Խմբավար, դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ,
ՀՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանը հայկական երգչախմբային արվեստը դուրս է բերել համաշխարհային ասպարեզ:
Հովհաննես Չեքիջյանը 5 տարեկանից նվագել է դաշնամուր: Սովորել է ծննդավայրի Մխիթարյան և ֆրանսիական Սեն Միշել վարժարաններում, 1951 թ.-ին ավարտել է Ստամբուլի կոնսերվատորիան, 1961 թ.-ին՝ ասպիրանտուրան, միաժամանակ կատարելագործվել է «Էկոլ նորմալ դը մյուզիք» կոնսերվատորիայում՝ պրոֆեսոր Ժան Ֆուռնեի դիրիժորական դասարանում:
Չեքիջյանը 1944-51 թթ.-ին ղեկավարել է Ստամբուլի հայկական եկեղեցու «Դուրյան» և բարեգործական հաստատությունների այլ երգչախմբեր: 1947 թ.-ին նա Ստամբուլի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորն էր, 1957-61 թթ.-ին՝ իր ստեղծած «Չեքիջյան» երգչախմբի խմբավարը, 1958-61 թթ.-ին՝ օպերային թատրոնի երաժշտական ղեկավարն ու պետական երգչախմբի գլխավոր դիրիժորը:
1961 թ.-ին Չեքիջյանը հայրենադարձել է և նշանակվել Հայաստանի պետական երգչախմբի (1969 թ-ից՝ ակադեմիական, 1975 թ.-ին արժանացել է վաստակավորի կոչման) գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր: Առաջին իսկ ելույթներից ի հայտ է եկել երիտասարդ դիրիժորի ինքնատիպ արվեստը: 1962 թ.-ին երգչախմբի հետ մենահամերգով հանդես է եկել Գոհար Գասպարյանը: Նույն թվականին Չեքիջյանի ղեկավարությամբ Երևանում կատարվել է Մոցարտի «Ռեքվիեմը», որը համարվել է տարվա երաժշտական երևույթ: 1982-87 թթ.-ին Չեքիջյանը միաժամանակ Երևանի օպերայի և բալետի թատրոնի տնօրենն ու գեղարվեստական ղեկավարն էր: 1975 թ-ից դասավանդում է Երևանի կոնսերվատորիայում (1982 թ.-ից՝ պրոֆեսոր):
Չեքիջյանը հրաշալի տիրապետում է դասական և ժամանակակից խմբերգային արվեստին, աչքի է ընկնում ինքնատիպ գեղարվեստական մտածողությամբ, կատարողական վարպետությամբ և արտիստիզմով: Նրա ղեկավարությամբ Հայաստանի պետական երգչախումբն ստեղծել է բազմազան ու հարուստ երգացանկ (ավելի քան 800 ստեղծագործություն)՝ հայ և օտարազգի կոմպոզիտորների ստեղծագործություններից, հանդես է եկել ավելի քան 4 հզ. համերգով: Երգչախումբը հյուրախաղերով շրջագայել է մերձբալթյան երկրներում, Ռուսաստանում, Չեխոսլովակիայում, Լեհաստանում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Լիբանանում, Սիրիայում, ԱՄՆ-ում և այլուր:
1970 թ.-ին Փարիզի Շառլ Գրոյի անվան ակադեմիան երգչախմբին շնորհել է միջազգային Մեծ մրցանակ:
Չեքիջյանը ղեկավարել է աշխարհի շուրջ 56 նշանավոր սիմֆոնիկ նվագախմբեր (ԽՍՀՄ պետական հեռուստառադիոյի, Մեծ թատրոնի, Սանկտ-Պետերբուրգի ակադեմիական, Բուդապեշտի ֆիլհարմոնիայի, Մարսելի օպերային թատրոնի և այլն):
Չեքիջյանը նաև հեղինակ է մի շարք վոկալ-սիմֆոնիկ երկերի («Գարնանային անուրջներ», «Ազատության ղողանջներ», «Հանդիսավոր ձոն») և բազմաթիվ երգչախմբային մշակումների:
Չեքիջյանն արժանացել է ՀԽՍՀ (1970 թ.) և ԽՍՀՄ (1975 թ.) Պետական մրցանակների, ՀՀ Մովսես Խորենացու (1997 թ.) մեդալի, ԽՍՀՄ «Ժողովուրդների բարեկամություն» (1980 թ.), Հայ եկեղեցու Սբ Սահակ-Սբ Մեսրոպի (1999 թ.), Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Մեսրոպ Մաշտոցի (1992 թ.), Համաշխարհային հայկական կոնգրեսի «Ոսկե խաչ» (2009 թ.) շքանշանների:
Էկոլոգիական (2001 թ.), Մոնրեալի տեղեկատվական (2008 թ.), Բնության և հասարակության (2009 թ.) միջազգային ակադեմիաների անդամ է:
«...Արվեստը շատացնում է Աստծու տված գեղեցիկը. քարին աչքեր է պարգևում, որ նայի մեզ, ջութակին՝ ձայն, որ լսելի դառնա մեր ներսի լռությունը, բեմում վերստեղծում է մարդու ապրած կյանքը, որ նա տեսնի իր վերելքներն ու անկումները: Արվեստագետներ են բոլոր նրանք, ովքեր շատացնում են կյանքի գեղեցիկը»:
Հովհաննես Չեքիջյան
«Դիրիժոր պետք է ծնվել: Դա կարելի է ասել Չեքիջյանի երաժշտական ճակատագրի մասին. նա ծնվել է դիրիժոր»:
Գենադի Ռոժդեստվենսկի,
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, դիրիժոր
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ardzagank.am/posts/221773888003998:0
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել