Քո օրերի մեջ թափառելուց հետո,երբ որոշես հանգստանալ այս աշխարհի օրենքներից,երբ զզված կլինես սառը գարեջրից ու ծխախոտով սուրճ վայելելուց,դու կնկատես,թե ինչպես են սրտիդ զարկերը հիշեցնում անցած-գնացած օրերի մասին:Վաղուց մոռացված,պատանեկան ժպիտդ կնստի շուրթերիդ ու կկորչի ժամանակն էլ,աշխարհն էլ…Դու կհիշես միայն մեկին ու կթվա,թե միակ անկեղծ մարդը նա է եղել:Երազի նման քաղցր,երազի նման անիրական կդառնա ամեն բան:Կհասկանաս,որ փոշոտ մատյանիդ էջերում թողել ես մեկին:Մի ծանոթ կարոտ հարմար կտեղավորվի սրտումդ և կթվա,թե միակ սիրող մարդը նա է եղել…Ժամանակի հետ կռվում պարտված,դեղնած հիշողությունդ կվերցնես ու կփնտրես հին արահետներ.ահա,գտար այգին,կարծես լսում ես ջրի ձայնը,ձեր բալենին է,մայրիկիդ պատրատած սպասի հոտն ես առնում:Դպրոցիդ դասասեղանն է,որի վրա անհոգաբար անունդ ես փորագրել..Ու երևի կնկատես մի մեծ բացատ հուշերիդ ճմրթված,հնացած էջում:Եվ գուցե թվա քեզ,թե միակ հեքիաթը նա է եղել…
Քեզ երբևէ ցավեցնել չեմ ցանկացել:Ոչ մի խոսքով,ոչ մի փշով խոցել չեմ կամեցել,բայց գիտեմ:Հաստատ գիտեմ,որ կթուլացնես փողկապիդ կապերը,կմոտենաս բաց պատուհանին և անթթվածին օդը կօղակի պարանոցդ,ու կթվա,թե…Երբ ուղղակի հոգնած կլինես ամենօրյա հաճոյախոսություններից:Երբ դրամապանակիդ պարունակությունը կթվա սովորական,երբ կոշիկներիդ վրայի փոշին այլևս չի նյարդայնացնի քեզ և, երբ զարթուցիչդ կնետես հատակին ու կասես. <<Հերն էլ անիծած>>:Կթվա…
Քեզ ոչ մի խոսքով,ոչ մի հայացքով խոցել չեմ ցանկացել,սակայն գիտեմ, երբ աղբամանը կնետես ժամացույցներիդ ծանր կապոցը,կհասկանաս, թե ինչու են մարդիկ կորցնում,հետո նոր միայն զղջում:Ինչու են թողնում,հետո ափսոսում,նեղացնում,հետո ներում հայցում:Գուցե կհասկանաս,թե ինչու են հեռանում և փնտրում դարձի ճամփաներ…
Երբ հոգնած կլինես բոլոր զանգերից:Երբ պոկված կոճակով վերնաշապիկդ տեսնելիս չես ասի.<<Յախք>>….Երբ աչքերդ հոգնածորեն կպտտեցնես սենյակի ողջ ձգվածությամբ:Երբ ջրի մարդուն դադարես ասել.<<Էլի դու…>>…
Երբ հոգնած կլինես այս աշխարհի բոլոր օրենքներից…
Ն.Գրիգորյան
14.06.12