Ըստ Պլատոնի՝ պետության լավագույն ձևը պետք է նախ՝ օժտված լինի ինքնակազմակերպման ունակությամբ և արտաքին ներխուժումներից պաշտպանվելու բավարար միջոցներ ունենա, երկրորդ՝ հասարակության բոլոր խավերին ապահովի անհրաժեշտ նյութական բարիքներով, երրորդ՝ երաշխավորի բարձր հոգևոր գործունեության զարգացումը:
Պլատոնը պոլիսային կյանքի առանցքը դարձնում է արդարությունը, իսկ մարդուն՝ դրա իրականացման «նյութ»: Ազատության և գերագույն կատարելության սուբյեկտը ոչ թե առանձին քաղաքացին կամ խավն է, այլ ամբողջ պետությունը:
Պլատոնը գտնում է, որ մասնավոր կյանքում և տնտեսվարության ոլորտում որոշ ազատության դիմաց արտադրողները զրկվում են քաղաքացիական իրավունքներից և չեն մասնակցում պետության կառավարմանը: Սակայն նրանք մնում են ազատ: Արդար և կատարյալ պետությունը երկրային բարձրագույն արժեքն է: Այդ իսկ պատճառով մարդն է ապրում հանուն պետության և ոչ պետությունը՝ հանուն մարդու:
Քանի որ այս աշխարհում կատարվող ամեն ինչ ենթակա է կործանման, հետևաբար՝ լավագույն պետությունը չի կարող հավերժ գոյություն ունենալ, բայց պետք է ենթարկվի քայքայման: Կառավարման լավագույն ձև հանդիսացող իդեալական ազնվապետության բարոյական անկման արդյունքում առաջանում է մասնավոր սեփականությունը, ազատները վերածվում են «ստրուկների»: Առաջանում է թիմոկրատիան՝ փառասերների իշխանությունը: Դա տոհմիկ ազնվականության կառավարումն է, որն իշխում է ոչ թե փիլիսոփայական իմացության, այլ իր ծագման պատճառով: Սա կառավարման խառը ձև է, որն ընդգրկում է ազնվապետության և օլիգարխիայի տարրեր: Հարատև պատերազմները, երկպառակտումները և ընչաքաղցությունը հանգեցնում են հսկայական հարստության կուտակման՝ մասնավոր անձանց մոտ, ինչի հետևանքով թիմոկրատիան փոխարինվում է օլիգարխիայով, երբ իշխանությունը պատկանում է մեծահարուստների փոքր խմբին, իսկ չունևորները առհասարակ չեն մասնակցում կառավարմանը: Պետական այս կարգը պահպանվում է ռազմական ուժի և վախի շնորհիվ: Օլիգարխիան համընկնում է պլուտոկրատիա կոչվող կառավարման ձևի հետ: Աղքատների աճող ատելությունը հանգեցնում է պետական հեղաշրջման և ժողովրդավարության հաստատման: Ժողովրդավարության թերությունն ու թուլությունը, Պլատոնի կարծիքով, պատշաճ կառավարման բացակայությունն է բացակայությունը, անտարբերությունն ու անհարգալից վերաբերմունքը օրենքների նկատմամբ: Նրա համար անընդունելի է, որ ժողովրդավարությունը, իրականացնելով հավասարության սկզբունքը, իրավունքներով հավասարեցնում է հավասարներին և անհավասարներին: Ավելին, տարված «անխառնազատությամբ»՝ ժողովրդավարությունը վերածվում է իր հակադրությանը՝ բռնապետության (տիրանիա): Այլ կերպ ասած, ժողովրդավարության օրոք անհամաչափ ազատությունը գործնականում վերածվում է բացարձակ ստրկության: Ընդ որում, տիրանը սովորաբար հասնում է իշխանության որպես «ժողովրդի դրածո»: Նրանք հաճախ պատերազմը օգտագործում են իբրև միջոց, որպեսզի ժողովրդի մեջ առաջնորդի անհրաժեշտություն առաջացնի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել