Քաղաքական դաշտում միշտ էլ պատահական մարդիկ լինում են, առավել ևս, երբ այդ մարդիկ քաղաքականության են գալիս ոչ թե անձնական ունակությունների, խարիզմայի և քաղաքական գործչին հատուկ որակների շնորհիվ, այլ ինչ-որ մեկի «բարձր» հովանավորության արդյունքում: Ավելի պատկերավոր ասած, ոչ թե ինքն իրեն «աճում» է բնական պայմաններում, այլ արհեստականորեն «աճեցվում» է: Հաճախ է խոսվում ՀԱԿ-ի փլուզման պատճառների մասին, սակայն արդյո՞ք խոսվում է այդ փլուզման հիմնական պատճառի մասին: Իրականում դրա պատճառը ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի անձնական ամբիցիաներն ու քաղաքական «ժառանգորդի» հարցում ոչ ճիշտ ընտրությունն էր: Ընդհանրապես, Տեր-Պետրոսյանի քաղաքական էգոիզմը միշտ էլ բացասական ազդեցությունն է ունեցել ինչպես մեր երկրի հեռանկարի, այնպես էլ իր ղեկավարած քաղաքական ուժի վրա: Տեր-Պետրոսյանը երբեք չի սիրել իր կողքին ունենալ վառ անհատականությունների, իրական լիդերների, որոնք որոշակի ինքնուրույնություն կարող են դրսևորվել, դեմ դուրս գալ տերպետրոսյանական դոգմաներին, առաջ քաշել և պաշտպանել ավելի մրցունակ գաղափարներ: ՀԱԿ-ի դեպքում նույնպես գործել է միևնույն սկզբունքը, երբ Լևոն Զուրաբյանը դարձավ ՀԱԿ-ի համակարգող, ապա ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար: Փաստորեն ընտրվել էր ոչ թե իրական լիդեր, այլ հլու-հնազանդ կամակատար, ով կընդունի Տեր-Պետրոսյանի բոլոր ցուցումներն անվերապահորեն, մինչդեռ այդ նույն ժամանակ իրական լիդերներն ու պայքարողները ճաղերի ետևում էին: Պատահական չէ, որ բոլոր այն գործիչները, ովքեր ժամանակին Տեր-Պետրոսյանի կողքին են եղել, ապա գաղափարական և այլ պատճառներով հեռացել են՝ արժանացել են Տեր-Պետրոսյանի կողմից գռեհիկ գնահատականների: Պատահական չէ, որ բոլորովին վերջերս քաղաքական միևնույն երբեմնի ճամբարի ներկայացուցիչների՝ Նիկոլ Փաշինյանի և Սասուն Միքայելյանի կողմից ստեղծված նոր քաղաքացիական միավորումը արդեն պիտակավորվեց Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից:
Հ.Գ Լևոն Տեր-Պետրոսյանն այդպես էլ չհասկացավ, որ այսօրվա մեր պետության խնդիրների հիմքերը դրվել են իր իշխանության տարիներին, և «Պայքա´ր, պայքա´ր մինչև վերջ» կարգախոսի առաջին տապալողը հենց ինքն է եղել:
Նա նաև չհասկացավ, որ ՀԱԿ-ի տապալման գլխավոր պատճառը իր կողմից ոչ ճիշտ ղեկավարի «աճեցումն» ու ամեն գնով «Լյովի´կ, Լյովի´կ մինչև վերջ» «կարգախոսն» էր, քանզի այդ նույն «Լյովիկին» այսօր հաճախ ենք տեսնում իշխանության այս կամ այն թևի հետ շփումներում, այն նույն իշխանության, որին ժամանակին ավազակապետություն էին անվանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել