1in.am-ը գրում է.
Ամերիկացի դերասան Փոլ Ուոքերի մահվան գործով զբաղվող քննիչները չեն գտել ապացույց առ այն, որ վթարի են հանգեցրել մեքենայի տեխնիկական անսարքությունները: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով ամերիկյան ԶԼՄ-ներին:
«Ֆորսաժ» ֆիլմաշարի աստղը վթարի էր ենթարկվել Լոս Անջելեսից ոչ հեռու գտնվող Սանտա-Կլարիտա քաղաքում, որտեղ նա գտնվել էր ավտոշոուի մասնակցելու նպատակով:
Նա եղել էր ընկերոջ վարած Porsche Carrera GT-ում: Ընկերը կորցրել էր մեքենայի կառավարումը, այն հարվածել փողոցային լուսավորության սյանը, այնուհետև մխրճվել ծառի մեջ ու հրդեհվել: Ուոքերն ու ընկերը տեղում մահացել էին:
Hollywood Reporter-ի տվյալներով՝ վթարի պատճառ չէր կարող լինել նաև երթևեկելի հատվածում եղած աղբը: Քննության ընթացքին տեղյակ իրավապահ մարմինների աշխատակիցը հայտարարել է, որ իրենց կարծիքով՝ վթարի է հանգեցրել արագությունը: Հունվարին Կալիֆոռնիա կժամանեն Porsche ընկերության ինժեներները, ովքեր կփորձեն իրավապահների հետ պարզել մեքենայի ընթացքի արագությունը: