Kinoashkharh.am-ը գրում է.

Անցած տարվա նոյեմբերի սկզբին «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի և Կինոգետների ու կինոլրագրողների միջազգային ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչության հրավերով Երևանում էր մոսկվացի կինոքննադատ Անտոն Դոլինը: Նա հանդես եկավ վարպետության դասով, որը գլխավորապես նախատեսված էր կինոփառատոների լուսաբանման հարցերով հետաքրքրված լրագրողների համար:
Ստորև ներկայացնում ենք նրա հոդվածն այժմ ընթացող Մոսկվայի միջազգային կինոփառատոնի մասին, որ ուշագրավ է իր ուրույն դիտարկումներով: 

944192796

Ամեն տարի ՄՄԿՓ-ում տեղի է ունենում մոտ 20 պրեմիերա, որոնք հաճախ անցնում են դատարկ դահլիճներում: Փառատոնի վերջին 10 տարիների որևէ մրցանակակիր, բացի ռուսական ֆիլմերից, չի հայտնվում վարձույթում: Բայց հենց հիմնական մրցույթի գոյությունն է հնարավորություն տալիս ընդգրկելու ծրագրում Մոսկվայի համար արժեքավոր մի քանի հարյուր ցուցադրություն:

Մայրաքաղաքում ընթանում է Մոսկվայի միջազգային կինոփառատոնը` նույն ինքը ՄՄԿՓ-ն: Լավ է ընթանում, բուռն, չթողնելով, որ կանգ առնես ու մտածես, թե ինչու է ընթանում և ուր է ընթանում: 364 ֆիլմ 10 օրվա մեջ, հանաք բան չէ: Իսկ ահա Կաննում` 50-ից քիչ ավելի:

Մինչդեռ մտորելու առիթ կարող էր տալ անգամ բացման ֆիլմը` «Z աշխարհների պատերազմը», որով էլ մեկնարկեց ՄՄԿՓ-ն: Ոչ, խոսքը գեղարվեստական որակների մասին չէ. ի՞նչ ասես, սովորական լավորակ բլոկբաստեր է, գլխավոր դերում` կինոաստղ:  Անշուշտ, դրա պրեմիերան Մոսկվայում տեղի կունենար առանց փառատոնի էլ, բայց քանի որ համընկել է, ուրեմն ինչո՞ւ Բրեդ Փիթին չգցես Նիկիտա Սերգեևիչ Միխալկովի ջերմ գիրկը, ո՞ւմ ես վնաս տալիս:  Այնտեղ, որտեղ եղել են «Հենքոքն» ու «Տրանսֆորմերներ-3»-ը,  ցավալի չէ, որ հայտնվի նաև զոմբիի մասին մարտախառն աղետը: Հետաքրքիր է ուրիշ բան:

Կամա թե ակամա ՄՄԿՓ-ն ընտրել  և աշխարհին ներկայացրել է իդեալական մետաֆոր` նկարագրելու այն ամենը, ինչ կատարվում է երկրի գլխավոր փառատոնում արդեն մի քանի տարի: Չէ՞ որ ՄՄԿՓ-ն փառատոների համերաշխ ընտանիքում տիպիկ զոմբի է:

Դատեք ինքներդ: Մի ժամանակ` շատ վաղուց, այն ապրում ու շնչում էր, բացում նոր անուններ մասնագետների համար, առաջադրում կողմնորոշիչների համակարգ հանդիսատեսի համար: Այսօր հանրությունը վարձույթ ունի, ամենծույլերն ու անօրինապահները` դեռևս վերջնականապես չոչնչացած  տորրենտներ: Քչերն են, որ ցանկություն ունեն կտրվել տնից և հերթ կանգնել «Հոկտեմբեր» կինոթատրոնում բացառիկ ցուցադրության համար: Իսկ մասնագետները տեղեկատվությունը քաղում են անմիջականորեն Կաննից, Վենետիկից, Բեռլինից կամ Լոկառնոյից, Տորոնտոյից, Ռոտերդամից. փառք Աստծո, սահմանները բաց են: ՄՄԿՓ-ն մոլորեցնում է մեզ և վարակում իր վերամբարձ, տենդագին, անառողջ ու ժամանակ առ ժամանակ ագրեսիվ էներգիայով, որի հետևում երբեմն հայտնաբերվում է վախեցնող դատարկություն:

Ես խոսում եմ մրցույթի մասին: Ամեն տարի  բարձր որակավորման կինոգետների թիմն ընտրում է մոտ երկու  տասնյակ կինոնկար, որոնք պետք է ներկայացվեն համաշխարհային պրեմիերայի հատկապես Մոսկվայում` հավակնելով այդպիսով «Ոսկե Սբ. Գեորգիի»: Ամեն տարի դահլիճներն այդ ցուցադրությունների ժամանակ, բացառությամբ ռուս մասնակիցների, որոնք կարող են հրավիրել իրենց ընկեր-բարեկամներին, ընտանիքին ու նկարահանող խմբին, դատարկ են լինում: Չնայած այն հանգամանքին, որ ամեն տարի ժյուրին ընտրում ու պարգևատրում է լավագույններին: Դրանից հետո այդ մրցանակ շահած ֆիլմերը երբեք չեն հայտնվում վարձույթում: Անգամ սահմանափակ: Մրցանակակիրները, ինչպես և նրանց պակաս հաջողակ մրցակիցները, անհետանում են: Դարձյալ բացառությամբ ռուսաստանցիների, որոնք այսպես թե այնպես կգտնեին էկրան տանող ճանապարհը նաև առանց Սբ. Գեորգիի:

Չե՞ք հավատում: Ուրեմն փորձեք հիշել կամ գտնել այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են Միգել Էրմոսոյի «Աստվածային կրակը», Օթման Քարիմի «Սառայի մասին»-ը, Ռեզա Միր Քարիմի «Հեշտից էլ հեշտ»-ը, Մարսել Ռասկինի «Եղբայրը», Ալբերտո Մորայիսի «Ալիքները» և վերջապես Թինջի Քրիշնանի «Թափթփուկները»: Դրանք, եթե գլխի չընկաք, ՄՄԿՓ-ի ոսկե մրցանակակիրներն են վերջին տասը տարում: Այն տարիների, երբ ռուսական վարձույթը զարթնեց թմբիրից և նույնիսկ ավանգարդային կինոնկարներ յուրացնելու ունակություն ձեռք բերեց:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել