Վստահություն չեն ներշնչում վարչապետի կամ այլ պաշտոնյաների հայտարարություններն այն մասին, որ պարտադիր կուտակային համակարգը ներդրվում է, որպեսզի վատ ժողովրդագրական պայմաններում Հայաստանում վաղը, մյուս օրը մեկ երիտասարդին բաժին չընկնի 2 ծեր, ու որ փորձ է արվում մարդկանց իրենց վաստակով, ապահովել բարեկեցիկ ծերություն:
Սրան ոչ միայն ես չեմ վստահում ու հավատում, այլ նաև հենց վարչապետի թիմակցիները: Խնդիրը իմ կարծիքով հետևյալի մեջ է. պետք է էժան և «երկար» փող, որը հիմա ճարելը շատ դժվար է: Դրա համար վերջին մի քանի տարիների ընթացքում վարչապետը խոսում է ներքին ռեսուրսների բացահայտման և օգտագործման մասին, քանի որ Աշխարհի ֆինանսական պապաները այլևս էժան փող չեն տալիս, հատկապես Հայաստանի նման ցածր «իրացվելիություն» ունեցող երկրներին:
Դրա համար մենք, այն է՝ հարգարժան կառավարությունը, սկսեց փնտրել ներքին ռեսուրսներ: Պարզվեց, այս պահին դրանք են՝ եվրաբոնդերը (700 մլն դոլարով տեղաբաշխված) և կուտակային համակարգը: Եվրաբոնդերի վաճառքից առաջացած գումարի մեծ մասը ուղղվեց ռուսական կայունացման վարկի մարմանը՝ մի թեթև ուղղելու համար երկրի վարկային հեղինակությունը (դեռ պարզ չի՝ ծառայե՞ց այն իր նպատակին, թե ոչ), իսկ մնացած մասն էլ (200 մլն դոլար) «քեշ» մնաց մեզ:
Մյուս ներքին ռեսուրսը՝ կուտակային համակարգը, գործի դրվեց ոչ լավ օրից, քանի որ փող է պետք, հարկերը նորմալ չեն հավաքվում, իսկ աշխատավարձերի վճարումները արդեն ձգձգվում են (պետական հիմնարկներ կան, որ 4 ամիս է աշխատավարձ չեն վճարել աշխատակիցներին): Այսպիսով, մենք մանրից վերածվում ենք պետության, որը պարտքով պարտք է մարում: Եվրաբոնդերի ցիկլը շարունակվելու է, որպեսզի հին պարտքը մարվի և մի քիչ էլ տակը «քեշ» մեզ մնա, մինչև տեսնենք՝ Աստված ինչ կտա:
Վերջում կամ էս կուտակային պարտքային փուչիկը կպայթի, կամ էլ պղինձը և ջերմուկը կդառնան միլիոն, ու կսկսենք լավ ապրել Ժողովրդական լեզվով ասած՝ կա՛մ էշը կստակի, կա՛մ էլ էշատերը....
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել