Ուղարկիր 07 կոդը 1907 կարճ համարին և փոխանցիր 500 դրամ և օգնիր Արցախյան շարժման մասնակից Ռազմիկ Կարապետյանին : SMS կարող են ուղարկել միայն Beeline Armenia-ի և VIVACELL-MTS-ի բաժանորդները: Ուղարկվելիք SMS-ների քանակը սահմանափակված չէ: Անկախ նրանից` ձեր ուղարկած SMS-ի հաստատումը կստանաք պատասխան SMS-ի տեսքով թե ոչ, ձեր նվիրատվությունը կընդունվի:
Արցախյան շարժման մասնակից, 2-րդ կարգի հաշմանդամ, վանաձորցի Ռազմիկ Կարապետյանը արդեն մի քանի տարի է, ինչ գիշերում է անմիջապես բաց երկնքի տակ, փողոցում՝ երկաթե մահճակալի վրա (լեժանկա): Այս մասին Lorinews.am-ին է ահազանգել հարևան շենքերից մեկի բնակչուհին՝ խնդրելով պատկան մարմիններին միջնորդել, որպեսզի նրան տեղափոխեն ծերանոց կամ այլ նմանատիպ հաստատություն: Պատկերը, որին ականատես եղանք, մեղմ ասած, դժվար է բառերով նկարագրելը. երկաթե մի «լեժանկա», կողքին՝ կոշիկներ, ջրի դատարկ շշեր ու դատարկ պլաստմասե աման, «լեժանկայի» վրա մի քանի տաք բաճկոններ, մի խոսքով՝ հնամաշ հագուստի կույտ: Հագուստի այդ կույտի տակ էլ հենց քնած է նույն ինքը՝ Ռազմիկ Կարապետյանը: Մեզ հետ զրույցում վերջինս պատմեց, որ Արցախյան շարժման տարիներին իր կամքով մեկնել է ռազմաճակատ, այնուհետև՝ գերի ընկել, ինչից հետո բոլորը կարծել են, թե Ռազմիկը էլ հետ չի գա կամ մահացել է, ու վաճառել են ամեն ինչ, տեղափոխվել: Նախքան գերեվարությունը, Ռազմիկն ամուսնացած էր, սակայն կինը ևս հեռացել է՝ նույն կարծիքն ունենալով, որ ամուսինը գերությունից դժվար թե հետ գա: Արցունքները հազիվ պահելով՝ Արցախյան շարժման մասնակիցը պատմեց, որ ինքն արդեն 21 տարի նման պայմաններում է գիշերում. «Էլ կռիշներում եմ քնել, էլ էստեղ, էնտեղ...»: Ասում է՝ դիմել է բոլորին, բայց ոչ ոք իրեն չի օգնել, Երկրապահ կամավորականների միություն էլ է դիմել, այնտեղ ևս չեն օգնել:




Ուղարկիր SMS և օգնիր: Այսպես է BlogNews-ի նախաձեռնած նոր բարեգործական արշավի խորագիրը, որով փորձելու ենք բարի գործ անելու հնարավորություն տալ բոլոր այն մարդկանց, ովքեր ունեն դրա ցանկությունը՝ առանց նրանցից լրացուցիչ ջանքեր ու էներգիա խլելու: SMS-ների միջոցով դրամահավաք կազմակերպելու գաղափարին երկար մտորումների արդյունքում հանգեցինք: Թերևս ամենաուժեղ արգումենտը, որը և հիմնական դրդապատճառն էր, որ անցում կատարեցինք այս համակարգին այն էր, որ ֆիզիկապես այլևս չէինք հասցնում հանդիպել և գումար վերցնել բոլոր այն մարդկանցից, ովքեր ցանկանում էին միանալ այս կամ այն ընտանիքին, հիվանդ մանուկին... օգնելու մեր նախաձեռնություններին: Հետայսու, 1907 համարը այն համարն է, որի միջոցով ՕԳՆԵԼՈՒ ենք: Ու օգնելու ենք նրանց, ովքեր դրա կարիքն իրոք ունեն: Փնտրելու ենք, ուսումնասիրելու ենք, ստուգելու ենք, ապա նոր միայն ձեր դատին ենք հանձնելու հերթական դժբախտ կյանքի պատմությունը, որը լուսավոր ու վառ ենք դարձնելու միասին, ամուր՝ իրար ձեռք բռնած:



