1in.am-ը գրում է.

Դեկտեմբերի 17-ին Երևանում տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ մարդու իրավունքների շուրջ երկխոսության 5-րդ հանդիպումը: 

ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ երկխոսությունն անցել է բարեկամական, բաց և կառուցողական մթնոլորտում, որի ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն և մտահոգություն ներկայացնող հարցեր, ինչպես նաև՝ մարդու իրավունքների ոլորտում կոնկրետ համագործակցության հնարավորությունները:

Հայկական պատվիրակությունը գլխավորել են ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Եղիշե Կիրակոսյանը, ՀՀ ԱԳՆ ԵՄ բաժնի վարիչ Մհեր Մարգարյանը: ԵՄ պատվիրակությունը գլխավորել է Եվրոպական արտաքին գործերի ծառայության Արևելյան գործընկերության երկկողմ բաժնի պետ Դիրկ Շուբելը: 

Երկխոսության ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանում և ԵՄ-ում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ: Քննարկումները կենտրոնացած էին մասնավորապես մարդու իրավունքների պաշտպանության ազգային համակարգի, դատական բարեփոխումների, ընտրությունների և ընտրական համակարգի, ազատ արտահայտվելու և տեղեկատվության ազատության, հավաքներ անցկացնելու և միավորումներ կազմելու ազատության, քաղաքացիական հասարակության գործունեության և խտրականության դեմ պայքարի շուրջ:

Հայաստանը և ԵՄ-ն քննարկել են նաև մարդու իրավունքների շուրջ համագործակցությունը միջազգային կազմակերպությունների, մասնավորապես` ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի և Եվրոպայի խորհրդի շրջանակներում:

Հայաստանի և ԵՄ միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2009թ-ի դեկտեմբերին: Հանդիպումները տեղի են ունենում տարեկան մեկ անգամ, հաջորդաբար՝ Երևանում և Բրյուսելում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել