Panarmenian.net-ը գրում է.
Եգիպտոսում, չարտոնված ցույցերն արգելող վերջերս ընդունված օրենքին հակառակ, փողոց են դուրս եկել պաշտոնանկ նախագահ Մոհամմեդ Մուրսիի կողմնակիցները:
Կահիրեում ցուցարարներն անվադողեր են այրել ու իրավապահների վրա քարեր նետել: Ի պատասխան ոստիկանությունն արցունքաբեր գազ ու ջրանետներ է օգտագործել: Ձերբակալվել է մոտ 20 մարդ:
Ուժայինների և «Մահմեդական եղբայրների» կողմնակիցների միջև բախումներ են տեղի ունեցել նաև Ալեքսանդրիայում, որտեղ հարյուրավոր իսլամիստներ են փողոց դուրս եկել: Սցենարը նման է Կահիրեի սցենարին: Իրավապահները ցրել են ցուցարարներին արցունքաբեր գազի միջոցով: Ականատեսները պնդում են, որ տասը մարդ է տուժել:
Ուրբաթօրյա աղոթքի օրը բողոքներ են տեղի ունեցել Դումյատեում, Ֆայումում, Իսմաիլլիում, Բուհեյրում ու Սուեցում: Խուրգադայում հանրահավաք է տեղի ունեցել: Միջադեպեր չեն արձանագրվել, հայտնում է euronews-ը:
Մոհամմեդ Մուրսին Եգիպտոսի նախագահ է ընտրվել 2012 թվականին, երբ պաշտոնանկ արվեց Հոսնի Մուբարաքը: Մեկ տարում նա հասցրեց ամբողջությամբ փլուզել տնտեսությունը, և փորձեց շարիաթի օրենքներ հաստատել երկրում: 2013թ. հունիս-հուլիսին երկրի բնակչությունը, որը դժգոհ էր իսլամիստների կառավարումից, մոտ 15 մլն ստորագրություն հավաքեց Մուրսիի պաշտոնանկության օգտին: Հուլիսի 3-ին եգիպտական բանակը տեղեկացրեց Մոհամմեդ Մուրսիին, որ նա այլևս Եգիպտոսի նախագահ չէ: Զինվորականները գնացին դրան Մուրսիին կամավոր հրաժարականի դրդելու անհաջող փորձերից հետո:
«Մահմեդական եղբայրներ» շարժումը միջազգային կրոնական քաղաքական ասոցիացիա է, որը 1928 թվականին հիմնել է ուսուցիչ Հասան էլ Բաննան Եգիպտոսի Իսմաիլլի քաղաքում: 1933 թվականից ի վեր կազմակերպության կենտրոնակայանը տեղափոխվեց Կահիրե: Հասան էլ Բաննայի մահից հետո 1949թ., 1950-ին շարժման գաղափարախոսը դարձավ գրականագետ Սեյիդ էլ Կուտբը, որը 1966 թվականին մահապատժի ենթարկվեց: Ասոցիացիան բաժանմունքներ ունի Սիրիայում, Պաղեստինում, Իրաքում: Երկրորդ համաշխարհայինի վերջում այն արդեն 500 հազար անդամ ուներ: