1in.am-ը գրում է.
Վիեննայում ավարտվել է խորհրդակցությունների հերթական փուլը Իրանի և «վեցյակ»-ի միջև: Այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի պատվիրակության ներկայացուցիչների հայտարարությունը:
Բանակցությունների արդյունքների մասին, որոնցում պետք է սահմանվեն նոյեմբերին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ուղիները, չի հաղորդվում: Գործակալության տվյալներով՝ Իրանի պատվիրակությունը հինգշաբթի լույս ուրբաթ գիշերը ավարտել է բանակցությունները «վեցյակի» հետ, որպեսզի խորհրդակցությունները քննարկի Թեհրանում:
Նախօրեին Վիեննայում Իրանի պատվիրակությունը բանակցություններ է վարել նաև Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հետ:
Նոյեմբերի 11-ին Թեհրանում ԱԷՄԳ-ը և Իրանի կառավարությունը պայմանավորվել են համագործակցության ընդլայնման մասին, իսկ նոյեմբերի 24-ին Ժնևում «վեցյակի» ներկայացուցիչները Իրանի հետ պայմանավորվել են, որ վերջինս կսահմանափակի ուրանի հարստացումը Թեհրանի հանդեպ գործող միջազգային պատժամիջոցների մեղմացման դիմաց: