Նյութի առաջին մասում մենք անդրադարձանք այն տեղանունեերին որոնք փոխառվել էին այս կամ այն ձևով: Իսկ ահա այս հատվածում մենք կանդրադառնանք հայրենիքում վերահաստատաված տեղանուներին: Իսկ ինչպե՞ս են դրանք առաջացել, ի՞նչ պահանջով են իհայտ եկել, այս և այլ հարցերի անդրադառնանք այս հատվածում:
Տոպոնիմիկայից հայտնի է, որ տեղանունները կարող են նույնը լինել և գտնվել միանգամայն իրարից հեռու վայրերում։ Դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ տվյալ վայրի բնակիչները մասնակի կամ էլ ամբողջապես տեղափոխվում են մի նոր տեղ և ի հիշատակ իրենց նախկին ծննդավայրի, պահում են նրա անունը։ Այդպիսի օրինակ կարող են ծառայել Ամերիկայում ստեղծված անունների կրկնությունը։ Սակայն Երևանում վերահաստատված տեղանունների պատմությունը այլ է։ Դրանք սոսկ աշխարհագրական անունների տեղափոխություն չեն, այլ տեղանուններ են, որոնք վերահաստատվել են Երևանում, կապված հայրենադարձաթյան հետ։ Սա կապված է աշխարհի և մարդկության առաջ կատարված այն հանցագործության հետ, որը կատարվեց սուլթանական Թուրքիայի կողմից։
Երբ սկսվեց համաշխարհային աշխարհավեր պատերազմը, ապա պանթյուրքիստները պատեհ առիթը չթողեցին և անցան վաղուց ծրագրված իրենց հայաջինջ քաղաքականության իրագործմանը։ Կատարվեց պանիսլամիստների երազած և պանթյուրքիստների ծրագրած գործերի իրականացումը։
Այդ կանխամտածված ոճիրը իրագործեցին Իթթիհատ վե թերաքք կուսակցության տրումվիրատւը՝ Թալիաթ, Էնվեր, Ջեմալ փաշաները։
Հայերի տարագրումը դեպի Միջագետք Գերմանիայի համար ուներ նաև ռազմա-տնտեսական նշանակություն։ Նա ուզում էր Բաղդադի գծի շուրջը տեղավորել այնպիսի մի կենսունակ տարր, ինչպիսին են հայերը։ «Եվ հայ ժողովրդի բաժինը եղավ դաժան պատիժը,— մի կողմից կոտորածները, մյուս կողմից բռնի գաղթեցումը իրենց բնակավայրերից» (Ա. Մնացականյան):
Հայերի ջարդերի մանրամասնություններն այնպիսին են, որ մարդկային միտքը հրաժարվում է դրանք ըմբռնել։ Իթթիհատական տրումվիրատի չարանենգ ու ծածկամիտ ցեղասպանությունը աննախընթաց եղեռնապատում էր։
Հայ ժողովրդի մի մեծ զանգվածի բեկորներ տարագրվեցին Արաբական անապատներ, որտեղից էլ մի զգալի մասը անցավ Մերձավոր Արևելքի երկրներ և բնակություն հաստատեց այնտեղ։ Հետագայում, արդեն քեմալական իշխանության օրոք, Անատոլիայի հյուսիս-արևմտյան մասում (Բութանիայում և Իզմիրում) կենդանի մնացած հայերընույնպես տարագրվեցին։ Սրանք էլ միացան թուրքական յաթաղանից հրաշքով կենդանի մնացած իրենց եղբայրներին և գնացին օտար ափերում օթևան փնտրելու։ Նրանց մի մասը գնաց ավելի հեռավոր երերներ, ընդհուպ մինչև Եվրոպա և Ամերիկա։
Ժամանակի ընթացքում, սկսած 1925 թվականից, օտար ափերում հանգրվան գտած հայերը սկսեցին ներգաղթել հայրենիք՝ Սովետական Հայաստան։ Դրանցից շատերը բնակություն հաստատեցին Երևան քաղաքի շրջակայքում։ Նորաստեղծ թաղերից ու ավաններից շատերին տրվեցին այն գավառների ու քաղաքների անունները, որտեղից տարագրվել էին հայերը։ Դա բնական էր, որովհետև գալով Հայաստան՝ նրանք ցանկացան պահել թե իրենց և թե իրենց հայրերի ու տատերի ծննդավայրերի անունները, այն նվիրական տեղանունները, ուր նահատակվեցին իրենց հարազատները։ Այդ տեղանուններով հայրենի երկրում կոչեցին ոչ միայն առանձին բնակավայրեր, այլև թաղեր, որոնց զգալի մասը կազմում է Երևանի անբաժանելի մասը։
Ի դեպ, սկզբնական շրջանում Երևանի թաղերի անուններն սկսվում էին «նոր» ածականով, բայց ժամանակի ընթացքում «նոր» մասնիկը ընկավ և այժմ այդ անունները արտասանում ենք առանց «նոր»–ի։ Այսպես, օրինակ, ասում ենք ոչ թե Նոր Զեյթուն կամ Նոր Սեբսատիա, այլ ուղղակի Զեյթուն, Սեբաստիա և այլն։ Ամենահին տեղանուններից են Բութանիան, Արաբկիրը, Մալաթիան, Սեբաստիան, Կիլիկյան, Մարաշը, Կամարակը, Զեյթունը։
Հաջորդ գրառման ժամանակ կանդրադառնանք «Բութանիա» տեղանվան ծագման պատմությանը: