Հաշված րոպեներից կսկսվի «Հայաստանի Ձայնը 2» նախագծի առաջին գալահամերգը: Այս փուլ հասած 12 մասնակիցներից 4-ը հրաժեշտ կտան նախագծին՝ համերգի ավարտին: Արդեն բեմ են դուրս գալիս մարզիչները, և վայրկյաններ անց կմեկնարկի ուղիղ եթերը:

Ի դեպ, Քրիստինե Պեպելյանն իր թիմի երեխաներին քաջալերելու համար տաղավար է դուրս եկել նրանց նկարներով շորով:

Պետք է նկատեմ, որ Հովոյի արտաքին տեսքը մի տեսակ տարակուսանք է առաջացնում, որովհետև նման տարօրինակ շարֆ ես դեռ չէի տեսել՝ վարդագույն ու վարագույրի կտոր հիշեցնող: Նազենիի ձայնն էլ կարծես կտրված է:

Թարմացում

22:11

Վարչապետ Տիգրան Սարգսյանը դարձավ իսկական հեռուստատեսային մեմ՝ իր «Հնարավոր է-Ոչ» արտահայտությունով, երբ Հովոն ու Նազենին էլ օգտագործեցին այս թևավոր խոսքն իրենց հումորային նախաբանում: Վստահաբար, ոչ մի այլ երկրի վարչապետ անգամ այս ֆորմատում դեռ չեն հայտնվել «The Voice» նախագծի շրջանակներում: Գոնե մի բանում վարչապետն առաջինն է:

22:21

Դե ի՞նչ, կարող եմ ասել՝ Միքայել Պողոսյանն է իր սաների հետ է բեմում ու չգիտեմ, թե հեռուստատեսությամբ ինչ հնչեղություն ունի այս կատարումը, բայց տաղավարում այն հրաշալի էր: Իմ կողմից կարող եմ ավելացնել, որ բավականին վաղուց նման հաջող երգ չէի լսել: Կարծում եմ, որ մեր էստրադան հենց նման տեքստերով ու որակյալ երաժշտությամբ կոմպոզիցիաների պակաս ունի: Ինձ շատ դուր եկավ:

Ի դեպ, դահլիճն էլ կիսում է իմ կարծիքը, որովհետև համարն ավարտվեց ինքնաբուխ ավացիաներով:

22:25

Սկսվեց առաջին մրցութային համարը, բեմում Արևիկ Գրիգորյանն է, ով իրոք շատ մեղեդիկ ձայն ունի, ըստ իս, ու ի դեպ, հաճելի է մրցույթի եզրափակիչ փուլում լսել հայերեն գեղեցիկ երգ:

Այս ամենի դրական ֆոնին՝ մի հատ կծող բան էլ ասեմ. տենց էլ չհասկացա, թե ինչ կապ ունեին ժողովրդական մոտիվներով երգի հետ հունա-հռոմեական սյուները, որոնք մտնում էին համարի դեկորացիայի մեջ և էկրաններով էին ցուցադրվում:

22:34

Չեմ հավակնում երաժշտական քննադատ լինելուն, բայց մի այսպիսի բան եմ նկատել. կան կատարողներ, հատկապես արտասահմանյան շոուբիզում, ում երգերը չարժե փորձել կատարել, առավել ևս՝ պարային համարների հետ միասին: Նման կատարողներից մեկն, ըստ իս, Բեյոնսեն է, ով ունենալով հարուստ ձայն ու ֆանտաստիկ պլաստիկա, փայլում է, և նրա փայլի ֆոնի վրա մի տեսակ արժեզրկվում են նրա երգն ու համարը կրկնողները: Իմ կարծիքով, Չինարը հենց այդ ծուղակում հայտնվեց, որովհետև որոշ պահերի նրա ձայնը խեղվում էր, երբ նա հերթական պարային շարժումն էր անում, դե իսկ նրա համարում պարող աղջիկները կարող է հայկական կլուբերում լավ պարողի կարգավիճակ ունենային, բայց համեմատած Բեյոնսեի պարողների հետ.... Մի խոսքով, կարող էր ավելի լավը էլ լինել Չինար Իսոյանի համարը:

