Կուզեի խոսել այս թեմայի մասին հատկապես դեռահաս աղջիկների հետ: Չէ՞ որ հենց այդ տարիքում են երիտասարդ աղջիկները լուրջ սխալներ գործում, որոնց հետևում են հսկայական խնդիրները:
Հիմա փոքրիկ երեխաներն անգամ գիտեն, թե ինչ է սեքսը: 15-16 տարեկանում բազմաթիվ աղջիկներ սկսում են սեռական կյանքով ապրել: Գուցե դու էլ մտածում ես. «Իսկ ինչու՞ ես սպասեմ. բոլորն են դրանով զբաղվում, ինչու՞ զրկեմ ինձ այդ հաճույքից»: Իհարկե որոշումը դու ես կայացնում, բայց կուզեի մի-փոքր զրուցել քեզ հետ:
1. Պետք է նախապես որոշես` երբ և ում հետ սկսել սեռական կյանքը: Դա պետք է գիտակցված որոշում լինի, այլ ոչ կատարվի պահի ազդեցության տակ:
2. Սեքսը սեր չի ծնում, սեքսի միջոցով երբեք սիրո չես արժանանա: Ուստի եթե շտապես սեքսի հարցում, հետո ընկերդ հոգնի քեզնից, քեզ դատարկ ու ստորացված ես զգալու:
3. Կյանքում առաջին սեքսը շատ կարևոր է: Պետք է սեքսուալ առաջին փորձդ ստանաս այն մարդուց, ում իսկապես սիրում ես, քանի որ առաջին սեքսը հիշվում է ողջ կյանքում: Եթե առաջին սեքսից վատ էմոցիաներ ստանաս, հնարավոր է, որ սկսես զզվել սեքսից:
4. Անպայման հիշիր հետևանքների մասին: Եթե քեզ բավականաչափ հասուն ես համարում սեքսի համար, ապա պետք է մեծավարի վերաբերվես դրան, այսինքն ամբողջ պատասխանատվությամբ: Միշտ հույսդ դիր ոչ թե ընկերոջդ, այլ քեզ վրա: Հիշիր անցանկալի հղիության, սեռավարակների, ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի մասին:
Երբեք մի սկսիր սեռական կյանքը, եթե դրա պատճառն է`
-բոլոր ընկերներդ ապրում են սեռական կյանքով,
-համարում ես, որ արդեն մեծ ես, և ամոթ է կույս լինել,
-ընկերդ կլքի քեզ, եթե չքնես նրա հետ,
-լավագույն ընկերուհիդ ասում է, որ սեքսը հիանալի բան է:
Վերոնշյալ պատճառները լուրջ չեն: Սեքսը սիրո և վստահության բարձրագույն մակարդակն է, և դրան պետք է վերաբերվել ամենայն լրջությամբ:
Պատահում է, որ թեև պատրաստ էիր սեքսին, բայց դրանից հետո փոշմանում ես: Սկսում ես վախենալ, որ հիմա ընկերդ քեզնից միայն դա կպահանջի, կօգտագործի քեզ, ապա կլքի: Լացում ես, անհանգստանում… Քեզ նրանից կախված ես զգում, կարծես թե նա քո մի մասնիկն է քեզնի խլել:
Եթե որոշել ես դեռևս չշտապել, ապա աշխատիր որքան հնարավոր է քիչ առանձին մնալ հետ, որպեսզի բանը չհասնի դրան: Չէ՞ որ երբ տղան գրգռված է լինում, շատ դժվար է նրան կանգնեցնել: Նրան շատ բան թույլ մի տուր, եթե պատրաստ չես լուրջ քայլերի:
Սեռական հասունացման ժամանակ տղաները 70% դեպքերում միայն սեքսուալ առումով են ցանկանում աղջիկներին, իսկ աղջիկների մոտ հակառակն է` դեպքերի 70%-ում նրանք սիրահարված են լինում և նուրբ զգացմունքներ են ունենում:
Բազմաթիվ տղաներ օգտագործում են մի քանի միջոց, որպեսզի հասնեն իրենց ուզածին.
