը: Երրորդ պատճառը, Արա Պապյանի խոսքով, Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի՝ քրեականացմանը դեմ որոշումն է: Այս ամենից բացի, այս որոշման վրա իրենց դերն են ունեցել Հայաստան-Եվրոպա քաղաքական հարաբերությունները:
Արա Պապյանը կարծում է, որ այս որոշումը լուրջ վտանգներ է պարունակում. ինչպես ՄԻԵԴ-ի որոշման մեջ հիշատակում կա ֆրանսիական Սահմանադրական խորհրդի վերաբերյալ, նույնն էլ կարող է հիշատակվի (եթե չհիշատակվի, ապա մտքում կունենա), օրինակ, Ավստրալիայում, որտեղ այդ հարցը քննարկվում է, և վստահաբար խիստ բացասական ազդեցություն կունենա Ցեղասպանության ժխտման քրեականացման վրա:
Նա հիշեցրեց, որ ժամանակին ինքը և շատերը ասում էին, որ Ցեղասպանության հարցը չպետք է մտնի դատարան, որովհետև Ցեղասպանության քրեականացման հարցը վիճահարույց հարց է, և կարող է խնդիրներ առաջացնել, մինչդեռ մարդիկ ասում էին՝ Ցեղասպանությունը եղել է. «Ուզում եմ ասել՝ ՄԻԵԴ-ը քննարկեց ոչ թե Ցեղասպանության լինել-չլինելու հարցը, այլ այն, որ մարդն արդյոք իրավունք ունի՞ դրա վերաբերյալ արտահայտվելու և ասելու, որ չի եղել, և գտան, որ, այո, մարդը իրավունք ունի արտահայտվելու»,- ասաց զրուցակիցս:
Եվրոպայի Հայ դատի գրասենյակի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Պետո Դեմիրճյանն«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ իրենք հայտարարությամբ դատապարտում են որոշումը, մանավանդ այն հատվածը, որտեղ ասվում է՝ Հայոց ցեղասպանությունը վիճելի ցեղասպանություն է, որ հստակ կարծիք չկա դրա մասին, սա խիստ քննադատության է արժանացել հայտարարության մեջ: «Մանավանդ ամենավտանգավոր մասը, որ նշել ենք մեր հայտարարության մեջ, նման որոշումը Թուրքիայի մեջ նախևառաջ պետք է ավելի սաստկացնի և հզորացնի աջակողմյան թուրք մերժողական կեցվածքը, իսկ դրա շարունակությունը կլինի այն, որ Թուրքիայի միջից եկած ձայները, որոնք արդարության կոչ կուղղեն Հայոց ցեղասպանության ճանաչման համար, այս մեկ որոշումով պետք է կասեցվեն»,- ասաց նա:
Առավել դատապարտելի է այն հանգամանքը, որ հստակ տարանջատում է դրվում հրեաների Հոլոքոսթի և Հայոց ցեղասպանության միջև. Հոլոքոսթի դեպքում ժխտումը քրեորեն դատապարտելի է: «Ցեղասպանությունը ցեղասպանություն է, և կարևոր չէ, թե որ ժողովրդի հետ է կատարվել»,- ասաց նա՝ հավելելով, որ ՄԻԵԴ յոթ դատավորներից երկուսը դեմ են քվեարկել, հինգը՝ կողմ, ինչը նշանակում է, որ որոշումը միանշանակ չի եղել:
Պետո Դեմիրճյանի խոսքով՝ այն երկրները, որոնք Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք պետք է ընդունեն իրենց խորհրդարանում, ինչպես, օրինակ, Ֆրանսիայում, բնականաբար, Եվրոպական դատարանի այս նախադեպը հաշվի կառնեն, ինչը չի նշանակում, որ Եվրոպայի տարածքի Հայ դատը չպետք է աշխատի այդ ուղղությամբ:
2015-ից առաջ սա, ըստ նրա, ձախողում չէ, քանի որ 15-ը որևէ բանի վերջը չէ, քանի որ 100-ամյակից հետո էլ մենք պետք է աշխատենք այդ ուղղությամբ. «Այսինքն՝ 15-ը որևէ բան չի փոխում, ինչպես նախկինում քաղաքական հաղթանակներ ենք տարել այս ուղղությամբ, բնականաբար պարտություններ էլ պետք է կրենք, սա բնական է: Պարզապես նոր քաղաքականություն է պետք վարել, պայքարը պայքար է, և 15-ին, և 15-ից հետո էլ պետք է շարունակենք պայքարել»,- ասաց նա:
Նա նշեց, որ հիմա միակ բանը, որ իրենք պետք է անեն և կարող են անել՝ վերանայման համար դիմել Շվեյցարիային, որի համար երեք ամիս ժամանակ կա:



