1in.am-ը գրում է.

Առողջապահության համաշխարհային չափանիշների համաձայն՝ այն երկիրը, որտեղ տղամարդկանց անպտղությունը 15 տոկոսը գերազանցել է, մտահոգվելու տեղիք է տալիս: Ինչպես լրագրողների հետ հանդիպմանը նշեց սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը, Հայաստանը ևս դասվում է այն երկրների շարքին, որտեղ տղամարդկանց անպտղությունը գերազանցում է 15 տոկոսը. «Անպտղությունը նման է ժանգի, որը թույլ չի տալիս ձևավորվի հիմնական բջիջը, որը կոչվում է ընտանիք»:

Ըստ նրա՝ սովորության համաձայն՝ մեզանում միայն կինն է դիմում բժշկի, հանձնում անալիզներ, իսկ տղամարդը մնում է ստվերում, պետք է պայքարել այս կարծրատիպի դեմ: Սեքսապաթոլոգը նշեց, որ անպտուղ է համարվում այն ամուսնությունը, երբ մեկ տարվա առանց պաշտպանվելու կանոնավոր սեռական հարաբերությունների դեպքում հղիություն չի գրանցվել: 

Ինչ վերաբերում է անպտղության պատճառներին, ապա դրանք բազմազան են: Դրանցից մեկը արտագնա աշխատանքի հետևանքով ձեռք բերված սեռավարակներն են, որոնք մնում են սեռական գեղձերում և բերում սեռական օրգանների բորբոքումների, որի արդյունքում տղամարդու սերմնահեղուկը դառնում է անկենսունակ:

Անպտղության պատճառ կարող են հանդիսանալ հորմոնային խանգարումները, որոնք պատանիների շրջանում արտահայտվում են ճարպակալմամբ: Ինչպես փաստեց բանախոսը, մեզանում պետք է ուժեղացվի պատանեկան բուժսպասարկման ոլորտը: 

Վրեժ Շահրամանյանն ասաց, որ մեզանում անպտղության համար կան տեղական պատճառներ, որոնք են երկրաշարժի հետևանքները, ցուրտ ու մութ տարիները և դրա հետևանքով ի հայտ եկած բարդությունները: 

Անպտղությունը կանխելու համար շատ կարևոր է ապրել առողջ սննդակարգով, չչարաշահել ծխելը, սակավաշարժ կենսակերպով չապրել. «Շատ կարևոր է ճիշտ ներքնազգեստի ընտրությունը, պետք է չկրել կիպ ներքնազգեստ և տաբատներ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել