Այսօր հանդիպեցի ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի հետ: Հիշեցնեմ, որ երեկ ՀՆՔՄԿ անունից դիմել էի Վերահսկիչ պալատ վերջին մեկ տարում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի արտասահմանյան այցերի հաշվետվության տրամադրման պահանջով: Մեր հանդիպման ընթացքում Զաքարյանը նշեց, որ առաջիկայում մարտի 31-ին ՎՊ-ի կողմից ներկայացվելիք հաշվետվության մեջ առկա են լինելու մանրամասն վերլուծություններ պետական պաշտոնյաների պետական այցերի հաշվետվությունների վերաբերյալ: Զրույցի ընթացքում անդրադարձա նաև «Պարտադիր կենսաթոշակային կուտակումների մասին» օրենքին և նշեցի, որ եթե այսօրվա սոցիալ-տնտեսական այսպիսի օրհասական վիճակում այս պաշտոնյաների նմանատիպ շռայլությունները չլինեին, կառավարությունը ոչ միայն չէր իրականացնի այս գործընթացը, այլ նաև հնարավորություն կունենար բավականին բարձրացնել ՀՀ քաղաքացիների աշխատավարձերն ու կենսաթոշակները: Իշխան Զաքարյանին խնդրեցի հնարավորինս անկախ լինել իր գործելաոճում և մանրակրկիտ վերահսկողության ենթարկել բոլոր ոլորտները: Եթե մենք ունենայինք բարեխիղճ կառավարություն, բոլոր ոլորտների տնտեսումների արդյունքում հնարավորություն կունենայինք արժանապատիվ աշխատավարձեր և կենսաթոշակներ տրամադրել ՀՀ քաղաքացիներին, սակայն բոլորս էլ գիտենք, որ դրա փոխարեն ունենք տարիներ շարունակ համաշխարհային բանկերի վարկային միջոցները մսխած մի իշխանություն, որն այսօր հանդգնում է կուտակային կենսաթոշակների միջոցով հերթական անգամ հարստահարել սեփական ժողովրդին:
Կից նյութն՝ այստեղ