1. Սուտ խոստումներ
Սա թերևս ամենագործածական մեթոդն է, չէ՞ որ այնքան հեշտ է համոզել հիմար սիրահարված աղջկան: Առանց այդ էլ նրա ուղեղում պայծառ ապագայի մտքեր են, իսկ եթե մի քիչ էլ գույն տալ դրանց, նա ընդհանրապես կկորցնի իրեն: Տղաները սկսում են լվանալ աղջիկների ուղեղը, ոսկե սարեր խոստանալ, երդվել հավերժական սիրո մասին և համոզել, որ սեքսը միայն կմիավորի իրենց:
2. Սպառնալիքներ
Նույնպես տարածված մեթոդ է, թեև կոպիտ: Տղան սպառնում է աղջկան, որ եթե իր հետ չքնի, ապա իրենք կբաժանվեն: Հուսահատված աղջիկը, վախենալով նման հեռանկարից, ստիպված համակերպվում է: Նա մտածում է, որ այդպես իր կողքին կպահի տղային, և իրենց մոտ ամեն ինչ հեքիաթի պես կլինի:
3. Պայման
Նման մոտեցումը նույնպես աղջկան փակուղու առջև է կանգնեցնում: Ի՞նչ անի աղջիկը, երբ տղան իրեն ասում է. «Եթե սիրում ես ինձ, ապացուցիր»: Աղջիկն իրեն կորցնում է, ախր նա սիրում է տղային, ուստի պետք է ապացուցի: Բայց սերն ապացուցում են հոգատարությամբ, ուշադրությամբ, բայց ոչ սեքսով:
4. Համոզումներ
Սա ամենապարզունակ մեթոդն է: Տղան համոզում է աղջկան. «Արի սեքսով զբաղվենք, այ կտեսնես, թե որքան դուրդ կգա, խոսք եմ տալիս` չեմ ցավեցնի, զգույշ կլինեմ: Բոլորն էլ զբաղվում են, ի՞նչ կա որ»: Այսինքն ամեն կերպ հրահրում է աղջկան այդ քայլին` համոզելով, որ դա շատ նորմալ բան է:
Ահա մի քանի արտահայտություն սեքսից հրաժարվելու համար`
-Ես ատում եմ, երբ ինձ ինչ-որ բան են ստիպում:
-Ես չեմ զգում, որ պատրաստ եմ դրան:
-Համարում եմ, որ դեռ բավականաչափ լավ չեմ ճանաչում քեզ:
-Ոչ, և մի ստիպիր ինձ մտածել, որ եթե հրաժարվեմ, կլքես ինձ:
Մի քանի եզրափակիչ խոսք:
Սիրելի աղջիկներ
Եթե տղան իսկապես ձեզ սիրում է, ապա երբեք ձեր առջև պայմաններ չի դնի, չի ստիպի, չի համոզի, չի ճնշի: Սիրող տղան կասի. «Ես քեզ սիրում եմ և պատրաստ եմ սպասել այնքան, որքան պետք է»: Գուցե ընկերոջդ պայմաններն ու սպառնալիքները բացատրվում են նրա տարիքով, աղջիկների հետ շփման բացակայությամբ, ինտելեկտով: Այդ դեպքում պետք չի չարանալ. պետք է պարզապես հիշել, որ տղաներն ավելի ուշ են հասունանում աղջիկներից:
Անկեղծորեն խորհուրդ եմ տալիս բոլոր աղջիկներին չշտապել սեքսով զբաղվելու հարցում: Շատ աղջիկներ են զղջում, որ վաղ տարիքում են սկսել սեռական կյանքը:
Հիշիր մի քանի պայման, որի դեպքում ավելի լավ է չսկսել սեռական կյանքը.
-դուք այդքան էլ վաղուց չեք հանդիպում,
-դու վստահ չես նրա վրա,
-բարոյապես պատրաստ չես դրան,
-չի լրացել 16 տարեկանդ: