NewsBook.am-ի զրուցակիցն է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի գիտական մասի գծով տնօրեն, քաղաքական վերլուծաբան Մանվել Սարգսյանի հետ.
- Անընդհատ զուգահեռներ են անցկացվում մեզ ու Ուկրաինային պատած ընդհանուր ցավի` երկիրը Մաքսային միություն քարշ տալու որոշմանն արձագանքելու տարբերության մասին: Ըստ Ձեզ, ինչո՞ւ Ուկրաինայի քաղաքացիներն ադեկվատ արձագանքեցին իրենց երկրին սպասվելիք աղետին, իսկ մերոնք, մեղմ ասած, այսքան պասիվ:
- Հայաստանում երբեք էլ քաղաքական-հասարակական օրակարգի գերխնդիր չի եղել արտաքին քաղաքական կողմնորոշման հարցը: Այդ հարցը լայն առումով երբեք չի մտել դիսկուրսիաների կենտրոն: Իհարկե, հասարակական որոշ խմբերի, քաղաքական որոշ ուժերի կողմից քննարկումներ եղան, բայց ոչ այնպես, որպեսզի այդ քննարկումներն ու հավաքները մեծ ազդեցություն ունենային հասարակական լայն զանգվածների գիտակցության վրա: Մեր դեպքում հասարակական ընկալումները խիստ տարբեր են Ռուսաստանի դերի, նշանակության և նրա հետ հարաբերությունների կառուցման հարցում: Իսկ Ուկրաինայի պարագայում եվրաինտեգրումը դարձել է համաժողովրդական խնդիր, ազգային գաղափարի պես մի բան: Հայաստանյան կուսակցություններից շատերն անգամ հստակ դիրքորոշում չեն հայտնում այս հարցի վերաբերյալ, որովհետև նրանք էլ չեն հասկանում, թե ճիշտն ու սխալը որն է: Ավելին, անընդհատ հիշեցնում են պատերազմի վերսկսման հավանականության և անվտանգության մասին:
- Այնուամենայնիվ, Մարդու իրավունքների պաշտպանության օրը կայացավ ՀԱԿ-ի նախաձեռնած երթը, որին միացան Շանթ Հարությունյանի համախոհները, կենսաթոշակային օրենքի և տրանսպորտի թանկացումների դեմ պայքարողները, առանձին ՀԿ-ներ, մարդու իրավունքների պաշտպաններ: Կարծեք, ամեն բան հրաշալի է: Բայց մի տարօրինակ միտում նկատվեց` երթից հետո Շանթ Հարությունյանի համախոհները բողոքել էին, թե ինչու էին ՀԱԿ ակտիվիստները վանկարկել «Սերժիկ, հեռացիր», իսկ ՀԱԿ համակիրները դժգոհել էին, թե ինչու էր միայն Շանթ Հարությունյանի նկարը բարձրացված` որպես քաղբանտարկյալ, չէ՞ որ նա միակ քաղբանտարկյալը չէ:
- Գաղափարական տարաձայնություններն արտահայտվում են բոլոր հասարակական-քաղաքական միջոցառումների ժամանակ, որտեղ տարբեր ուժերի կոնսոլիդացում է նկատվում: Ի վերջո, Մարդու իրավունքների պաշտպանության օրն էր: Թվում էր` մարդկանց դա է միավորել, բոլորը դուրս են եկել ի պաշտպանություն մարդու իրավունքների: Բայց ստացվեց այնպես, որ երթը կազմակերպող ուժը խոսում էր Սերժ Սարգսյանին եւ ռեժիմը հեռացնելու մասին. ես չգիտեմ, թե այդ հարցը որքանով էր հետաքրքրում մարդկանց: Հարցն այն է, որ նման հավաքների պարագայում պետք է խնդիրները հստակ դրվեն, որպեսզի մարդիկ հասկանան, թե ինչի համար են հավաքվել:
- Բայց տրամաբանական չէ՞ Սերժ Սարգսյանի եւ ռեժիմի հեռացման պահանջը: Չէ՞ որ, ի վերջո, հենց Սերժ Սարգսյանի ձեռամբ եւ ռեժիմի օրոք կատարվեց այն, ինչ կատարվեց:
- Իհարկե, տրամաբանական է: Խոսքը միջոցառման մասին է, թե ինչքանով է այդ հավաքը հստակություն մտցնում հավաքված քաղաքացիների գիտակցության մեջ: Գաղափարական չհստակեցված վիճակը դժվարացնում է հասարակության հետագա մոբիլիզացիան: Ի դեպ, Ուկրաինայում էլ վեճեր են գնում, թե արդյո՞ք արժե Եվրոպայի հետ ասոցացման խնդիրը կենտրոնում պահել, թե՞ ոչ: Առաջարկներ կան մի կողմ թողնել այդ հարցն ու զբաղվել իշխանական խնդիրներով, կամ` եթե Ուկրաինան ուզում է Եվրոպա գնալ, ապա կարելի է տեղում կառուցել եվրոպական երկրի չափորոշիչներին համապատասխան պետություն: Այսինքն, եթե երեկվա երթի նպատակը Սերժ Սարգսյանի հեռացումը պահանջելն էր, մենք պիտի հասկանայինք, որ հենց դրա համար ենք հավաքվել: Արդյունքը պետք է ցույց տար հավաքի նպատակը: Ցանկացած լղոզված ձեակերպում տանելու է պարտության:
- Պարոն Սարգսյան, Դուք քաղաքացիական հասարակության ձևավորման ջատագովներից եք: Անձամբ Դուք ի՞նչ քայլեր եք նախաձեռնել, որպեսզի երկրի համար այս օրհասական օրերին քաղաքացիական հասարակություն ասվածն ավելի ակտիվ դրսևորվի, որովհետև էլ ե՞րբ պիտի ակտիվանա, եթե ոչ այս ժամանակներում:
- Մարդիկ պայքարում են ու արդյունքների են հասնում, երբ շատ լավ են պատկերացնում իրենց առջեւ դրված խնդիրը և դրա լուծման ձեւերը: Մնացած դեպքերում հնարավոր է ապահովել անարդյունավետ ակտիվություն: Քաղաքացիական շարժումն ունի իր ալգորիթմը, տրամաբանությունը, հարցադրումները, գործելակերպը: Կուսակցական միջոցառումը բոլորովին ուրիշ բան է և չի կարելի խառնել մեկը մյուսի հետ «Հայեր, միացեք» սկզբունքով:
- Այնուամենայնիվ, տպավորություն է, որ քաղաքացիական նախաձեռնությունների համար, ասենք, տրանսպորտի թանկացումն ավելի հրատապ խնդիր է, քան երկիրը Մաքսային միության ջարդված սայլին կցելու հարցը:
- Որովհետև տրանսպորտի թանկացման ժամանակ մարդիկ հստակ գիտեին, թե ինչ խնդիր է իրենց առջև դրված և ինչպես պետք է լուծել այդ հարցը: Իսկ Մաքսային միության պարագայում քաղաքացիական հասարակությունը չի ակտիվանում, որովհետև բազմաթիվ քաղաքական ուժեր, այդ թվում և ոչ իշխանական կուսակցություններ` իրենց սպասարկու լրատվամիջոցներով, կողմ են Մաքսային միությանը:
Հարցազրույցը՝ Մարինա Բաղդագյուլյանի