22:40

Սյուզաննա Սիրեկանյանի համարի բեմադրությունը, երևի, ամենագեղեցիկն էր՝ թափվող տերևների իմիտացիայով ու ֆոնին նման տեսանյութով, բայց կենդանի կատարմանը հետևելիս մի տեսակ քնեցինք, որովհետև նախ Սյուզաննան շատ իներտ էր ու չէր շարժվում, հետո երգն էր հանգիստ, հետո էլ երաժշտությունն ավելի բարձր էր, քան նրա ձայնը:

22:43

Իսկ դուք գիտե՞ք, որ ֆեյսբուքյան էջի մեկնաբանություններն ու հարցերը ուղիղ եթերում հնչեցնելը, բացի մասնակիցների հետ հետադարձ կապ ապահովելուց, նաև մեկ այլ խնդիր է լուծում. պոլի փայտով հավաքարարները ափալ-թափալ բեմն են սրբում ու տեսքի բերում:

23:06

Ժյուրին հիմա շնորհավորում է ու գովաբանում է մասնակիցներին, սակայն ժյուրիի մեկնաբանությունների տողատակերը կարդալով, իսկ Շուշան Պետրոսյանի դեպքում՝ առանց որևէ տողատակերի, ակնհայտ է, որ թույլ օղակը Չինարն է: Հիմա կհայտարարվեն հանդիսատեսի քվեարկության արդյունքները, որով մասնակիցներից մեկը կվաստակի ուղեգիր դեպի հաջորդ փուլ, իսկ մյուս երկուսից արդեն իրենց մարզիչն է ընտրելու, թե ով է լքում նախագիծը:

23:11

Միքայել Պողոսյանի թիմից «Հայաստանի Ձայնը 2» նախագիծը լքում է Չինար Իսոյանը: Հանդիսատեսն ընտրեց Արևիկին, իսկ Միքայել Պողոսյանը՝ Սյուզաննային: Կարծում եմ, որ ոչ մեկի լեզուն չի պտտվի ասել, որ որոշումն արդար չէր, որովհետև, օբյեկտիվորեն, այսօր ամենաթույլ կատարումը Չինարինն էր: Նշեմ նաև, որ այս ռուսահայ աղջիկը շատ արժանապատվորեն ընդունեց իր պարտությունը:

23:23

Լուսինե Շմավոնյանն անկասկած տաղանդավոր է ու ահավոր արտիիստիկ, ձայնն էլ եմ հավանում, բայց ես մի տեսակ արդար չեմ համարում նրա հետ անփորձ, բայց ոչ տաղանդավոր երեխաների մասնակցությունը, այդ իսկ պատճառով ավելի խիստ աչքով եմ նայում: Ինչևիցե, նրա համարում ինձ ինչ որ բան չէր հերիքում. վստահ չեմ, որ երգն էր հաջող ընդունված ու վստահ չեմ, որ նա իր լավագույն մակարդակով կատարեց այն:

23:26

Աննա Խանչալյանը տաղավարում անգամ իր անունով պաստառ ու երկրպագուների փոքրիկ բանակ ունի:Ճ Իսկ դուք գիտե՞ք, որ թբիլիսյան համով ակցենտով աղջնակը Վրաստանի ընտրանու կազմում Մանկական Եվրատեսիլի հաղթող է եղել: Անխոս, բազմատաղանդ երեխա է ու, վստահաբար, արժանի է հաղթանակի: Շատ գեղեցիկ երգով էլ հանդես եկավ, շատ գեղեցիկ դեկորացիաներով ու ջութակի կատարումով: Ու այնքան լավ է կատարում, որ նստած տեղս փշաքաղվում եմ: Բրավո՛:

23:32

Արա, ախպոր պես, էլի Արթուր Գրիգորիչի երգ... դառել ա մոնոպոլիստ:ՃՃՃՃ Եթե Շահբազյանը էսօր թռնի, ապա դրա մեղավորը կլինի Գրիգորիչի շտամպով հերթական երգը: Չեմ սիրում Գրիգորիչին ու չեմ սիրում միատիպություն:

23:37

Ի դեպ, Շահբազյանը անսպասելիորեն չէր բոյովացել. տակն աթոռ էր դրած :Ճ

23:44

Այսօրվա գալահամերգի գլխավոր ինտրիգին ենք, երևի, ականատես լինելու: Ամենայն հավանականությամբ, հանդիսատեսը կպահի Աննա Խանչալյանին, իսկ Պեպելյանը պետք է ընտրի Շահբազյանի ու Լեոնայի միջև: Արդյո՞ք երկրորդ անգամ Պեպելյանը նախապատվությունը կտա Շահբազյանին:

23:53

Տեխնիկական անձնակազմից օպերատիվ իմացա, որ հեռուստատեսային քվեարկությունում մեծ առավելությունով հաղթել է Խանչալյանը, անգամ տաղավարում ներկաներն էին նրա օգտին քվեարկում: Այնպես որ, տեսնենք, թե Քրիստինեն կընտրի իր ընկերուհո՞ւն, թե....

00:05

Անահիտ Շահբազյանը մնաց նախագծում, իսկ Պեպելյանը թող արդեն պատրաստվի, որ այսօր ու վաղը բոլորը խոսելու են, որ հերթական անգամ օգնեց իր ընկերուհուն: Ազնվորեն ասեմ, երկու ելույթն էլ ամենահաջողը չէին, մեղմ ասած, բայց իմ համեստ կարծիքով, Շահբազյանն այսօր ավելի թույլ էր, քան Լեոնան:

00:13

Մենակ ի՞նձ ա հուզում այն հարցը, թե ինչու Միքայել Պողոսյանն ու Շուշան Պետրոսյանը երգեցին իրենց մասնակիցների հետ, իսկ Պեպելյանը՝ ոչ....

00:17

Շուշան Պետրոսյանի երեք մասնակիցներն էլ փայլուն ձայնային տվյալներ ունեն. նստած էսթետիկական հաճույք եմ ստանում Մանգասարյանի կատարումից՝ ճաշակով երգ, հիանալի կատարում: Այնքան լավ է երգում, որ բալզակյան տարիքի մի տիկին չդիմացավ ու սկսեց պարել հենց տրիբունի վրա:

00:22

Վահե Օգիթյանը ուղղակի իդեալական տեմբր ունի այն երգի համար, որ հիմա կատարում է՝ «Wind of changes»: Վահեի կատարումը չի կրկնօրինակում Սքորփիոնզի լեգենդար կատարումը, այլ նոր համ ու հոտ է մտցնում: Շատ հաճելի ու որակով կատարում: Հատուկ բրավո Շուշան Պետրոսյանին՝ սենց ճաշակով երաժշտություն ընտրելու/ընտրելու վրա ազդելու համար: Փայլեցին երկու մասնակիցներն էլ:

Էս տղեն չի երգում, ինքը ապրում ա ուղղակի երգը: Չեք պատկերացնում՝ ինչ էներգետիկա է հաղորդում:

0:31

Մանե Հանեսյանի նախընտրած երգը, իհարկե, այնքան հիթային չէ, որքան Վահեինը, բայց Մանեն հիթայնության պակասը կոմպենսացնում է իրոք փայլուն վոկալով ու արտիստիզմով: Այսօրվա ամենաուժեղ համարներից մեկն է, անկասկած: Ինչ վերաբերում է Շուշանի թիմին առհասարակ, ապա նշեմ, որ երեկոյի մեջ առաջին անգամ ես չեմ տեսնում ոչ մի ակնհայտ ֆավորիտ, ու երեքից որ մեկն էլ լքի նախագիծը, իրոք ափսոս կլինի:

Ի դեպ, հատուկ շեշտեմ՝ պարային խումբը իրոք կատաստրոֆա ա:

00:45

Աշխարհն էլ շուռ գա, հայ հանդիսատեսը կյանքում կարգապահ չի դառնա: Հազար ձև ասում են, որ 1,5 րոպեանոց ա էս մի գովազդը, տեղերից մի վեր կացեք, բայց մեկ ա, չէ, վայրի ձիերի տաբունի պես սլանում են դեպի դուրս: Նենց որ, երկար գովազդային դադարների համար մեղադրեք ներկա հանդիսատեսին, այլ ոչ թե Արմենիային:

00:49

Մանգասարն անցավ, հիմա ամենաբարդ ընտրությունն ա, որովհետև ինքս էլ չեմ կողմնորոշվում: Ոչ երնեկ Շուշան Պետրոսյանին:

00:52

Իրոք ափսոս՝ Վահե Իգիթյանը դուրս մնաց, ու կարծում եմ, որ բոլորս էլ հույս ունենք իրեն առաջիկայում դեռ տեսնելու:

01:04

Չգիտեմ՝ ով ա Արմեն Հովհաննիսյանի բեմադրիչը, բայց որ հավայի կիթառ ու այլ երաժշտական գործիքներ բռնողներ վերջին անգամ 90-ականներին եմ տեսել՝ փաստ ա: Դե երգի ընտրության մասով էլ կարող եմ ասել, որ Արմենը հաստատ Բրունո Մարս չէ, իսկ ուշադրությունն ավելի շատ է դարձրել կոստյումի ու պարի վրա, քան բուն երգի:

01:08

Վիգենը շատ լավ ձայն ունի: Հավանաբար նախագծի տղաներից ամենահզոր ոկալը հենց նրանն է: Հաճելի ու թեթև համար է, բայց մի տեսակ արտիիստիզմն է քչություն անում իմ համեստ կարծիքով:

01:14

Վալերան շատ-շատ-շատ օրգանիկ ա նայվում բեմում, ոնց որ բեմի վրա ծնված լինի: Կարող է և նրա ձայնն ավելի թույլ է, քան Վիգենինը, բայց ես Վալերային ավելի լավ եմ պատկերացնոււմ աստղային կարգավիճակում, քան Վիգենին, քան Արմենին: Վստահաբար, Հայկոյի թիմի առաջատարն ու հաղթելու համար ամենահավանական թեկնածուն հենց Վալերան է:

01:27

Եթե Նազենիի էս մի հումորը չպատմեմ, ափսոս կլինի: Հովոյի հետ էլի գզվռտվում են գովազդային դադարի ժամանակ, մեկ էլ եսիմ ինչ ասեց Հովոն ու Նազենին ասում ա. - Հովո, հումորդ դախացել ա: - Հնարավոր ա: - Չլինի՞ Արսեն Գրիգորյանի հետ շատ ես շփվում:ՃՃՃ

01:36

Եվ այսպես, պարզվեց նաև այսօրվա գալահամերգների արդյունքում նախագիծը լքող վերջին մասնակցի անունը: Հանդիսատեսի քվեարկության արդյունքում նախագծում մնաց Վիգեն Ահարոնյանը, իսկ Հայկոն իր ընտրությունն արեց հօգուտ Վալերա Մայրոմյանի, իսկ նախագիծը լքեց Արմեն Հովհաննիսյանը: Այսպիսով, հաջորդ գալահամերգին կմասնակցի 8 մասնակից. Արևիկ Գրիգորյանը, Սյուզաննա Սիրականյանը, Աննա Խանչալյանը, Անահիտ Շահբազյանը, Քրիստինա Մանգասարյանը, Մանե Սարգսյանը, Վիգեն Ահարոնյանը և Վալերա Մայրոմյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել