Allsport.am-ը գրում է.
Աշխարհահռչակ «World Soccer» ամսագրի վարկածով 2013 թվականի լավագույն ֆուտբոլիստը Պորտուգալիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն է:
Ամեն տարի «World Soccer»-ը հարցում է անցկացնում աշխարհի տարբեր երկրների սպորտային լրագրողների և ֆուտբոլային փորձագետների շրջանում` լավագույնին ընտրելու համար: Լրագրողները և փորձագետներն ընտրում են տասը լավագույններին:
Ռոնալդուն, ով նախորդ 12 ամիսների ընթացքում փայլուն խաղ է ցուցադրել «Ռեալում» և Աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակում Պորտուգալիայի հավաքականում, 1075 ձայն է ստացել: Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Լիոնել Մեսսին. արգենտինացին արժանացել է 926 ձայնի: Լավագույն եռյակը եզրափակել է Ֆրանսիայի հավաքականի և «Բավարիայի» առաջատար ֆուտբոլիստներից Ֆրանկ Ռիբերին` 870 ձայն:
Ներկայացնում ենք առաջին տասնյակը.
- Կրիշտիանու Ռոնալդու 1075
- Լիոնել Մեսսի 926
- Ֆրանկ Ռիբերի 870
- Զլատան Իբրահիմովիչ 658
- Արյեն Ռոբեն 324
- Նեյմար 286
- Ֆիլիպ Լամ 255
- Ռոբին վան Պերսի 251
- Ռոբերտ Լևանդովսկի 250
- Գարեթ Բեյլ 187
«World Soccer»-ի լավագույնների ցանկում կա նաև Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի անունը: Մխիթարյանը Մարիո Բալոտելլիի, Ջանլուիջի Բուֆֆոնի, Կրիստիան Էրիկսենի, Ռայան Գիգզի և մի քանի այլ ֆուտբոլիստների հետ ստացել է 1 ձայն և վերջիններիս հետ կիսում է 69-80 հորիզոնակաները:
Հավելենք, որ տարվա լավագույն մարզիչ անվանակարգում հաղթող է ճանաչվել Յուպ Հայնկեսը, ով նախորդ մրցաշրջանում «Բավարիայի» հետ նվաճեց բոլոր հնարավոր տիտղոսները: