Մութ գիշերներիս մոլորված քնում եկար ինձ այցի լույս երազի պես,
Իրական այնքան, որքան հենց կյանքը չի եղել երբեք,
Եվ այնքան սպիտակ, որքան հենց լույսը ճերմակ չէ գուցե,
Ասես լուսածին ու լուսե փերի:
Եվ մեղմ զեփյուռի նուրբ գուրգուրանքից ալյակ վարսերիդ ալեկոծումը շեշտում էր դեմքիդ,
Եվ գուցե հոգուդ հանգիստ ժպիտը,
Եվ այնքան հանգիստ, որքան օվկիանն է միշտ հանգստանում հողմերից հետո:
Իսկ քայլքդ հատուկ թագուհիներին, թագուհիներին, ով թագ չի կրում,
Զի համեստության դրոշմը ունի:
Եկար ինձ այցի այնքան լուսավոր, որ գուցե գիշերն ինձ էլ չների,
Զի խախտվեց մթի պատվիրանը «սուրբ»:
Իրական էիր, այնքան իսկական, որ ինձ այս կյանքը սուտ երազ թվաց,
Եվ այնքան հանգիստ, ասես այս կյանքից մեղքն էր վերացել:
Եվ թե քնանալն այսքան հաճելի լույս ինձ պարգևեց,
Կգերադասեմ չարթնանալ երբեք,
Զի մեր մութ կյանքում նույնիսկ արևը լուսավորելով նաև այրում է…
Եվ սա  երազ էր, որը ես գուցե կհիշեմ ընդմիշտ, զի սովորաբար չեմ տեսնում երազ,

Եվ չեմ երազում…կհիշեմ ընդմիշտ…լույսը չի մարում…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել