Psymag.am-ը գրում է.
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մարդու առողջության, կյանքի տևողության, ակտիվ աշխատանքային գործունեության ժամանակահատվածի երկարությունը պայմանավորված է մի շարք գործոններով, որոնց ազդեցությունն այդ ցուցանիշների վրա ներկայացվում է ըստ հետևյալ տոկոսային խմբերի.
- մարդու ապրելակերպը պայմանավորող գործոնների ազդեցությունն ամենամեծն է՝ 49-53%: Այդ գործոններից ամենավտանգավորներն են ծխելը, ոչ ռացիոնալ սնունդը, ավելորդ քաշը, ճարպակալումը, ալկոհոլի չարաշահումը և ցածր ֆիզիկական ակտիվությունը,
- գենետիկական և կենսաբանական գործոններ՝ 18-20% ազդեցություն,
- շրջակա միջավայրի գործոններ և բնակլիմայական պայմաններ՝ 17-20%,
- առողջապահական գործոններ, այդ թվում՝ կանխարգելիչ միջոցառումների անարդյունավետություն և բժշկական օգնության ցածր որակ՝ 8-10%:
Ինչպես նկատում ենք, ազդեցության գերակշիռ մասը բաժին է ընկնում մարդու ապրելակերպը բնորոշող գործոններին: Այս խմբի վտանգ ներկայացնող գործոնների զուգակցումը դառնում է մի շարք հիվանդությունների զարգացման պատճառ, կրճատում է կյանքի տևողությունը և այլն: Հետևաբար, գործոնների այս խումբը պետք է դառնա ուշադրության առարկա ոչ միայն առողջապահության և, մասնավորապես, առողջության առաջնային պահպանման համակարգերի համար, այլ, ինչու՞ չէ, նաև ԶԼՄ-ների, պետական ու հասարակական կառույցների համար:
Ներկայացվող խմբում առավել վտանգ ներկայացնող գործոններից է ծխելը: Մեր հասարակությունը լավ չի պատկերացնում ծխելու վտանգն ու վնասակարությունը: Ծխողները լուրջ չեն վերաբերվում ծխելու հետ կապված թե՛ սոցիալական և թե՛ առողջապահական խնդիրներին ու դրանց հետևանքներին:
Այսօր մեր հասարակության մեջ զգացվում է լիարժեք և փաստարկված տեղեկատվության պակաս: Հայաստանյան մամուլում հազվագյուտ են հանդիպում հրապարակումներ, որտեղ վեր են հանվում ծխելու վնասակարությունն ու այն ողջ չարիքը, որն ստեղծում է ծխողն ինչպես իր, այնպես էլ շրջապատի համար: Մինչդեռ վտանգը չի սպասում, այն հաստատուն քայլերով տարածվում է հասարակական կյանքի ամենատարբեր ոլորտներում և ձևավորում «մտահոգիչ» վիճակագրություն: Անդրադառնանք մի քանի թվերի:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով.
- երկրագնդի վրա ծխողների թիվը հասնում է շուրջ 1,1 միլիարդի,
- ծխախոտ օգտագործելը կարող է հանդիսանալ շուրջ 500 միլիոն մարդու վաղաժամ մահվան պատճառ, որոնց կեսից ավելին կկազմեն երեխաները և դեռահասները,
- ծխելու հետևանքով յուրաքանչյուր 10 վայրկյանում մահանում է ևս մեկ մարդ: Ծխախոտն արդեն սպանում է ամեն տասներորդին աշխարհում,
- 2030թ-ին վեց մարդուց մեկը կդառնա ծխելու զոհը և ծխախոտը կլինի մահացության ամենատարածված պատճառը` խլելով տարեկան շուրջ 10 միլիոն կյանք,
- չծխողների համեմատ ծխողները`
13 անգամ ավելի են հիվանդանում սրտի իշեմիք հիվանդությունով,
12 անգամ` սրտամկանի ինֆարկտով,
10 անգամ` ստամոքսի խոցով, - թոքերի քաղցկեղով հիվանդների 96-98% կազմում են ծխողները,
- ծխողների 80%-ն ապրում են եկամտի ցածր կամ միջին մակարդակ ունեցող երկրներում, որտեղ առավել խոցելի խմբերն են երեխաներն ու երիտասարդները:
Ըստ նույն տվյալների զարգացած երկրներում արդյունավետ հակածխախոտային քարոզարշավի արդյունքում զգալիորեն նվազել է ծխախոտային արդյունաբերության շահութաբերությունը, մինչդեռ զարգացող երկրներում այն աճում է: Այս երևույթը, թերևս, պայմանավորված է ծխախոտային արդյունաբերության կողմից աշխատատեղերի ապահովման, զբաղվածության, սոցիալական խնդիրների մեղման ուղղությամբ իրականացվող քայլերով:
Հաշվի առնելով, որ Հայաստանը տակավին զարգացած երկիր չէ, իսկ ըստ փորձագիտական գնահատումների՝ 1996 թվականի համեմատ ծխախոտի սպառումը մեր երկրում բազմապատկվել է, հետևաբար դժվար չէ եզրակացնել, թե ինչպիսի կորուստներ է կրում մեր հասարակությունն այսօր թե՛ աշխատանքային ռեսուրսի նվազման, թե՛ տնտեսական լրացուցիչ ծախքերի աճի, թե՛ տնտեսության զարգացման տեմպերի անկման առումով: Պարզաբանելու համար բերենք մեկ օրինակ: Ծխելու հետևանքով առողջության վատթարացումը բերում է.
- աշխատունակության և աշխատանքի արտադրողականության նվազման,
- ժամանակավոր անաշխատունակության թերթիկների վճարման հետ կապված կորուստների,
- ծխելու հետևանքով առաջացած հիվանդությունների բուժման հետ կապված ծախքերի և այլն:
ԱՀԿ տվյալների համաձայն՝ միայն վերոհիշյալ պատճառներով պայմանավորված կորուստներն աշխարհում հաշվվում են միլիարդավոր դոլարներով:
Նյութն ամբողջությամբ` այստեղ