1 Ակնհայտ նմանություններ վուդուի և քրիստոնեության միջև

Առաջին հայացքից թվում է, թե մի կրոն, որում կենտոնական դեր են խաղում հոգեկանչությունն ու նախնիների պաշտամունքը, չի կարող որևէ նմանություն ունենալ քրիստոնեությանը: Այնուամենայնիվ, վուդուի մեջ ներմուծվել են բազում քրիստոնեական ավանդույթներ ու հավատալիքներ (խոսքը Լուիզիանայի և Հաիթիի վուդուի մասին է): Հոգիները վուդուի մեջ առանցքային դեր են խաղում: Դրանց և քրիստոնեական սրբերի միջև հաճախ զուգահեռներ են անցկացվում:
Աիդա Վեդոյին նմանեցնում են Մարիամ Աստվածածնին, Լեգբային` Պետրոս Առաքյալին: Վուդուի մեջ կարևոր հոգիները, որոնց հետ հավատացյալները կապ են հաստատում, կոչվում են «լոա»: Արևմտաաֆրիկյան վուդուի մեջ տարածված է այն քրիստոնեական համոզմունքը, որ գոյություն ունի միայն մեկ երկնային աստված, ով իշխում է բոլորին:
2 Վուդուի մեջ օգտագործվող տիկնիկներ

Վուդուի մեջ օգտագործվող տիկնիկը սովորաբար ասոցացվում է այն մարդու հետ, որի կյանքի վրա ազդելու փորձ է կատարվում: Սովորաբար տիկնիկին ամրացնում են տվյալ մարդու նկարը կամ նրան պատկանող այլ առարկա, օրինակ` մազի փունջ: Տիկնիկը հաճախ օգտագործվում է իբրև ցավ պատճառելու գործիք:
Տիկնիկին ամրացնում են տարբեր իրեր` կախված նրանից, թե ինչպիսի ազդեցություն են փորձում գործել տվյալ մարդու վրա: Այդ իրերից են սխտորը, ծաղկաթերթիկները, օծանելիքը կամ անգամ փողը: Ակնկալվում է, որ համապատասխան հոգիները կարձագանքեն հմայությունը կատարողի խնդրանքներին: Վուդուի մեջ տիկնիկը կարող է օգտագործվել զանազան նպատակներով, սակայն հիմնականում օգտագործվում է բարի նպատակներով: Վուդուի տիկնիկն ինքնին չարիք չէ, սակայն բազում այլ կրոնական խորհրդանիշների նման, այն ևս կարող է վերածվել չարիքի այն մարդու կողմից, ում այն պատկանում է:
3 Վուդուով զբաղվողները հոգիների ծառաներն են

Այն մարդը, ով զբաղվում է վուդուով, հաճախ մեղադրվում է հոգիներին հրամաններ տալու մեջ: Իրականում, սա ճիշտ չէ: Վուդուով զբաղվողներն իրենք են հոգիների ծառաները: Նրանք հոգիներին հրամաններ չեն արձակում, այլ իրենց հարգանքի տուրքն են մատուցում նրանց և խնդրում իրականացնել իրենց ցանկությունները:
Նրանք ծիսակարգեր կատարելուց առաջ երկար ժամանակ նախապատրաստվում են: Այդ ծիսակարգերի ժամանակ նրանց մարմնում բնակվող երկու հոգիներից մեկը` «ti bon ange»-ն (թարգմանաբար` փոքրիկ բարի հրեշտակ) դուրս է գալիս մարմնից, որպեսզի լոայի հոգին մտնի նրա մեջ: «Ti bon ange»-ն այն հոգին է, որ բնորոշ է միայն տվյալ անհատին, իսկ մյուս հոգին` «gros bon ange»-ն, այն հոգին է, որ բնորոշ է բոլոր մարդկանց:
4 Ապաքինում

Շատերը, լսելով վուդուի մեջ օգտագործվող տիկնիկների և վուդուի շուրջ տարածված կարծրատիպերը, կարծում են, որ վուդուն չար կրոն է, որի առաջնորդները իրենց զորությունն օգտագործում են մարդկանց վնաս հասցնելու համար: Իրականում վուդուի մեջ կենտրոնական տեղ է գրավում բուսաբուժությունն ու մարդկանց ապաքինումը: Վուդուական ծիսակարգերի ժամանակ հոգի կանչում են հիմնականում տկարների ապաքինում հայցելու համար:
Վուդուով զբաղվողները խնդրում են ինչպես ֆիզիկական հիվանդությունների, այնպես էլ հոգեկան վերքերի ապաքինում: Օրինակ` վուդով զբաղվողը կարող է խնդրել հոգիներից, որպեսզի նրանք ամոքեն ինչ-որ մեկի կոտրված սիրտը կամ ազատեն նրան մարմնական տկարությունից: Վուդուով զբաղվողները խոստովանում են, որ իրենք ամենակարող չեն, երբ հարցը վերաբերում է ախտորոշելուն ու բուժելուն: Եթե նրանք գտնում են, որ տվյալ մարդու բուժումն իրենց ուժերից վեր է, նրանք խորհուրդ են տալիս օգտվել ժամանակակից բժշկության ընձեռած հնարավորություններից:
5 Վուդուի պանթեոն

Վուդուի պանթեոնը երեք հիմնական բաժին ունի: Ամենավերևում հեռավոր աստվածն է: Նրան հաջորդում է «լոան»` այն հոգիները, որ կանոնավոր կերպով շփվում են մարդկանց հետ: Երրորդ բաժնում մահկանացուներն են:
Վուդուի առանցքային հասկացություններից մեկը այս բաժինների միջև կապն է: Լեգբան ամենակարևոր հոգիներից է, քանի որ նա մահկանացուների և հոգիների միջև կապող օղակ է հանդիսանում: Մահկանացուները հոգիների հետ կապ են հաստատում Լեգբայի միջոցով: Ասում են, որ նա է բացում երկնային և հոգևոր աշխարհների դարպասները:



