1in.am-ը գրում է.

Ֆրանսիայի Հայ դատի գրասենյակը դատապարտել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած վճիռը, որով արդարացվել է Թուրքիայի բանվորական կուսակցության ղեկավար Դողու Փերինչեքը: Վերջինս Շվեյցարիայի դատարանի կողմից դատապարտվել էր Հայոց ցեղասպանության ժխտման համար: Հայ դատի գրասենյակն այս վճիռը մտահոգիչ և վտանգավոր է համարում, նշում, որ այն «զորակցություն է Եվրոպայի տարածքում Անկարայի և Բաքվի կողմից ղեկավարվող ժխտողականության հոսանքին ու հավելյալ ճանապարհ է բացում դրա դիմաց»: 

ՄԻԵԴ վճռին հաջորդեց ֆրանսիական Le Monde պարբերականի հրապարակումը, որում նշված է, որ առաջիկայում՝ ամիսներ անց, ֆրանսիական կառավարությունն օրենսդրին է ներկայացնելու Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ: Պարբերականը նաև հայտնում է, որ նոր օրինագծի մասին պաշտոնապես կհայտարարվի միայն չորս ամիս անց: 

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը նշեց, որ ՄԻԵԴ վճիռն իրոք մտահոգիչ է, այն, բնականաբար, կարող է օգտագործվել որպես նախադեպ, որովհետև, չնայած նույն այդ Փերինչեքն ընդդիմադիր կուսակցությունից էր, բայց որոշ կառույցներ, նաև՝ պետական, շատ բան արեցին, որպեսզի այդ որոշումը կայացվի, այսինքն՝ սա անպայման կկարողանան օգտագործել: 

«Այս ֆոնի վրա հիմա ֆրանսիական խորհրդարանում ուզում են կրկին օրակարգ մտցնել Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, բայց ես շատ լուրջ կասկածներ ունեմ, որ այն կկարողանան այս անգամ անցկացնել, իսկ եթե անընդհատ բարդություններ լինեն նմանատիպ օրենքների ճանապարհին, դա լավ չէ, և մեզ մտածելու տեղիք է տալիս՝ ինչպես վարվենք. նոր մարտավարություն է պետք մշակել այս ուղղությամբ»,- ասաց նա: Հովհաննիսյանի խոսքով՝ սա թե՛ մտահոգիչ է, թե՛ վտանգավոր, քանի որ իսկապես նախադեպային կարող է լինել: Թուրքագետը նշեց, որ նոր օրինագծի հաջողությանը կասկածելու հիմք է տալիս նաև այն, որ ունենք մերժում 2012-ին՝ նույն պատրվակով. որոշվել է, որ սա խոսքի ազատությանը դեմ է, ուստի և սա մտահոգիչ տենդենց կարող է դառնալ, և այդ իսկ պատճառով տակտիկական, մարտավարական քայլերն է պետք մշակել, ձեռնարկել, նաև բողոքարկել: «Թուրքիան այս ուղղությամբ ակտիվ աշխատում է: Ինչ-որ չափով չժխտելով բուն փաստերը՝ միաժամանակ մեկնաբանությունները տանում է այն ուղղությամբ, որ սա Ցեղասպանություն չէ, այլ ուղղակի երկկողմանի ողբերգություն Առաջին աշխարհամարտի շրջանակներում»,- ասաց նա: 

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի կարծիքով, սակայն, եթե նոր օրինագիծը մեծամասնությունը ներկայացնի, այն կարող է հաջողություն ունենալ: «Եթե կառավարությունն է ներկայացնում, հավանականությունը շատ մեծ է, որ ընդունվի, մեծամասնությունն իրենք են: ՄԻԵԴ որոշումը մտահոգիչ է: Եթե այն անփոփոխ մնա, բնականաբար, կարող է իբրև նախադեպ գործածվել, և արդեն բարդությունը հենց դրա մեջ է: Այս վճիռը բողոքարկել կարող է միայն Շվեյցարիան, և այս դեպքում վստահ չեմ, որ իր բողոքարկման ժամանակ կարող են շահագրգիռ կողմեր մասնակցել: Այստեղ բոլորով պիտի միավորվենք, ապահովենք, որ այն բողոքարկվի, և այդ բողոքարկումն արդյունավետ լինի»,- ասաց նա՝ տեղեկացնելով, որ ընդամենը երեք ամիս կա բողոքարկման համար: 

Ֆրանսիայի Հայ դատի գրասենյակի ղեկավար Հրաչ Վարժապետյանը նշեց, որ օրինագծի ներկայացման մասին լուրերը դեռ հաստատված չեն, միայն հայտնի է, որ նախագահ Սարկոզիի օրոք վերջին օրինագծի ձախողումից հետո, որ հասավ մինչև Սահմանադրական խորհուրդ, մինչ օրս նոր տեքստի պատրաստություններ են տարվում, սակայն դեռևս որևէ երաշխիք չկա, որ այս օրինագիծը պիտի դրվի սեղաններին: «Նոր օրինագծի մշակման հավանականության աստիճանը դժվար է կանխատեսել, ըստ իս, այս Եվրոպական դատարանի որոշումը կարող է նաև ազդել, բացասաբար ազդել այստեղի նոր օրինագծի վրա, փոխել իրավիճակը: Սա գնդակով մեկը մյուսի հետ խաղալու սիստեմ է. Եվրոպական դատարանը շահագործում է Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի տեսակետը, և բացառված չէ նաև, որ նույնը պատահի առաջիկայում այստեղ, ու Ազգային ժողովում կամ ծերակույտում գոյություն ունեցող հակահայ ճակատը շահագործի նաև Եվրոպական դատարանի այս որոշումը, այսինքն՝ սա փոխկապակցված խնդիր է, որտեղ տուժող կողմը, բնականաբար, հայկական կողմն է»,- ասաց նա: 

Վարժապետյանի խոսքով՝ առաջին հերթին, Ֆրանսիայի օրինագծից առաջ, ՄԻԵԴ որոշումից հետո՝ հայկական կողմի աշխատանքը պիտի լինի համակարգված, ընդ որում՝ պիտի իրենց ջանքերը միավորեն թե՛ Հայաստանի իշխանությունները, թե՛ Սփյուռքում գործող հայկական կազմակերպությունները, պետք է համագործակցել, գնալ դեպի Շվեյցարիա, շվեյցարական իշխանություններին համոզել՝ վերանայել այս որոշումը: Ըստ Վարժապետյանի՝ անհրաժեշտ է ամեն գնով փորձել հասնել այս վճռի վերանայմանը, բոլոր ուժերը գործի դնել, եռամսյա այս ժամանակահատվածն օգտագործել և Եվրոպական դատարանից պահանջել վերանայել այս որոշումը: «Այստեղ թուրքական կողմն աշխույժ աշխատանքներ է տարել, և այս՝ թուրքական ակնոցով դիտված հաջողությունը, որ արձանագրվեց Եվրոպական դատարանում, թուրքական աշխատանքի մեկ արդյունքն է, բայց դա չի նշանակում, որ հայկական կողմը պիտի ձեռքերը ծալած նստի: Սփյուռքի ու Հայաստանի իշխանություններն իրենց ուժերը պիտի համակարգեն և ուղղորդեն նույն ուղղությամբ, դա անկասկած է, որպեսզի կարողանանք այս հանգրվանը ևս հաղթահարել, գնալ առաջ, այդպես պիտի լինիր, ճանապարհը դժվար է, բայց զենքերը ցած դնելու տրամադրություն չկա, հակառակը՝ պետք է պայքարը շարունակել, նույնիսկ եթե մեծ հարված էր այս պատահածը, այս որոշումը, մենք պիտի շրջանցենք նաև այս հարվածը, այսպես է քաղաքական կյանքը, պիտի վստահ շարունակենք մեր աշխատանքը»,- ասաց նա: 

Վարժապետյանը համոզմունք հայտնեց՝ ի վերջո, հաջողությունը հայկական կողմի ձեռքում պիտի լինի, որովհետև խոսքն արդարության մասին է, և բնական է, որ այն երբեք չի կարող լինել թուրքական կողմինը, այս ամենը Թուրքիայի համար ժամանակավոր հաղթանակներ են, իսկ ամբողջական պայքարում հաղթանակը մեր կողմում է: Ամեն դեպքում, ըստ Վարժապետյանի, դեռևս Ելիսեյան պալատի և Ֆրանսիայի նախագահի կողմից պաշտոնական հաստատում չկա նոր օրինագծի վերաբերյալ, սա ընդամենը մեծ պատրաստություն է:

«Ես պարզապես ապշած եմ, որ խոսքի ազատության անվան տակ, որ պաշտպանում է եվրոպական արդարադատությունը, կարող է կասկածի տակ առնվել Ցեղասպանությունը»,- իր մտահոգությունն է հայտնել Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Վալերի Բուայեն: Նրա կարծիքով՝ Ստրասբուրգի դատարանն ասես կտրված է իրականությունից և հայկական ծագում ունեցող բազմաթիվ եվրոպացիների առօրյայից: Բուայեի խոսքով՝ որոշումն առավել քան մտահոգիչ է: Նա հույս է հայտնել, որ որոշման հիմքում ընկած չէ Ցեղասպանության ժխտման քաղաքականությունը: Պատգամավորը սթափության կոչ է արել և հիշեցրել Շվեյցարիայի իշխանություններին, որ նրանք բողոքարկելու համար երեք ամիս ունեն: Բուայեն հույս է հայտնել, որ շվեյցարական իշխանությունները կկարողանան արագ գործել: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել