Նոր մեդիան ավելացրեց մարդկանց առավել տեղեկացվելու, հաղորդակցվելու հնարավորությունները: Մասնավորապես համացանցում ընդամենը մի քանի վայրկյան է անհրաժեշտ արագ տեղեկացվելու համար: Համացանցի հնարավորությունները հաշվի առնելով` այսօր մեր` սովորական քաղաքացիներիս զգալիս մասը տեղեկատվություն փնտրում է հենց այնտեղ: Հենց դա հաշվի առնելով` ամեն օր ավելի ու ավելի շատ on-line հրատարակություններ են ի հայտ գալիս այս նոր միջավայրում, սրան գումարած նաեւ սոցիալական ցանցերի հնարավորությունները: Երբ փորձում ենք ընդհանուր օրինաչափությունները ի մի բերել, ապա կարող ենք տեսնել, որ on-line աշխարհը բնորոշվում է 3 շատ կարեւոր առանձնահատություններով: 

1. Օպերատիվություն: Ընդամենը մեկ վայրկյանի ընթացքում ցանկացած լուր կարող է սովորական քաղաքացիներին հասնել: 
2. Բազմակարծություն. այս միջավայրում հատկապես սոցիալական ցանցերում իրենց կարծիքը կարող են ասել բոլոր ցանկացողները: 
3. Ինտերակտիվություն: Ինչպես օն-լայն պարբերականների, այնպես էլ սոցիալական ցանցերի գրառումների հեղինակները հնարավորություն ունեն մյուս օգտատերերի հետ շփվել եւ անմիջապես ունենալ նրանց արձագանքները: 
Սա առաջին հերթին լավագույնն է, որին կարող էինք ձգտել: Բայց այս ամենի կողքին նաեւ մեկ այլ շատ կարեւոր խնդրի ենք ականատես լինում, որը հաճախ դուրս է տարրական էթիկայի սահմաններից: Ազատ արտահայտվելու, դեմ առ դեմ չհանդիպելու եւ վիտուալ միջավայրում անկաշկանդ լինելու հնարավորությունը հաճախ օգտատերերն օգտագործում են` երբեմն չարաշահելով իրենց խոսքի ազատության իրավունքը` վիրավորանք հասցնելով մարդկանց, զրպարտելով, պիտակավորելով, արժանապատվությանն ու մարդկանց բարի համբավին վնաս հասցնելով, հաճախ ասեկոսեները իրական փաստերի տեղ ներկայացնելով, միջամտելով մարդկանց մասնավոր կյանքին, անպարկեշտ արտահայտություններ գրելով: Իսկ մեկ վայրկյան պատկերացնենք, որ այդ բոլոր մարդիկ իրար են հանդիպում ոչ թե վիրտուալ միջավայրում, այլ իրական կյանքում: Արդյո՞ք նրանք կարող էին դեմ առ դեմ կանգնելիս այդքան հեշտությամբ վիրավորել, զրպարտել, բարի համբավը արատավորել: Պատասխանը կարելի է պատկերացնել: Այս ամենը օգտագործելով՝ մեկին կարելի է մի վայրկյանում աստվածացնել, իսկ մյուսի հեղինակությունը ցեխին հավասարեցնել: Մարդկային գիտակցություն է, եթե անգամ ասված սուտ խոսքը հազար անգամ փորձես հերքել, էլի կգտնվի մեկ կամ մի քանի մարդկանց խումբ, որի վրա ազդեցություն կթողնի նույնիսկ իրականությունից շատ հեռու սուտը եւ միայն այն բանի համար, որ առաջինը հենց դա է տեսել եւ որի մասին ինչ–որ մեկը ենթադրել է: Օն-լայն հրատարակությունների գոյությունը թույլ է տալիս նաեւ մեկնաբանություններ թողնել հրապարակված նյութերի տակ: Ու հաճախ վիրավորական արտահայտությունները կարող են հայտնվել հենց դրանցում: Առաջին հայացքից հրատարակությունը մեղավոր չէ: Չէ՞ որ ոչ թե իր տպագրած հոդվածում, այլ դրա տակ գնացող մեկնաբանություններում են եղել վիրավորական ու անպարկեշտ արտահայտություններ: Բայց սա այնպիսի մեծ խնդիր առաջացրեց, որ նման մի դեպքի մի քանի ամիս առաջ Եվրոպական դատարանը անդրադարձավ` քննելով էստոնական մի լրատվամիջոցի գործը: «Delfi AS»-Ն ընդդեմ Էստոնիայի գործով դատարանը որոշեց, որ լրատվամիջոցը պատասխանտու է նաեւ ընթերցողների մեկնաբանության համար: Իսկ ամեն ինչի հիմքում մի հոդվածի պատմություն էր: 2006 –ին էստոնական պարբերականը մի հոդված էր հրապարակել, որի տակ տեղ գտած 185 մեկնաբանություններից 20-ը անձնական վիրավորանք էին պարունակել տվյալ հոդվածում ներկայացված ընկերության խորհրդի անդամներից մեկի հասցեին: Էստոնական դատարանները լրատվամիջոցին պատասխանատվության էին ենթարկել վիրավորական բնույթի մեկնաբանությունների համար: Իսկ Եվրոպական դատարանը փաստորեն արդարացրել էր էստոնական դատական ատյանների գործունեությունը: 
Թերեւս այստեղ արժե ուշադրություն դարձնել երկու հանգամանքի: 
1.Նախ վիրավորական արտահայտություններ են հնչում կոնկրետ մեկի նկատմամբ:
2. Անպարկեշտ ու վիրավորական մեկնաբանությունների առկայությունը անհարգալից վերաբերմունք է ընթերցողի նկատմամբ: Եթե մարդիկ իրար բան ունեն ասելու, դրա համար կարող են մասնավոր զրույցի տարբերակն ընտրել: 

Ի վերջո ամենակարեւոր արժեքը մարդն է, նրա գործունեությունը: Ո՞վ ենք մենք, որ մեզ թույլ տանք վիրավորական ու անպարկեշտ խոսքեր ասել մարդկանց, զրպարտել, բարի համբավը արատավորել` առանց մեր խոսքերի համար պատասխան տալու եւ հաշվետու լինելու դրանց համար: Եթե կան քննադատության ենթակա բաներ, ապա մենք բոլորս իրավունք ունենք քննադատել` միայն փաստեր ներկայացնելով: Բայց միայն օդում ասված խոսքերի դեպքում, որոնք կարող են իրականությանը չհամապատասխանել, նույնիսկ մեր ներողությունը հաճախ չի կարող փոխհատուցել մարդկանց ունեցած վնասները ու առաջին հերթին մարդկանց հոգեկան տառապանքները: Ու ոչ միայն նրանց, այլեւ նրանց երեխաների, ընտանիքի` անկախ նրանից սովորական քաղաքացի է, թե պաշտոնյա: Այս առումով ուշագավ է մի դեպք, որ տեղի ունեցավ անցյալ տարի մեծ Բրիտանիայում: Հրաժարական էր տվել հեղինակավոր BBC կորպորացիայի գլխավոր տնօրենը: Եվ դա այն բանի համար, որ նրանց եթերում հեռարձակված հաղորդման մեջ, որտեղ խոսվել էր երեխաների նկատմամբ սեռական ոտնձգության մասին, նշվել էր, ոչ դրանում կարող է ներգրավված լինել մի լորդ` Մարգարետ Թետչերի ժամանակների: Լորդի անունը BBC-ն չէր տվել, բայց լրիվ ուրիշ մի լրատվամիջոց ենթադրել էր, որ դա կարող է այս մեկը լինել: Բայց BBC-ում համարել էին, որ այդ մարդու բարի անունի արատավորման համար հենց իրենք են պատասխանատու, անգամ այն դեպքում, երբ իրենք ոչ մի անուն չէին տվել: 
Արժանապատվության առումով աստված բոլոր մարդկանց է միատեսակ ստեղծել: Բրիտանացու արժանապատվությունն ավելի թանկ չարժե: Հետեւաբար նաեւ մեզ քաղաքացիներիս տրված այդ ազատությունը առաջին հերթին պատասխանատվություն է` հարգելու ուրիշների իրավունքները: Ու որքան շատ է այդ ազատությունը, այդ պատասխանատվությունն ավելի է մեծ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել