Երբ ընթանում էր Երկրորդ համաշխարհային պատերազմը, Չերչիլը զբաղեցնում էր պրեմիեր-մինիստրի պաշտոնը: Ֆաշիստական օդային հարձակումների հետևանքով Անգլիայում հազարավոր մարդիկ զոհվեցին: Երկիրը ցնցվում էր ոչ մի րոպե չդադարող հարձակումներից: Անգլիան կործանման եզրին էր: Ամեն գիշեր իր հետ բերում էր նորանոր զոհեր: Չերչիլի խորհրդականները և ծանոթները նրան խորհուրդ էին տալիս հանձնվել` ինչպես Ֆրանսիան, ինչպես մնացած ողջ Եվրոպան:
Ռումբերի տակ անցկացրած մի գիշեր վճռական եղավ: Չերչիլի մերձավոր ընկերները հավաքվել էին նրա աշխատասենյակում և համոզում էին նրան հանձնվել: Նույն րոպեներին Լոնդոնն ուղղակի հեղեղվում էր թշնամու ռումբերով: Կրկին զոհվում էին անմեղ մարդիկ: Չերչիլի լավագույն ընկերները ասում էին, որ նրա վրա է նոր զոհերի ու երկրի տառապանքների մեղքը… Բայց Չերչիլը հասկանում էր, որ հանձնվելը կբերի ավելի շատ զոհերի, կլինի վերջն այն ամենի, ինչ սիրում էր: Ու նա բռունցքները դեպի օդ պարզելով, ասես սպառնալով ռումբերին, բացականչեց.
-Ես երբեք չեմ հանձնվի: Երբե′ք: Երբե′ք: Երբե′ք:
Ու բոլորը հասկացան, որ հարկավոր է պատրաստվել պատերազմի: Հանձնում չի լինի: Այլևս ոչ ոք երբևէ Չերչիլի ներկայությամբ չարտասանեց «հանձնվել» բառը: Անգլիան իրականում սկսեց պատերազմը: Ոչ բոլոր մարդիկ են նման փորձությունների ենթարկվում: Բայց սա վճռականության ու հոգու ամրության լավ օրինակ է: Չհանձնվել երբեք ու ոչ մի բանում, չհանձնվել թեկուզ և մանրուքներում` ահա կյանքի գլխավոր խորհուրդը:
Նա, ով մեկ անգամ կհրաժարվի իր երազանքից, հնարավոր է այլևս չկարողանա երազել…